Հայերեն   English   Русский  

Հաշտարարություն


  
դիտումներ: 2720

Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների շարքում առանձին տեղ է գրավում հաշտարարությունը (մեդիացիան), երբ մի երրորդ անձ կողմերի կողմից ներգրավվում է վեճի մեջ և փորձում է կողմերին հաշտեցնել` առաջարկելով երկուստեք շահավետ և ընդունելի լուծումներ:

Այս ինստիտուտը վեճերի լուծման այլընտրանքային եղանակներից, օրինակ` արբիտրաժից տարբերվում է նրանով, որ ի տարբերություն վերջինիս` վեճի լուծումը չի իրականացնում վճռահատությամբ, այլ կերպ ասած` հաշտարարը (մեդիատրը) վեճի արդյունքում չի կայացնում որոշում, որը հատուկ է դասական արդարադատությանը, այլ փորձում է իրավաչափ և փոխշահավետ լուծումներ փնտրել կողմերի համար: Հենց այս ճկունության մեջ է հաշտարարության ինստիտուտի արդյունավետությունը:

Այս ինստիտուտի նախատիպերը կարելի է գտնել դեռևս Հին աշխարհի երկրների աղբյուրներում: Այդ առումով հայտնի է Հուստինիանոս կայսեր օրենսգիրքը (դիգեստ), որով կարգավորվել է նաև հաշտարարի ինստիտուտը, այն միջնորդի, որի նպատակն է լուծել կողմերի միջև ծագած վեճը և հաշտեցնել նրանց: Այս միջնորդին նկարագրելու համար հռոմեացիները օգտագործել են բազմաթիվ տերմիններ` internuncius, medium, intercessor, philantropus, interpolator, conciliator, interlocutor, interpres և, վերջապես, mediator:

Հաշտարարությունն իր այսօրվա տեսքով ի հայտ եկավ անցյալ դարի երկրորդ կեսից, երբ տարբեր զարգացած երկրներում սկսեցին թափ առնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները: Սկզբում անգլո-սաքսոնական իրավունքի երկրներում, այնուհետև նաև ամբողջ աշխարհում արագ զարգացում ապրած այս ինստիտուտը դարձել է դատարանների բեռնաթափման, մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող վեճերի արագ լուծման արդյունավետ միջոց: Ըստ տարբեր վիճակագրական տվյալների` հաշտարարության միջոցով լուծվող վեճերի գերակշիռ մասը տևում է ընդամենը մի քանի օր:

Հայաստանում այս ինստիտուտը ժողովրդականություն չի վայելում: Դա պայմանավորված է կարգավորող իրավական դաշտի բացակայությամբ, սակայն վերջինիս ձևավորումն արդեն սկսվել է: Դատական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով սահմանվեցին հաշտարարություն հասկացությունը, ինստիտուտի սկզբունքները, արտոնագրված հաշտարարին առաջադրվող պահանջները և այլն:

Այսպես. համաձայն դատական օրենսգրքի 227.1 հոդվածի` հաշտարարն այն անձն է, որը, որպես անկողմնակալ երրորդ անձ, հաշտարարության վերաբերյալ համաձայնության հիման վրա իրականացնում է հաշտարարություն` կողմերի միջև ծագած վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: Հաշտարարն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի իր գործունեությունը ծավալելու ինչպես մշտապես գործող հաշտարարական հաստատությունում, այնպես էլ դրանից դուրս:

Վարազդատ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: