Հայերեն   English   Русский  

​ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում նոր տեղաշարժեր են նշմարվում


  
դիտումներ: 1871

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հերթական անգամ բացահայտ սպառնաց հայկական կողմին, թե Ադրբեջանը կարող է մեկ շաբաթում Հայաստանում քարը քարին չթողնել... Իրավիճակն առավել չսրելու և կրքերին տուրք չտալու նկատառումներից ելնելով` հայկական կողմը սա անպատասխան թողեց, սակայն հենց Ադրբեջանն էլ հասկացավ սեփական հայտարարությունների անհեթեթությունը և բոլորովին հակառակը սկսեց պնդել: Բայց փաստը մնում է փաստ, որ արդեն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է «համը հանում»:

«Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է միջազգային խաղաղապահ ուժեր մտցվեն տարածաշրջան, և նշել է, որ «օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին համալիր կարգավորման շրջանակներում»:

Իհարկե, արդեն Երևանում նույն Ուորլիքը հավելյալ նշեց, թե առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման Ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում հնարավոր չէ, թե «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում ինքն ասում է` ոչ մի բան դեռևս վերջնական համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, թե այդ կարգավորման տարրերից մեկը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, որը բանակցային կետերից մեկն է և այլն:

Ուորլիքի հայտարարությանը զուգահեռ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ժամանակն է ինտենսիվացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները և հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրությունները` հնարավոր է այդ առաջընթացն ապահովել:

Այսինքն` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մտել է որոշակի ակտիվացման փուլ, առավել ևս, որ համանախագահները ասացին` փորձում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել: Հետաքրքիր է, թե ինչ նոր առաջարկություններ պետք է դրվեն բանակցային սեղանին, իսկ որ ինչ-որ բան կդրվի` ակնհայտ է:

Ադրբեջանական կողմից ռազմական հռետորաբանության ակտիվացումը, այնուհետև Ուորլիքի և Լավրովի ակնարկ-հայտարարությունները, մեր պաշտպանության գերատեսչության ղեկավարների հայտարարությունները, թե Հայաստանն այսօր լիովին ի վիճակի է կործանիչ հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության դեպքում, ապա ռուսական կողմից Հայաստանին սպառազինությունների գնման համար 200 մլն դոլար արտոնյալ վարկի տրամադրումը, Հայաստանի կողմից ձեռք բերվելիք գերժամանակակից զինատեսակները, որոնք կվերականգնեն հայ-ադրբեջանական սպառազինությունների խախտված հավասարակշռությունը և այլ այսպիսի «մանրուքներ» հուշում են, որ ինչ-որ պրոցես է խմորվում:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, օրինակ, վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս պահին չի կարող կարգավորվել, նախապայմաններ չկան, քանի որ հակամարտությունները լուծվում են երեք տարբերակով` բանակցությունների, պատերազմի ու միջազգային հանրության ճնշման ներքո, իսկ այս դեպքում երեք տարբերակներն էլ չեն «գործում»:

«Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ բանակցելու, ո՛չ էլ զիջումների գնալու, հետևաբար բանակցություններով կարգավորման հասնել հնարավոր չէ, պատերազմ Հայաստանն ու Արցախը չեն ուզում, իսկ Ադրբեջանը չի կարող, քանի որ դրա համար ռազմա-քաղաքական նախադրյալներ չկան, իսկ միջազգային խաղացողների մոտ էլ լուրջ տարաձայնություններ կան, ու այդ ճնշումը չի լինի»,- նշեց Հարությունյանը:

Տարաձայնությունները, ըստ նրա, հիմնականում պայմանավորված են այն հարցով, թե ով պետք է հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայի: Եվ իրոք, նույն Ուորլիքը Երևանում հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ լուծման բանակցային կետերից մեկը պետք է լինի միջազգային խաղաղապահների տեղակայումը. «Համապարփակ կարգավորման շրջանակում բանակցությունների միջոցով պետք է համաձայնություն ձեռք բերվի մի շարք տարրերի շուրջ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը, հարակից տարածքների վերադարձը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ: Բացի դրանից, պետք է լինեն անվտանգության իրական, ամուր երաշխիքներ, ինչը ենթադրում է նաև միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում»,- նշում էր Ուորլիքը:

Եվ քանի դեռ դիվանագիտական ու քաղաքական հարթությունում պրոցեսներ են հասունանում, Ադրբեջանը շարունակում է սահմանում ու շփման գծում իր սանձարձակ գործողութունները: ԼՂ ՊԲ-ից ստացվող տեղեկատվության համաձայն` հուլիսի 12-ից սկսած, պարբերաբար, գրեթե ամեն օր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը: Ընդ որում, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառում է նաև 60 և 82 մմ ականանետեր, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր:

Առհասարակ Արդբեջանը միշտ էլ այսպիսի շանտաժների դիմում է, երբ առջևում կամ ընթացքում բանակցություններ, հանդիպումներ, ինչ-ինչ գործընթացներ են սպասվում: Այս անգամ էլ բացառություն չէ: Վերջին շրջանում, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի մեկնաբանությամբ, մենք տեսնում ենք, որ բանակցային գործընթացներն ավելի արագ են զարգանում, տարբեր նպատակների հանդիպումներ են լինում Մինսկի խմբի համանախագահների ու անգամ արտաքին գործերի նախարարների մակարդակով, և ամենայն հավանականությամբ, պաշտոնական Բաքուն հերթական անգամ այդ բանակցությունների գործընթացի ակտիվ փուլը վերսկսելուն ուղղված խոչընդոտող քայլեր է անում և լարված պահելով սահմանի իրավիճակը` փորձում է կասեցնել և թույլ չտալ, որ բանակցային գործընթացը վերսկսվի: Ինչևէ: Հավանաբար արդեն ոչ հեռու ապագայում պարզ կլինի, թե համաշխարհային հանրությունն ինչ է նախապատրաստել մեզ համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: