Հայերեն   English   Русский  

​Սիրիահայ բժիշկներն ուշադրության կենտրոնում են


  
դիտումներ: 1639

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Իսսամ Նայալինին։

Իսսամ Նայալինը նշեց, որ ծանոթ լինելով նախարարի պաշտոնում Արմեն Մուրադյանի գործունեությանը, վստահ է, որ իր ունակություններով ու եռանդով մեծ նպաստ կբերի Հայաստանի առողջապահության համակարգի զարգացմանը։ Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց սիրիահայերի հանդեպ ցուցաբերվող հոգատարության և օժանդակության` նրանց բուժման ու դեղորայքով ապահովման համար։ Հավատարմատարը բարձր գնահատեց հատկապես Արմեն Մուրադյանի կողմից սիրիահայ մի խումբ բժիշկների պատվոգրերով պարգևատրումը։

Նախարարն իր հյուրին ներկայացրեց, որ Սիրիայում սկիզբ առած պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող 50-ից ավելի հայ բժիշկ մասնագետներ ինտեգրվել են Հայաստանի առողջապահության համակարգին և իրենց փորձով ու գիտելիքներով զարդարում են ինչպես մարզերի, այնպես էլ մայրաքաղաքի բուժհիմնարկները։
Երուստեք կարևորվեց օր առաջ Սիրիայում խաղաղության հաստատումը և երկրի վերականգնումն ու բարգավաճումը։ Դա նաև հնարավորություն կտա վերսկսելու երկու երկրի միջև դեռ 10 տարի առաջ սկիզբ դրված համագործակցությունը։ Առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել 2008թ.-ին Դամասկոսում։ Համագործակցության շրջանակներն են եղել գիտահետազոտական համատեղ աշխատանքներն առողջապահության, բժշկագիտության և դեղագիտության ոլորտներում, տեղեկությունների, փորձի և մասնագետների փոխանակություններ և այլն։
Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը նախարարին ներկայացրեց Սիրիայում ընթացող վերջին զարգացումները և հույս հայտնեց, որ խաղաղություն կհաստատվի իր երկրում և այլ երկրներում ապաստանած սիրիացիները տուն կվերադառնան։
«Ես ցանկանում եմ, որ օր առաջ խաղաղություն լինի Ձեր երկրում։ Եւ եթե սիրիահայ բժիշկները ցանկանան վերադառնալ ու իրենց ազնվաբարո գործունեությունը շարունակել Սիրիայի առողջապահական համակարգում` դա իրենց որոշումը կլինի։ Մենք այսօր հնարավորություն ենք ընձեռել, որ նրանք Հայաստանում աշխատեն, և մեզ համար մեծ պատիվ է նման բարձր որակի բժիշկներ ընդունելը»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ սիրիահայ բժիշկները ծանոթացան մեր համակարգին, մեր հաջողություններին ու խնդիրներին։ Վերջերս նրանցից մեկը, որ Գավառի բժշկական կենտրոնում է աշխատում, հրապարակավ ասաց, որ երբևէ նման հիվանդանոցում չի աշխատել։ Սիրիահայ բժիշկները նախարարության ու բուժհիմնարկների ուշադրության կենտրոնում են։
«Մայր հայրենիքում այսքան ամիսների նրանց աշխատանքը փորձի փոխանակման երկարատև պրակտիկա է և կնպաստի բոլորի հետագա ավելի մեծ հաջողություններին»,-ասաց Արմեն Մուրադյանը։




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: