ՓՄՁ քաղաքականությունը 180 աստիճանի փոփոխության կարիք ունի. Գագիկ Մակարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետն հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա նշեց, որ մայիս ամսին ոլորտի վերաբերյալ հարցում է անցկացվել: Դրա արդյունքները լավատեսության տեղիք չեն տալիս:
Հարցվածների 53%-ը նշել է, որ առևտրի ոլորտում անկում է տեղի ունեցել: «Սա պայմանավորված է երկու պատճառով, առաջին՝ բնակչության թվաքանակի անկումն է, և երկրորդ պատճառը՝ սպառողական հնարավորությունների, գնողունակության նվազումն է»:
Ըստ հարցվածների` զարգացել են սննդի արտադրության և տուրիզմի ոլորտներում:
«ՓՄՁ-ների գլխավոր խնդիրը մնում են բարձր տոկոսոադրույքներն են: Հարցվածների 69%-ը տոկոսը նշել է, որ ֆինանսների հասանելիության խնդիր ունի»,-ասաց Գագիկ Մակարյանը:
Նա գտնում է, որ Կենտրոնական բանկը ծրագրեր պետք է կազմի, գործառույթները փոխի ոլորտին օգնելու համար:
Դրական ազդեցություն կարող է թողնել նաև ընկերությունների միջազգայնացումը, ինչը հնարավորություն կտա մրցակցության հավասար պայմաններ ստեղծել:
«Հարցվածների 81% տոկոսը իրենց վիճակը համարել է անբավարար, ինչը նշանակում է, որ նրանք գնում են դեպի փակման, այսինքն` մոտ 10 հազար ձեռնարկություններ կփակվեն: ՓՄՁ քաղաքականությունը 180 աստիճանի փոփոխության կարիք ունի»,-ասաց նա:
Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ Մակարյանն ասաց, որ խնդիրները շարունակում են մնալ: Առաջին հերթին դա կապված է այն հանգամանքի հետ , որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը շարունակում է ճգնաժամային մնալ: