Հայերեն   English   Русский  

​Իրանն ու Արևմուտքը ջերմացնում են իրենց հարաբերություններն ու Հայաստանի հույսերը


  
դիտումներ: 1263

Հուլիսի 14-ին Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» պատմական համաձայնություն ձեռք բերեցին միջուկային ծրագրի շուրջ: Իրանը համաձայնեց 15 տարվա ընթացքում ուրանը 3.67 տոկոսից բարձր չհարստացնել, ինչի դիմաց ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մասնակիորեն կհանեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: ԵՄ-ն կդադարեցնի նավթային էմբարգոն և բանկային պատժամիջոցները, Իրանին թույլ կտան օգտվել բանկային Swift էլեկտրոնային համակարգից: Առևտրական ու ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաև ԱՄՆ-ն: Վիեննայում «վեցյակն» ու Իրանը պայմանավորվեցին նաև ակտիվացնել տնտեսական համագործակցությունը: Իսկ Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները կհանվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից իրանական ատոմի վերաբերյալ վերջնական եզրակացություն տրամադրելուց հետո:

Սա, ինչ խոսք, նոր իրավիճակ է ստեղծում ոչ միայն Իրանի, այլև մեր տարածաշրջանի, ամբողջ Մերձավոր Արևելքի ու, առհասարակ, համաշխարհային քաղաքական ու տնտեսական միջավայրերի համար: Մեզ, սակայն, հետաքրքրում է, թե ինչ կտա համաշխարհային հանրության ու Իրանի միջև հարաբերությունների բարելավումը Հայաստանին:

Հարևան Իրանի զարգացումը, ինչպես հուլիսի 20-ին Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կօգնի ողջ տարածաշրջանին. «Իրանի զարգացումը և նրա լիարժեք մասնակցությունը միջազգային գործընթացներին բխում է Հայաստանի շահերից»,- ասաց նա:

Մասնագետներն ու վերլուծաբանները համոզված են, որ Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ձեռք բերված համաձայնությունը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար: Համաձայնագրի իրականացման և Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցների վերացման դեպքում հայկական կողմը կարող է խորացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը առևտրի, փոխադրումների, տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության, էներգակիրների և բազում այլ ոլորտներում:

Ինչպես «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին, Իրանի հետ առևտուրը Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը 5 տոկոսն է կազմում, ինչի պատճառը պատժամիջոցներն էին, և Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուն պես` Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն: «Ի լրումն` Հայաստանն իր տարածքով դեպի Եվրոպա իրանական գազ տեղափոխելու իրական հնարավորություն է ստանում, ինչը հավանական է նույնիսկ Ռուսաստանի հակազդեցության դեպքում»,- ասել է Սթրոնսկին:

Արևտմյան պատժամիջոցները հանելուց հետո, ինչպես նշում է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, Իրանը կնվազեցնի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, այդ թվում` Հայաստանից, որովհետև պատժամիջոցների տարիներին Իրանը ներմուծման շատ բարձր մաքսատուրքեր էր կիրառում, որպեսզի փակ արտահանման պայմաններում պահանջարկ ստեղծի սեփական արդյունաբերության համար: Եվ հիմա, երբ Իրանի արտահանման ճանապարհը բացվում է, առաջ կգա նաև Իրանի շուկան այլ երկրների համար բացելու հարցը: «Իսկ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ Իրանի հսկայական շուկայում ոչ մեկին չի խանգարի: Մի քանի ամիս առաջ ՀՀ ղեկավարությունն ուրախանում էր ԵՏՄ անդամակցությամբ և 180 միլիոնանոց շուկայով: Հիմա հենց մեր դիմաց բացվում է Իրանի 70 միլիոնանոց շուկան, որը լավ այլընտրանք կարող է դառնալ Ռուսաստանում տնտեսական բարդությունների լույսի ներքո»,- ասաց Մակարյանը:

Իսկ Իրանում, ինչպես Երևանում լրագրողներին ասաց իրանցի փորձագետ Փուիա Հոսեինը, կարող է պահանջված լինել Հայաստանի ցանկացած արտադրանք. «Իրանը շատ մեծ շուկա է, որը կարող է ձեռք բերել ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ: Այդ պատճառով սահմանափակումներ գրեթե չկան, շատ դժվար է ասել ներկրման համար ցանկալի մթերքները: Երկու երկրներն էլ իրար շատ բան կարող են առաջարկել»,- նշել էր իրանցի փորձագետը:

Բայց Իրանի հարցում սառույցի հալվելը բոլոր առումներով չէ, որ դրական է մեզ համար: Չպետք է մոռանալ, որ այն կարող է նաև որոշակի բացասական տարրեր պարունակել, քանի որ Թեհրանը նավթի շուկայում խոշոր խաղացող դառնալու հնարավորություն է ստանում: Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմեր Գաբրիելի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը նախատեսում է ավելացնել նավթի արտադրությունը:

«Իրանում գազի արտադրությունը գերազանցում է օրական 1 մլրդ խմ-ը վերջին երեք օրերին: Ավելին, նավթի արտադրությունը, ինչպես սպասվում էր, հասնելու է օրական 4,7 մլն բարելի»,- ասել է Զանգանեն` հավելելով, որ Իրանը նոր նավթային պայմանագիր կներկայացնի օգոստոսի 23-ից հետո: Այս առնչությամբ արժե հիշել, որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև համաձայնության լուրերից հետո նավթի համաշխարհային գների անկում նկատվեց. վերլուծաբանների կարծիքով` շուկան այդպես արձագանքեց իրանական միջուկային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությանը: Ու եթե իրանական գազն ու նավթը մտնեն միջազգային շուկա, նավթի համաշխարհային գները դարձյալ կարող են փոփոխություններ կրել` նվազման միտումով: Իսկ սա, ինչպես արդեն Հայաստանում նկատեցինք անցյալ տարի, երբ նավթի գները վերջին 20 տարվա կտրվածքով ռեկորդային ցածր մակարդակ ունեցան, միանգամից բացասաբար է ազդում Ռուսաստանի տնտեսության վրա, որի համար նավթն ու գազն առանցքային նշանակություն ունեն:

Իսկ թե դա ինչ հետևանք է ունենում Հայաստանի տնտեսության համար` գիտենք անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր:

Ամեն դեպքում դրական ակնկալիքները իրանական խնդրի կարգավորման համատեքստում կարծես ավելի շատ են, քան բացասականները: Համենայն դեպս, սա Հայաստանի համար նոր հնարավորությունների դաշտ է, և հիմնականում Հայաստանից է կախված, թե որքանով կկարողանա օգտվել այս հնարավորությունից:

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իրանական «Դոնյայե էղթեսադ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին, ինչի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներ: Այս տարվա սկզբից էլ մեր պաշտոնյաները տարբեր առիթներով կրկնում էին, որ Իրանի նկատմամբ տնտեսական էմբարգոն զգալիորեն վերացվելու է, նոր իրավիճակ է ստեղծվելու և այլն: Այսինքն` այս օրվան պատրաստվելու համար Հայաստանն առնվազն 3-4 ամիս ուներ, որի ընթացքում, սակայն, տեսանելի գրեթե ոչինչ չարվեց, բացառությամբ Իրան-Հայաստան երկաթուղին կառուցելու պատրաստակամության վերահաստատման: Գոնե այժմ հայկական կողմը պետք է շատ արագ կշռադատի ու հասկանա իր անելիքները և անհապաղ «թևերը քշտած» գործի անցնի, քանի որ մեզ համար իրապես ստեղծվել է քաղաքական ու տնտեսական դիվերսիֆիկացիայի հիանալի հնարավորություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: