Հայաստանը մասնակցում է Գրքի 28-րդ մոսկովյան միջազգային ցուցահանդես-տոնավաճառին
ՌԴ Պետդումայի նախագահը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ Գրքի 28-րդ միջազգային ցուցահանդեսը բացառիկ իրադարձություն է, որն անցկացվում է Ռուսաստանում հայտարարված գրականության տարվա շրջանակներում` Ռուսաստանի տարբեր հատվածներից և արտասահմանից հրավիրված ավելի քան 300 հրատարակիչների մասնակցությամբ: Ըստ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի` կազմակերպիչների ջանքերով հանրության դատին են ներկայացված մանկական, գեղարվեստական և գիտական գրականության լավագույն և ամենաթարմ նմուշները:
Իր հերթին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հանդես գալով ցուցահանդեսի բացման խոսքով, Հայաստանի պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ռուսաստանյան կողմին միջոցառմանը Հայաստանին հատուկ հյուրի բարձր պատվին արժանացնելու համար: Դեսպան Եսայանն իր ելույթում անդրադարձավ գրքի բացառիկ դերին և նշանակությանը հայ ազգային ինքնության պահպանման և զարգացման գործում:
Բացման արարողությանը հաջորդեց բարձրաստիճան հյուրերի շրջայցը գրահրատարակիչների տաղավարներով: Հայաստանի տաղավարում Սերգեյ Նարիշկինին և Ալի Ջանաթիին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց վերջին շրջանի հայաստանյան հրատարակություններն ու անվանի հայ գրողների ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 5-ին Գրքի 28-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Հայաստանի օր» ծրագիրը, որի ընթացքում կկազմակերպվեն հայ հեղինակների գրքերի շնորհանդեսներ և ներկաների ուշադրությանը կներկայացվի մշակութային համերգային ծրագիրը: