Հայերեն   English   Русский  

​Կտեսնեք ոչ թե Անիի ավերակները, այլ կանգուն Անին. «Լոկատորի» ֆանտաստիկ ծրագիրը


  
դիտումներ: 4448

«Ամեն անգամ, երբ այցելում եմ Հայաստանի պատմության թանգարան ու այնտեղ տեսնում ավերված Անիի մակետը, մեծ ցավ եմ զգում: Փաստորեն, մենք տուրիստներին քանդված Անին ենք ցույց տալիս»,- ասում է «Լոկատոր» ընկերության համահիմնադիր Վլադիմիր Սոֆյանը:

Ինչո՞ւ ավերված Անին, եթե մեր երբեմնի ծաղկուն մայրաքաղաքը` իր հիասքանչ եկեղեցիներով ու իր հարուստ նիստուկացով, կարող է աշխարհին ներկայացնել հայկական բարձր մշակույթն ու արվեստը:

Այդ մտորումներն էլ մի օր առիթ դարձան, որ Վլադիմիր Սոֆյանը, հիմնվելով ընկերության` հայկական եկեղեցիների և մշակութային կոթողների եռաչափ մոդելավորման և վիզուալացման հաջողված փորձի վրա, նախագծի Անիի վիրտուալ վերականգնման ծրագիրը:

Գաղափարի ներդրման համար կարևոր նշանակություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ այսօր Անիում չկա որևէ հիշատակում, որ այն հայկական մայրաքաղաք է. «Երբ այսօր տուրիստները գնում են Թուրքիա, այցելում են Անի, չեն կարող տեղեկանալ, որ այն որևէ կապ ունի հայերի հետ: Բնականաբար, առաջնային խնդիրն այն է, որ մենք աշխարհին ցույց տանք, որ Անին հայկական քաղաք է ու հայկական մշակույթ»:

Վլադիմիր Սոֆյան

«Անկախի» հետ զրույցում ընկերության համահիմնադիրը ներկայացնում է այդ յուրօրինակ ու հզոր նախագծի մանրամասներն ու դրանից ակնկալվող արդյունքը: Վիրտուալ վերականգնման պլանն իրագործվելու է ճարտարապետական, մշակութային, պատմագիտական, արվեստաբանական և այլ ուղղություններով. «Մարդը, դիտելով այն, պետք է հնարավորինս լիարժեք պատկերացնի այդ դարաշրջանի ողջ շունչը, տեսնի քաղաքի բնակիչներին իրենց տարազներով, ապրելակերպով»:

Բարձր տեխնոլոգիաների և ճարտարապետության ոլորտի նորագույն տեխնոլոգիաների` մասնավորապես 3D մոդելավորման շնորհիվ յուրաքանչյուր ոք հնարավորություն է ունենալու ոչ միայն տեսնելու վերականգնված Անին, այլև վիրտուալ ճանապարհորդություն կատարելու Անիում` մտնելով յուրաքանչյուր եկեղեցի, վանք, ամրոց, քայլելու Անիի փողոցներում, հանդիպելու հին Անիի բնակիչներին և այլն: Վիրտուալ ճանապարհորդությունը հնարավորություն է տալու այցելուին զգալու իրեն հին դարաշրջանում` վայելելով երբեմնի ծաղկուն մայրաքաղաքի ողջ հմայքը:

Ըստ մոտավոր հաշվարկների` նախագծի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 300-350 հազար դոլար: Հեղինակը կարծում է, որ նման ծավալուն աշխատանքի իրականացման համար այդ գումարը չնչին է: Հաշվարկված են միայն ինքնարժեքը և մասնագետների նվազագույն վարձատրության գումարը:Նախնական խորհրդակցություններ անցկացնելով հայ մասնագետների հետ` ընկերությունը համոզվել է, որ ծրագիրը կարող է իրագործվել, քանի որ մասնագիտական ռեսուրսների խնդիր Հայաստանում այդ առումով չկա: Ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է մոտ 50 մասնագետ` ճարտարապետներ, պատմաբաններ, արվեստաբաններ, դիզայներներ, 3D մոդելավորողներ, երաժիշտներ և այլն: Ծրագրի իրականացումը կտևի մոտ 1,5 տարի: «Սա նման է լինելու մի հետաքրքիր ֆիլմի նկարահանման աշխատանքներին»,- ասում է Վլադիմիր Սոֆյանը:

Այժմ ծրագիրը կյանքի կոչելու համար ընկերությունը փնտրում է ներդրողներ, որոնք կարող են շահագրգռվել ոչ միայն ծրագրի բովանդակային մասով, այլև բիզնես շահութաբերության հեռանկարով: «Նախատեսում ենք տարբեր տիպի ելքային արտադրանք տալ` սկսած հավելվածներից և վերջացրած DVD սկավառակներով, վեբ հավելվածներով: 7D կինոթատրոններում կարող ենք կազմակերպել դիտումներ, ինչը շատ տարածված է Եվրոպայում: Մի խոսքով, թե՛ ֆիլմի, թե՛ բջջային հավելվածների, թե՛ DVD աղբյուրների միջոցով կկարողանանք մարդկանց համար կազմակերպել վիրտուալ ճանապարհորդություն դեպի Անի»:

դիտակետեր

Ծրագրի շրջանակներում մի աննախադեպ գաղափարի իրագործման հնարավորություն էլ կա. Անիի հանդիպակաց տարածքում` Հայաստանի սահմանին, կառուցվում են դիտակետեր, որտեղ այցելուներին տրամադրվում են հեռադիտակներ` տեսնելու Անին: Սակայն հեռադիտակը ցույց է տալիս ոչ թե Անիի ավերակները, այլ վերականգնված Անին: Ավելին` հեռադիտակի միջոցով այցելուն հնարավորություն է ունենալու «մտնելու» քաղաքի ամեն մի անկյուն, տեսնելու քաղաքի կենդանի շարժը և տպավորություն է ստանալու, որ շրջում է հին Անիում:

Վլադիմիր Սոֆյանը համոզված է, որ դա կխթանի հայաստանյան տուրիզմը և կդառնա ֆինանսական լուրջ աղբյուր:

Ընդհանրապես աշխարհում հինավուրց հուշարձանների և օբյեկտների թվայնացման, վերականգնման, ինչպես նաև վիրտուալ ճանապարհորդությունների կազմակերպման փորձ արդեն կա: Հայաստանում այդ ոլորտում առաջին քայլերն անում է «Լոկատորը»: Ընկերությունն իրականացնում է շինությունների, արտադրանքի, ապրանքների և դեռևս գոյություն չունեցող կառույցների եռաչափ մոդելավորում, վիզուալիզացիա, ինչպես նաև ներբեռնում Google earth համակարգ: Ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն կատարելու Արցախի պատմական քաղաքներում:

Հենց «Լոկատորի» շնորհիվ է իրականացել Հայաստանի 9 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքը: App Store-ում ընկերության կողմից արդեն տեղադրվել է նոր հայկական հավելված՝ Armenian treasures (հայկական գանձեր), որը հնարավորություն է տալիս աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին և Հայաստանով հետաքրքրվող օտարերկրացիներին վիրտուալ շրջագայելու Հայաստանի պատմական ու ճարտարապետական վայրերով, այցելելու, օրինակ, «Տաթև» վանական համալիր, Գանձասար, Գառնի ու Գեղարդ, Էջմիածին և այլուր: Հավելվածը ներբեռնելուն և բացելուն պես էկրանին հայտնվում է տվյալ տարածքի քարտեզը, և հպվելով ցանկացած սեղմակի` օգտատերը կատարում է վիրտուալ շրջագայություն, որը հնարավորություն է տալիս դիտելու տվյալ հուշակոթողը տարբեր անկյուններից և բարձրությունից, միացնելու գիրասկոպի ռեժիմը, դիտելու նույնիսկ գոյություն չունեցող հուշակոթողները, անգամ մոմ վառելու եկեղեցիներում:

«Լոկատորի» կողմից իրականացվող եռաչափ նախագծերի հիմնական նպատակը ընկերության բիզնես շահույթի ապահովումը չէ, այն ավելի գլոբալ նպատակ է հետապնդում: «Մեր ընկերությունը, տիրապետելով նմանատիպ տեխնոլոգիաների, որոշեց զբաղվել ազգային PR ծրագրով, մեր մշակույթի տարածմամբ, ինչն էլ կնպաստի Հայաստանում զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը,- ասում է Վլադիմիր Սոֆյանը:- Մենք այս նախագիծն իրականացնում ենք բացառապես ընկերության շրջանառու միջոցներով, և մեր ծախսերի անգամ չնչին տոկոսը մեզ հետ չի վերադառնում»:

Ընկերության համահիմնադիրն ասում է, որ իրենք հետ չեն մնում ոլորտի համաշխարհային զարգացումներից և այդ առումով բավականին լավ դիրքերում են: Ավելին, կան բաներ, որոնցով անգամ առաջ են անցել:

Ինչ վերաբերում է Հայաստանի պատմության թանգարանում գտնվող Անիի ավերակների մակետին, ապա Անիի վիրտուալ վերականգնման նախագծի հեղինակը մտադիր է ծրագրի շրջանակներում ստեղծել նաև կանգուն Անիի մակետը և նվիրել այն թանգարանին. «Թող դա դրվի մյուս մակետի կողքին, և ամեն հայ, դիտելով այն, իր հոգում երազանք ունենա, որ մի օր կանգուն Անիի մակետը իրական է դառնալու»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: