Օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը
Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում`միջինը կազմում է 70-75% , այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում` 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է` պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:
Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում` 40-60 մմ, նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11 մմ:
Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում` 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում` 1-4 օր:
Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն` 15-21 օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր:
Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ: