Հայերեն   English   Русский  

​« Կոռուպցիայի դեմ պայքարելու հասարակական մեծ պահանջ կա». Վազգեն Մանուկյան


  
դիտումներ: 2393

- Պարո՛ն Մանուկյան, հուլիսի 28-ին տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էիք նաև Դուք` որպես խորհրդի անդամ: Ինչո՞ւ իշխանությունները որոշեցին նման խորհուրդ ստեղծել, և ինչո՞ւ համաձայնեցիք ներգրավվել այդ խորհրդի աշխատանքներում:

- Նման խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը բխում է երկու հանգամանքից. առաջին` կոռուպցիայի դեմ պայքարելու հասարակական մեծ պահանջ կա, և իշխանությունները ինչ-որ ձևով պետք է արձագանքեն դրան, երկրորդ, որը շատ կարևոր է, Արևմուտքի կողմից Հայաստանի առջև կոռուպցիայի դեմ պայքարելու հստակ պահանջ է դրված Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Պետք է ասել, որ արևմտյան երկրներն այնքան էլ հիմար չեն, նրանք մշակված մեխանիզմներ ունեն տարբեր երկրներում, լինեն եվրոպական, ասիական կամ աֆրիկյան, թե ոնց կարելի է քայլ առ քայլ նվազեցնել կոռուպցիան: Եվ նրանք հիմա կցանկանան այս խորհրդի միջոցով այդ մեխանիզմները կիրառել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու համաձայնեցի ներգրավվել խորհրդի կազմում, որովհետև գիտակցում եմ, որ մեխանիզմներ մտցնելով` հնարավոր է էապես նվազեցնել կոռուպցիան: Բացի այդ, Հանրային խորհուրդը չի կարող անմասն մնալ մի գործից, որը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին: Իհարկե, ժամանակը ցույց կտա` այդ խորհուրդը ձևակա՞ն բնույթ է կրում, թե՞ իսկապես կարող է իր ստանձնած պարտավորություններն իրականացնել:

- Հանձնաժողով, խորհուրդ կամ նման որևէ կառույց ստեղծելով` հնարավո՞ր է նման մեծ խնդիր լուծել:

- Չեմ կարծում, որ որևէ երկրում որևէ հանձնաժողով կարող է կոռուպցիան վերացնել: Կարող է ազդել չափերի, տարածման վրա: Ընդհանրապես մարդկանց թվում է, որ եթե երկրի ղեկավարության կարևորագույն 15-20 հոգին ազնիվ լինեն, ապա երկրում կոռուպցիա չի լինի: Թվում է, թե ճանապարհը դա է` ընտրել ազնվագույն ղեկավարություն, և հարցը կլուծվի: Այդ ճանապարհով շատ երկրներ գնացին: Երբ դառնում էին դեմոկրատական կամ անկախություն էին ստանում, շատ հաճախ հենց առաջին իշխանություններն էին լինում բավական կոռումպացված, որից հետո հեղափոխական պայքար էր գնում ազնիվ մարդկանց իշխանության բերելու համար: Երբեմն այդ ազնիվ մարդիկ գալիս էին իշխանության, բայց որոշ ժամանակ անց պարզվում էր, որ նրանք էլ են կոռումպացված: Երբեմն ազնիվ ղեկավարը գալիս էր իշխանության, սակայն իշխանական էլիտան որոշ ժամանակ անց նրան վերացնում էր: Օրինակ` Աֆրիկայի Վերին Վոլտայի Հանրապետությունում, երբ մի գնդապետի գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարելով` հեղափոխականները իշխանությունը վերացրեցին և նույնիսկ երկրի անունը փոխեցին` դարձնելով Բուրկինա Ֆասո, այսինքն` ազնիվ մարդկանց երկիր, որոշ ժամանակ անց այդ ղեկավարին սպանեցին:

Մյուս տարբերակն այն է, որ գալիս են իշխանության ազնիվ ղեկավարներ, որոնց իշխանության օրոք կառուպցիան էապես նվազում է, սակայն նրանց գնալուց հետո կրկին նույն իրավիճակն է ստեղծվում, որովհետև համակարգային փոփոխություններ չեն կատարվում: Հետևաբար, շատ կարևորելով ազնիվ իշխանություն ունենալը, այնուամենայնիվ կարծում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ, որպեսզի խնդիրն անձերից կախված չլինի:

Իմ կարծիքով` այդ հարցն առաջինը ճիշտ հիմքերի վրա դրեցին Միացյալ Նահանգների այսպես կոչված` հիմնադիր հայրերը. նրանք ասացին` իհարկե լավ կլինի, որ մեր երկրի նախագահն ու մյուսները լինեն ազնվագույն մարդիկ, բայց մենք պետք է Սահմանադրությունը գրենք` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ոք սրիկա է և իր անձնական շահերն է հետապնդում` ցանկանալով առավելագույն իշխանություն և առավելագույն փող: Եվ այդպես նրանք Սահմանադրությունը փորձեցին կառուցել` ստեղծելով այնպիսի հակակշիռներ, որ նույնիսկ ամենավատ մարդը, գալով իշխանության, չկարողանա իր շահերն առաջ տանել: Այդպես հիմք դրվեց, որ որոշ երևույթների դեմ ոչ թե բարոյախոսությամբ կամ ազնիվ մարդկանցով է միայն պետք պայքարել, այլև համապատասխան համակարգ տեղծելով:

- Հայաստանում հնարավո՞ր է ներդնել նման համակարգ:

- Հայաստանում կոռուպցիան խորացած է ամենուրեք, և միշտ փոքր կոռուպցիայի մեջ գտնվողները նախանձում են ու բամբասում խոշոր կոռուպցիայի մեջ գտնվողներին: Բայց նորից համաշխարհային, հատկապես` արևմտյան երկրների փորձը ցույց է տալիս, որ համակարգը պետք է հնարավորինս ավտոմատացված լինի, քանի որ փողը կարող է դեր խաղալ, երբ ինչ-որ պաշտոնյա հնարավորություն ունի այո կամ ոչ ասելու: Իր բոլոր թերություններով հանդերձ` ավտոմատացված համակարգն էապես կրճատում է կոռուպցիան և կաշառակերությունը: Դրական փորձեր Հայաստանում կարելի է տեսնել, օրինակ` վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը բավականին հեշտացել և թափանցիկ է դարձել, կադաստրի հարցերը, այդ մեկ պատուհանի ներդրումը և այլն: Այսինքն` Հայաստանում որոշակի համակարգեր կան, որոնք կամաց-կամաց բարեփոխվում են: Ես կարծում եմ, որ այս խորհուրդը կկարողանա այդպիսի հարցերը ինչ-որ չափով լուծել:

Երկրորդը պատիժների հարցն է: Եթե պաշտոնյան համարժեք պատիժ չի կրում, ինչի՞ մասին է խոսքը: Բայց գերագնահատել պատիժը նույնպես չի կարելի: Հայտնի օրինակ է, որ Անգլիայում XIX դարում, երբ փոքր գողության համար մարդուն կախաղան էին հանում ժողովրդի աչքի առաջ, որպեսզի մարդիկ վախենան, հենց այդ արարողության ժամանակ գրպանահատները շարունակում էին գողություն անել, որովհետև երկիրն աղքատ էր: Եվ այդ հարցը լուծվեց ոչ թե ավելի շատ գողերի կախաղան հանելով, այլ երբ Անգլիան մի քիչ հարստացավ և այդ հարստությունը մի քիչ ավելի հավասարաչափ բաշխվեց ժողովրդի միջև: Ստալինը, որ այդքան դաժան էր և շատ հարցեր կարողանում էր երկրի ներսում լուծել գնդակահարություններով, չկարողացավ գրպանահատներին ու գողերին վերացնել, որովհետև երկիրն աղքատ էր: Գրպանահատները նվազեցին, երբ Խորհրդային Միությունը կամաց-կամաց սկսեց քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովել ժողովրդի համար:

Շատ երկրներում էլ կոռուպցիա կա, բայց հասարակ քաղաքացին իր կենցաղում դրան չի էլ առնչվում, դա վերևներում է:

Ինչ վերաբերում է վերևների կոռուպցիային, ապա դրա դեմ պայքարելու մեխանիզմները մի քիչ այլ են: Դու չես կարող այնպես անել, որ վերևներում էլ ամեն ինչ ավտոմատացված լինի: Վերևում գտնվողները պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն: Դրա համար երեք կարևորագույն լծակ կա, որոնք պետք է գործեն. առաջինը դատական անկախ համակարգն է, երկրորդը` մամուլի և խոսքի ազատությունը, որը պետք է հնարավորություն տա ներկայացնելու հասարակությանը իշխանությունների գործունեությունը, երրորդը` արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը: Այդ երեքն ապահովելով` կարելի է էապես նվազեցնել կոռուպցիան երկրում:

Չեմ կարող ասել, թե հանձնաժողովն ինչ ճանապարհով կգնա, այնուամենայնիվ առաջին նիստի ժամանակ դրվեցին որոշ կարևոր խնդիրներ, այն, որ շատ բան պետք է ավտոմատացնել և ստեղծել այնպիսի համակարգ, որ կոռուպցիայի ռիսկերը նվազեն, որոշ պատիժներ խստացնել և այլն:

- Պարո՛ն Մանուկյան, խորհրդի կազմում ընդգրկված որոշ պաշտոնյաների ներկայությունը հավատ չի ներշնչում հասարակությանը, որ խորհուրդը կարող է իսկապես պայքարել կոռուպցիայի դեմ և փոխել իրավիճակը երկրում:

- Մի կողմ թողնելով գնահատականները խորհրդի կազմի մասին` հիշեցնեմ, որ մեր ողջ նախկին խոսակցությունը վերաբերում էր հենց նրան, որ հնարավոր է նույնիսկ այդպիսի մարդկանց ձեռքով համակարգն ավտոմատացնել և բերել այնպիսի վիճակի, որ մարդուց հնարավորինս քիչ բան կախված լինի, մինչև որ հարցը կհասնի իրենց: Բայց մինչև իրենց հասնելը գոնե հնարավոր է դա անել: Շատ երկրներում հենց այդպես էլ եղել է:

Բայց որպեսզի այդ խորհրդի գործունեությունն արդյունավետ ու բովանդակալից լինի, շատ կարևոր է, որ այդ աշխատանքներին մասնակցի ողջ հասարակությունը` հասարակական կազմակերպություններով ու կուսակցություններով:

Նախևառաջ պետք է տալ ճշգրիտ սահմանումը, թե ինչ է նշանակում կոռուպցիա, քանի որ դա միայն կաշառակերությունը չէ: Բովանդակային տեսանկյունից ճիշտ կլինի կազմել մի ցուցակ, որտեղ կներառվեն Հայաստանում առկա կոռուպցիաների բոլոր տեսակները բոլոր ոլորտներում, և ամեն մեկի դիմաց գրել դրա դեմ պայքարի միջոցառումներն ու մեխանիզմները:

Ինչ վերաբերում է այն հույսերին, որ մենք պետք է ունենանք ազնվագույն, անթերի էլիտա, որը պետք է փոխի իրավիճակը, ցավոք, դժվար թե նման բան լինի: Շատ կարևոր է ազնվությունը, կարևոր է պատիժներ սահմանելը, բայց նաև կարևոր է այնպիսի համակարգի ստեղծումը, որ կոռուպցիայի հնարավորությունները նվազագույնի հասցվեն: Երբ դա լինի` խնդիրը կմնա ամենավերևների դեմ պայքարելը, իսկ ամենավերևների դեմ պայքարելու հիմնական երեք սկզբունքների մասին արդեն ասացի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: