Հայերեն   English   Русский  

​Նվեր կառավարության 100 օրվա կապակցությամբ. ԿԲ-ն նվազեցրեց կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը


  
դիտումներ: 2277

Ամառային արձակուրդի ընթացքում լրացավ Հայաստանի նոր կառավարության գործունեության 100 օրը: Իսկ 100-օրյակը, սկսած Բոնապարտի ժամանակներից, այն ժամկետն է, երբ ինչ-որ չափով որոշակիանում է կառավարությունների կամ իշխանությունների գործունեության պատկերը:

Այս առիթով դիտարկենք Հայաստանի տնտեսական կյանքը, ձեռքբերումներն ու արձանագրած ցուցանիշները:

Արտադրանքը նվազել, բայց ակտիվությունն աճե՞լ է

Այս տարվա հուլիսին, ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2013 թ. հուլիսի համեմատ, աճել է 7.2 տոկոսով: ԱՎԾ-ի հրապարակման համաձայն` 2014 թ. հունվար-հուլիսին, 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նույն ցուցանիշն աճել է 4.1 տոկոսով, այսինքն` մարդիկ ավելի ակտիվ են գործարարությամբ զբաղվել, տնտեսությունը սկսել է ավելի դինամիկ զարգացումներ արձանագրել և այլն: Ստացվում է, որ 2014 թ. հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է տնտեսության բոլոր ոլորտներում արձանագրված աճի հաշվին:

Ուշադրություն դարձնենք. սա այն դեպքում, երբ ՀՀ կենտրոնական բանկն անցած շաբաթ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը: Ըստ այդ կանխատեսման` այս տարի մեր տնտեսությունը կաճի 3.9 տոկոսով` 2014 թ. պետբյուջեի հիմքում դրված 5.2 տոկոս աճի կանխատեսման փոխարեն: ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրի համաձայն` տնտեսական աճը պետք է լիներ 5 տոկոսի սահմաններում: Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերում 2014 թ. համար կանխատեսվում էր 5-7 տոկոս տնտեսական աճ:

Տնտեսական աճի կանխատեսման նվազումը, ըստ ԿԲ հաշվետվության, պայմանավորված է Հայաստանի առևտրային և ներդրումային գործընկեր Ռուսաստանից եկող բացասական ազդեցությունների խորացմամբ:

Ի դեպ, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ևս «Հայկական ժամանակի» հետ զրույցում չի բացառել, որ ՀՀ այս տարվա բյուջեի կատարման հետ կապված ռիսկեր կարող են լինել, ինչը պայմանավորված է տնտեսության սպասվող թույլ աճով: Իսկ այդ թույլ աճը փոխնախարարը պայմանավորել է Ռուսաստանի տնտեսության մտահոգիչ իրավիճակով:

ԿԲ-ն այս համատեքստում կանխատեսում է նաև Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտների աճի տեմպի էական նվազում:

Փաստորեն ԿԲ-ն, ի տարբերություն ԱՎԾ-ի, ավելի արդար է գտնվել ու որոշ օբյեկտիվ իրողությունների վրա աչքերը չի փակել: Մասնավորապես ԿԲ հաշվետվության մեջ նշվում է, որ 2014-ի երկրորդ եռամսյակում պահպանվել է տնտեսական ցածր ակտիվությունը և շարունակվել է գնաճային միջավայրի մեղմումը, ինչի արդյունքում տնտեսական աճը տատանվել է 3.4-3.6 տոկոսի սահմաններում:

Սա, ի դեպ, երևում է նաև նույն ԱՎԾ-ի այլ հրապարակումից, երբ դիտարկում ենք տնտեսության իրական հատվածի, մասնավորապես` արդյունաբերության թողարկած արտադրանքի ծավալների այս տարվա առաջին 7 ամսվա արդյունքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքների հետ: Ապրանքախմբերի մեծ մասում այս տարի ոչ թե արտադրության ծավալների աճ, այլ անկում է գրանցվել:

Հետևաբար, հարց է առաջանում` եթե երկրի արդյունաբերությունում կամ ավելի ստույգ` արդյունաբերության մի շարք հիմնական ճյուղերում անկում է արձանագրվել, աճ արձանագրվել է հիմնականում գյուղատնտեսության ոլորտում, որն էլ, հասկանալի է, սեզոնային բնույթ ունի, ապա ինչպե՞ս է ԱՎԾ-ն տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ կանխատեսել, մանավանդ երբ ԿԲ-ն տնտեսական ավելի փոքր աճ է կանխատեսում: Չլինի՞ գնաճի «շնորհիվ», որ որոշ թվեր ավելի «չաղ» են երևում` անցյալ տարվա թվերի համեմատ:

Ռուսաստանի վրա հույս չդնեք

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ինչպես գրում է «Ведомости»-ն, «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքները վկայում են, որ ռուսաստանցիները զգում են պատժամիջոցների ազդեցությունը: Հարցվածների 76 տոկոսը խոստովանել է, որ արդեն բախվել կամ ապագայում կբախվի գնաճի:

Այս գարնանը սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության ու դրա հետևանքով Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ տնտեսական պատժամիջոցների հետևանքով կտրուկ վատթարացավ ռուսական տնտեսության վիճակը` մոտեցնելով այն ճգնաժամայինի: Ու քանի որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական խոշորագույն գործընկերն է, պարզ է, որ ռուսական տնտեսությունում նկատվող անկումն այսպես թե այնպես պետք է անդրադառնար մեր երկրի տնտեսության վրա: Ահա և ազդեցությունը` տնտեսական աճի տեմպի զգալի նվազման կանխատեսումը Կենտրոնական բանկի զեկույցում:

«Հայկական ժամանակին» ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել է նաև, որ ԿԲ-ի կանխատեսած 3.9 տոկոս տնտեսական աճը կարելի է լավատեսական համարել, աճը, պայմանավորված իրավիճակի հետագա զարգացումներով, կարող է նաև ավելի ցածր լինել: Այսինքն` ամեն ինչ կախված է նրանից, թե հետագայում ինչ տեղի կունենա Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում, թեկուզ հենց եկող տարի, որովհետև սա դեռ հակամարտության առաջին տարին է:

Թեև տնտեսական ոլորտի որոշ պատասխանատուներ ու ներկայացուցիչներ վստահ ասում են, թե ամեն ինչ լավ կլինի, արդարության համար տեղեկացնենք, որ օրեր առաջ ՌԴ կառավարությունն արդեն իսկ ներկայացրել է Ռուսաստանի բյուջեի 2015 թ. նախագիծը, որում զետեղված ցուցանիշները ցույց են տալիս, որ ՌԴ կառավարությունը եկող տարվա համար բացասական հեռանկարներ է կանխատեսում: Մասնավորապես 2015 թ. կդիտարկվի ներդրումների ծավալների անկում, բնակչության եկամուտների գրեթե զրոյական աճ, արտահանման նվազում, խոշոր չափերի ինֆլյացիա և այլն: Տնտեսական աճի կանխատեսման առումով էլ ռուսները զուսպ են, ընդամենը 1 տոկոս տնտեսական աճ են կանխատեսել, ինչը հենց ռուս փորձագետների ու մասնագետների գնահատմամբ է չափազանց լավատեսական, քանի որ իրավիճակն անհամեմատ ավելի վատ կարող է լինել: Սա, իմիջիայլոց, Հայաստանի եկող տարվա սպասելիքներին ու կանխատեսումներին ընդառաջ: Այսինքն` չպետք է Ռուսաստանում իրավիճակի բարելավման վրա հույս դնել:

Այս ամենի խորապատկերում Հայաստանի Հանրապետության 100-օրական կառավարությանը կմնա երկու բան, երկուսն էլ` արդարացման կարգով. առաջին` բացասական երևույթների համար մեղադրել նախորդ կառավարությանը, երկրորդ` անկումներն ու ձախողումներն արդարացնել ռուսական տնտեսության ճգնաժամով ու մեկ-մեկ էլ մեղադրել լրագրողներին ամեն ինչ սև գույնով ներկայացնելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: