Հայերեն   English   Русский  

​Բացվել է Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանը


  
դիտումներ: 1333

Վերջապես ավարտվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Պիքֆայայի հուշարձանի վերանորոգման և բարեկարգման, ինչպես նաև Դեր Զորից բերված աճյուններն ամփոփող Նահատակաց մատուռի հիմնովին վերանորոգման աշխատանքները: Օրեր առաջ կայացավ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգված շենքի և Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանի բացման արարողությունը:

Հիացնող է Պիքֆայայի դպրեվանքը, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների դաստիարակման հզոր դարբնոց է: Նրա սաների առաքինի վարքի և նվիրումի շնորհիվ է սփյուռքի մեր հայրենակիցներին հաջողվում լինել բնակության երկրի օրինակելի քաղաքացի և մնալ հայ:

Հայ ժողովրդի լավագույն զավակներ, հայտնի բարերարներ Ալեքո և Անի Պեզիքյանների այս ձեռնարկը ոչ միայն որդիական տուրք է իրենց հոր՝ Արամ Պեզիքյանի հիշատակին, որը 6 տարեկան է եղել, երբ փրկվել է ցեղասպանությունից, այլև ապացույցը հայի արտասովոր կենսունակության և ապրելու անխախտ հավատի:

Ցեղասպանության որբերի «Արամ Պէզիքեան» թանգարանի բացմանը մասնակցում էին օտար եկեղեցիների Լիբանան ժամանած հոգևոր պետերն և ներկայացուցիչները, Մեծի Տանն Կիլիկիո թեմակալ առաջնորդները` Արամ Ա կաթողիկոսի ընկերակցությամբ: Թանգարանի բարերար Ալեքո Պեզիքյանը պատմել է, թե ինչպես է իր հայրը, ցեղասպանության արհավիրքից ճողոպրած հազարավոր որբերի շարքում հայտնվելով, պատսպարվել այս մարդասիրական հաստատությունում: Այդ հանգամանքը նրան պարտավորեցրել է բարեգործության միջոցով իր երախտագիտությունը հայտնել տվյալ կառույցի բոլոր անձնվեր ծառայողներին: Հաստատության բացմանը ներկա է եղել նաև վարչական կենտրոնի քաղաքապետ Զիատ Հաուաթը, որ ընդգծելով այս կառույցի նշանակությունը` դրվատանքով է արտահայտվել Պիպլոս պատմական քաղաքի զարգացման և բարգավաճման գործում հայ ժողովրդի ունեցած ներդրումի մասին: Նա ընդգծել է, որ թանգարանը մեծ տեղ կզբաղեցնի նաև զբոսաշրջության բնագավառում:

Արամ Ա. վեհափառ հայրապետը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի իմաստն ու պատգամը, այնուհետև հորդորել է աշխարհի բոլոր հայերին պայքարել և պահանջատեր լինել:

Որբերին նվիրված հաստատության պատերից ներս հազարավոր հայ որբեր խնամք ու դաստիարակություն են ստացել ամերիկյան և դանիական մարդասիրական կազմակերպությունների կողմից: Թանգարանը հայ ժողովրդի վերածնման խոսուն վկայությունն է: «Արդարև, Թուրքիո մեջ մեր ժողովուրդը ատելություն ու ջարդ տեսավ, սակայն ընդհանրապես արաբական աշխարհի ու հատկապէս Լիբանանի մեջ ան սեր ու կյանք գտավ։ Ահա թե ինչու Լիբանանը դարձավ սիրտը Սփյուռքի հայութեան։ Թռչնոց բույնի և Լիբանանի այլ որբանոցներուն մեջ պատսպարված մեր որբերը իրենց գործուն մասնակցությունը բերին հայ ժողովուրդի վերածննդյան՝ Լիբանանեն սկսյալ մինչև ի սփյուռս աշխարհի»,- ասել է վեհափառ հայրապետը:

Լուսինե Նազարյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: