Հայերեն   English   Русский  

​Ամփոփելով օգոստոսը. ամենաքննարկվող թեմաների վարկանիշային աղյուսակը


  
դիտումներ: 1819

Հայաստանում շոգ օգոստոսն ավարտվում է: Եվ արժե ամփոփել այս ամսվա հիմնական զարգացումները, հանրության ուշադրության կիզակետում հայտնված թեմաները:

1.Սահմանադրական փոփոխություններ

Սահմանադրության նոր նախագծով կառավարման խորհրդարանական համակարգի անցնել-չանցնելու կամ ինչպես անցնելու հարցը օգոստոսի ամենաշատ քննարկվող թեմաներից էր:

Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` կից հիմնավորումներով և այն ներկայացրեց նախագահին, վերջինս էլ օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով ուղարկեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Օգոստոսի 24-ին Հայաստան ժամանեցին Վենետիկի հանձնաժողովի անդամներն ու հանդիպումներ ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել էր սահմանադրական փոփոխությունների մասին իր կարծիքն ու առաջարկել երկփուլ ընտրությունների մասին դրույթը հանել Սահմանադրությունից՝ այն տեղափոխելով ընտրական օրենսգիրք: Այդ դրույթի համաձայն, եթե որևէ ուժ չի ստանում 50 տոկոսից ավելի ձայներ, 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջև նոր ընտրություն է տեղի ունենում, որպեսզի որևէ ուժ արհեստականորեն ԱԺ-ում չունենա 50 տոկոսից ավելի մանդատ: Հասարակ քաղաքացիները երկփուլ, միափուլ խորհրդարանական ընտրություններով կամ դրանց առաձնահատկություններով չեն հետաքրքրվում, բայց դա չխանգարեց մասնագիտական բանավեճերին: Կայուն պառլամենտական համակարգի ակնկալիքով՝ իշխանությունները պնդում են երկփուլ ընտրությունները, իսկ Վենետիկի հանձնաժողովը դեմ է արտահայտվում դրան: Այս և այլ փոփոխությունների հարցը, սակայն, շուտով՝ մինչև Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի մեկնարկը, հնարավոր է` քննարկվի ԱԺ-ում կազմակերպվող լսումների ժամանակ: Ուստի սպասենք ԱԺ նստաշրջանի մեկնարկին:

2.Բացարձակ անտարբեր Պերմյակովը դատարանի առջև

Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունն էլ օգոստոսին մեկնարկեց Գյումրիում: Նրան մեղադրանք է առաջադրվել դասալքության, զենքի հափշտակման և անօրինական զենք կրելու մասին հոդվածներով: Վալերի Պերմյակովը ցուցմունք չտվեց, սակայն նախորդ հարցաքննությունների ժամանակ պնդել է, որ շատ է կարոտել տունը և ցանկացել է վերադառնալ Չիտա, դրա համար էլ որոշել է իր հերթապահության ժամանակ փախուստի դիմել, փող ու հագուստ ձեռք բերել ու հասնել ՌԴ: Բայց ո՛չ Ավետիսյանների հարազատները, ո՛չ մնացած քաղաքացիներն այս վարկածն արժանահավատ չհամարեցին, ավելին, Պերմյակովի անտարբեր վարքն էլ ավելի սրեց կասկածները:

Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ պատմեց. «Երբեմն կարծես քնում էր, երբեմն՝ արթնանում, անտարբեր իրադրություն էր, այդ ամեն ինչից ելնելով՝ որոշակի կասկածներ կարող են առաջանալ առողջական վիճակի վերաբերյալ, բայց այստեղ անմեղսունակություն չկա, գուցե հոգեկան խնդիրներ կան»: ՌԴ 5-րդ կայազորային ռազմական դատարանը վճռեց Վալերի Պերմյակովին դատապարտել խիստ ռեժիմով 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք-զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մասով:

3.Կազինո՞

«Խայտառակ վաճառք», «հերթական մոլն ու կազինոն»: Մարզահամերգային համալիրի վաճառքի և այն ժամանցի կենտրոն վերածելու մասին կառավարության որոշումը տարակարծություններ առաջացրեց հանրության շրջանում: Մեծամասնությունը, սակայն, քննադատում է որոշումն ու կոմերցիոն գործարք համարում՝ նշելով, որ սա ապրիլի 24-ին գումար վաստակելու հերթական միջոցն է դառնալու: Հանրությանը չի բավարարում կառավարության այն հիմնավորումը, թե համալիրը ընտանեկան ժամանցի կենտրոն է դառնալու, ավելին՝ կասկածելի են համարում հատկապես այն, որ համալիրը սեփականացրած «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է ընդամենը հուլիսի 20-ին: Ափսոսանքներն ու մեղադրանքները շարունակվելու են նաև սեպտեմբերին, իսկ թե ինչի կվերածվի համալիրը, կազինոյի՞, թե՞ «ընտանեկան» ուղղվածության կենտրոնի, միայն ժամանակը ցույց կտա:

4.Ծեծ ու հաշտություն

Օգոստոսյան թեժ թեմաներից էր նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ու «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջև հնչեղություն ստացած կոնֆլիկտն ու դրա պատճառները: Ռուբեն Հայրապետյանը Ավետիսյանին հրավիրել էր հանդիպման ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա: Հանդիպման ժամանակ թիկնապահները ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին, այնուհետև նրան տեղափոխել են հիվանդանոց: Հարցին խառնվեց նաև նախագահը, որ հանձնարարեց համապատասխան մարմիններին օրենքի շրջանակում լուծել այն և խիստ հետևողական լինել: Սակայն, Ավետիսյանը «մեծահոգի» գտնվեց ու հաշվի առնելով կազմակերպության ներդրումային քաղաքականության իրականացման և բարեփոխումների վրա կոնֆլիկտի հնարավոր բացասական ազդեցության հնարավորությունները՝ որոշեց, որ պատրաստ է ընդունել հաշտության առաջարկը. «Ինձ համար ընդունելի է դառնում միայն հաշտ ու առողջ միջավայրում փոխադարձ վստահությամբ աշխատելու և արարելու տարբերակը»: Մի խոսքով, ողջախոհությունը հաղթեց: Իսկ պատճառների մասին ասում են, թե ֆինանսական էին:

5.Հնչեղ ապտակ

Օգոստոսի 22-ին «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման հերթական հանրահավաքը հավանաբար մեծ աղմուկ հանած չլիներ, եթե չլինեին տաքարյուն ոստիկանն ու նրա ապտակը: Ոստիկանը ապտակել էր տարեց ակտիվիստին, իսկ տեսանյութը ժամեր հետո հայտնեց լրատվական կայքերի «Գլխավոր լուր» բաժնում: Ոստիկանի հասցեին քննադատական մեկնաբանությունների պակաս, ինչպես և սպասվում էր, չեղավ: Միջադեպի առիթով նշանակվել է ծառայողական քննություն, դեպքի հետևանքով ավելի ուժգնացավ ոստիկանների հանդեպ հանրության մեջ ձևավորված բացասական վերաբերմունքը: Քննության արդյունքում ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ծառայողական լիազորությունները դադարեցվեցին: Վարդգեսյանը, սակայն, հայցեց հանրության ներողամտությունը կատարվածի առթիվ:

6.Գազի գնի էժանացում

Այս տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստան առաքվող գազը կէժանանա 189 ԱՄՆ դոլարից մինչև 165 դոլար։ Չգիտենք՝ հայաստանյան սպառողների համար այս լուրը որքանով ուրախալի կլինի, քանի որ նրանց համար սակագինը կմնա նույնը: «Պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանի վրա նվազեցնելու, որպեսզի ներքին սպառման շուկայում գազի գինը չբարձրանա»,- նշել է «Գազպրոմ Արմենիա»-ի խոսնակ Շուշան Սարդարյանը: Այդ գինը հետին թվով օրինականացվում է 2015 թ. հունվարի 1-ից, երբ Հայաստանը փաստացի սկսեց սահմանին այդ գնով ստանալ գազը:

7.Սահմանային լարվածություն

Օգոստոսին սահմանին լարվածության որոշակի աճ նկատվեց: Օգոստոսի 5-ին հակառակորդի գնդակից վիրավորվեց 38-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանը, նրա կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ զինված ուժերը շարունակում էին վստահորեն ճնշել հակառակորդի ակտիվությունը: Ցավոք, մարտական հենակետում հերթապահության կանոնները խախտելու հետևանքով կորուստ ունեցանք, մահացավ 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը: Ունեցանք նաև փայլուն հաջողություններ: Օգոստոսի 22-23-ը հակառակորդն ինտենսիվորեն խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը, իսկ հետևանքներն անդառնալի էին թշնամու համար՝ 4 զոհ և 15 վիրավոր: Օգոստոսին առաջնագիծը ամուր ձեռքերում էր:

8.Հրդեհավտանգ օգոստոս

Բայց այս տարի ամենատաք ու թեժ թեման, անկասկած, եղանակն էր ու դրա փոփոխությունները: Օգոստոսի սկիզբը և կեսերը նշանավորվեցին օդի բարձր ջերմաստիճանով և տեղումների մեծ ակնկալիքով: Ամենուր՝ երթուղային տաքսիներում, փողոցում, բակերում, հիմնական թեման եղանակային փոփոխությունների մասին մեկնաբանություններն էին: Իսկ օգոստոսի 21-22-ը հյուսիս-արևմուտքից հանրապետության տարածք ներթափանցեցին այնքան ցանկալի ցուրտ օդային զանգվածներ, ինչի արդյունքում ջերմաստիճանը հանրապետությունում նվազեց:

Այսպիսով, օգոստոսը թեժ էր, քաղաքականապես` պասիվ: Իսկ աշնան սկիզբը, հավանաբար, սպասողական է լինելու՝ երկրի աշնանային սահմանադրական ու ոչ սահմանադրական փոփոխություններին ընդառաջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: