Հայերեն   English   Русский  

​Տնտեսական մրցակցության պաշտպանությունը


  
դիտումներ: 2675

Մրցակցային իրավունքի զարգացումը կապվում է ԱՄՆ-ի հետ: Համարվում է, որ հենց ԱՄՆ-ում է ստեղծվել մրցակցային իրավունքը: Դա կապված է XIX դարի վերջում ԱՄՆ-ում ընդունված առաջին մրցակցային օրենքի հետ (Շերմանի ակտ 1890 թ.), իսկ երկրորդ նմանատիպ օրենքն ընդունվել է Գերմանիայում, 1896 թ. («Անբարեխիղճ մրցակցության մասին»): Մրցակցային նորմերն ի սկզբանե ուղղված են եղել մենաշնորհների դեմ:

Համանման օրենք է ընդունվել նաև Հայաստանում: 2000 թ. դեկտեմբերի 15-ին ուժի մեջ մտավ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը նպատակ ունի պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

Որպես նորմալ տնտեսական մրցակցությունը խոչընդոտող գործողություններ սահմանվեցին և կարգավորվեցին վարքի հետևյալ դրսևորումները. 1. հակամրցակցային համաձայնություններ, 2. մենաշնորհ կամ գերիշխող դիրք, 3. համակենտրոնացում, 4. անբարեխիղճ մրցակցություն, 5. պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողություններ:

1.Հակամրցակցային համաձայնությունները (կարտելները) տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքներն են, համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման:

2.Մենաշնորհ դիրք ունեցող է համարվում այն տնտեսվարող սուբյեկտը, որը մրցակից չունի: Գերիշխող դիրք ունեցող է համարվում այն տնտեսվարող սուբյեկտը, որը 1) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող, չի հանդիպում էական մրցակցության, 2) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա, 3) կամ դուրս մղելու այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից 4) կամ խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, 5) կամ որպես իրացնող կամ ձեռք բերող` իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:

3.Համակենտրոնացում է համարվում տնտեսվարող սուբյեկտների միացումը, միաձուլումը, մեկ տնտեսվարող սուբյեկտի կողմից մյուսի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը և ավելին ձեռք բերելը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի արդյունքում մեկը մյուսի որոշումների վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդելու հնարավորույթուն է ստանում:

4.Անբարեխիղճ մրցակությունը ձեռնարկատիրական գործունեության այն գործողությունը կամ վարքագիծն է, որը հակասում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջև կամ վերջիններիս ու սպառողների միջև բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:

5. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող գործողություն կամ վարքագիծ է համարվում` 1) տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը և (կամ) կիրառումը, 2) ձեռնարկատիրական գործունեության արգելումը կամ սահմանափակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, 3) տնտեսվարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, 4) սպառողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է նրանց` ապրանքների ազատ ընտրության իրավունքը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսվեց տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմին` հանձնաժողով:

Վարազդատ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: