Հայերեն   English   Русский  

Ինչպես կարելի է հաղթահարել սթրեսը


  
դիտումներ: 4613

Հայտնի է, որ սթրեսը մարդու օրգանիզմի պատասխանն է բացասական զգացումներին, գերլարվածությանն ու վախին: Երբեմն սթրեսի նկատմամբ դիմադրության բացակայությունը կարող է հանգեցնել իմունիտետի թուլացման, քնկոտության, դրանից կարող է տուժել սիրտ-անոթային համակարգը: Նման վիճակ ունենում են, գրեթե առանց բացառության, բոլորը, սակայն որոշ իրավիճակներում պարզապես պետք է վերահսկել սեփական զգացումները` տհաճ հետևանքներից զերծ լինելու համար:

«Սթրեսն առաջանում է, երբ գիտեք, թե ինչպես պետք է վարվել, սակայն անում եք ճիշտ հակառակը» (Լարրի Ուինգեթ «Հերիք է նվաք, գլուխը բարձր»)

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ազատվելու ավելորդ տագնապից ու կսովորեցնեն գլուխը չկորցնել պատասխանատու միջոցառումների ժամանակ:

1. Մեթոդը բժշկական է, տարածված

Տագնապի զգացումը կարելի է վանել կատվախոտի, դաղձի, երիցուկի ու արևքուրիկի օգնությամբ: Սակայն այդ խոտաբույսերից եփուկներ ու թուրմեր ընդունելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ` բացասական հետևանքներից խուսափելու համար:

2 . Ֆիզիկական մեթոդ (ծույլերին հակացուցված է)

Սթրեսի զգացումը հաղթահարելու համար պետք է ստիպեք մկաններին աշխատել. մի քանի վայրկյան ձգեք ոտքերի ու ձեռքերի մկանները, ապա խորը շունչ քաշեք, իսկ հետո արտաշնչելու պահին հնարավորինս թուլացրեք: Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս ամեն օր առավոտյան նման մարզանք կատարել:

3.Կանացի մեթոդ

Չպլանավորված շոփինգ. դա բավական հաճելի զբաղմունք է, որը կարող է վհատության ցանկացած փուլում օգնել: Առաջարկվում է կոֆեինի չարաշահումից զերծ մնալ, դա կարող է ուժգնացնել տագնապայնությունը: Ավելի լավ է դրա փոխարեն շոկոլադ ուտել, բայց չափավոր` ավելորդ քաշ չունենալու համար: Չէ՞ որ դա էլ է սթրեսի պատճառ:

4. Խոհարարական մեթոդ (նախորդի շարունակությունն է)

Ի դեպ, գիտությունն ապացուցել է, որ պաղպաղակը հրաշալի սթրեսահան միջոց է: Ոմանց հանգստացնում է թեյ խմելը. նման դեպքում ավելի լավ է կանաչ թեյ ընտրել ու դրանով փորձել հոգեկան ու ֆիզիկական հանգստության գալ:

Մի մոռացեք ցիտրուսների մասին, որոնք մեծ քանակությամբ C վիտամին են պարունակում: Ամռանը սթրեսի դեմ օգնում է պայքարելու նաև նեխուրը, որի միջ նյարդային համակարգը հանգստացնող տարրեր կան:

5. Հոգեբանական մեթոդ

Մասնագետների ու հումորիստների կարծիքով` սթրեսի դեմ լավագույն միջոցը ժպիտն է: Իսկ դրա համար շատ ժամանակ է պետք անցկացնել ընկերների հետ, լավ գրքեր կարդալ ու թեմատիկ ֆիլմեր դիտել: Տնով մեկ կարելի է վառ գույների թռուցիկներ փակցնել ցանկությունների մասին գրառումներով: Շատերին է նման մեթոդը օգնում: Փորձեք:

Իսկ ամենակարևորը շփումն է, կենդանի շփումը, զգացմունքներն ու ծիծաղը:

Հասկանալի է, որ այնքան էլ հեշտ չէ սթրեսն անտեսելը: Սակայն ամեն ինչ, ի վերջո, մեր ձեռքերում է, չէ՞ որ, ինչպես ասում են, ցանկության դեպքում հազար ու մի հնարավորություն կստեղծվի, իսկ ցանկության բացակայության դեպքում` հազար ու մի պատճառ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: