Հայերեն   English   Русский  

​Անառակ որդու համախտանիշը


  
դիտումներ: 1594

Կանխատրամադրված մարդը իրողության միայն մեկ՝ իր համար ցանկալի կողմն է տեսնում: Երևի այս իրողությունն է գործում նաև հայաստանցիների պարագայում, որոնք ամեն գնով ցանկանում են հաստատվել Ռուսաստանում: Այլապես անհնար է հասկանալ նմանատիպ իրավիճակի քննադատությունը Հայաստանում և գովքը Ռուսաստանում: Այդ տրամաբանությամբ այստեղ աղքատությունն անտանելի է, իսկ այնտեղի աղքատն աղքատ չէ, այստեղ ապրել չի լինում, իսկ այնտեղ, ինչ էլ լինի, կյանք կա, կաշառքը և պաշտոնյաների անօրինականություններն անտանելի են Հայաստանում, իսկ Ռուսաստանո՞ւմ` բա պետք է լինի, առանց դրա ո՞նց… Եվ այսպես շարունակ:

Նման եզրակացության տեղիք են տվել տարիներ շարունակ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ խոսակցությունները Հայաստանում ապրել-չապրելու և արտագաղթի մասին:

Այսպես, օրեր առաջ մի կնոջ հետ ծանոթացա, որի մեծագույն երազանքն է, որ գոնե իր զավակները հեռանան, այսպես ասած` փախչեն-փրկվեն Հայաստանից: Աննան պատմում էր, որ երբևէ ամուսնուն թույլ չի տվել տունը բարեկարգել, որպեսզի հայրենական տունն անհրապույր ավերակ լինի որդիների համար ու նրանց գյուղում պահող ոչինչ չլինի: Նա պատմում էր, որ ժամանակին ինքն ու ամուսինը Հայաստանից հեռանալ չեն կարողացել, քանի որ ամուսնու ծնողների խնամքով են զբաղվել: Իսկ հիմա երկու որդիներին ոչինչ չի խանգարում:

Ռուսաստանի կյանքով հիացած կինը, որ դժգոհում էր հայաստանյան գործազրկությունից, զարմանալիորեն չէր դժգոհում այն հանգամանքից, որ ամուսինն ու որդին արդեն 4-5 ամիս է` Ռուսաստանում բանվորություն են անում առանց վարձատրության: Որպես դժգոհության շարունակություն՝ պատմում է, որ բանակից վերադարձած ծրագրավորող որդուն շրջկենտրոնում իր մասնագիտությամբ աշխատանք են առաջարկել՝ նախնական 130 հազար դրամ աշխատավարձով և հետագայում բարձրացնելու խոստումով: Որդին, սակայն, հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե գյուղից 15 կմ հեռավորության վրա գտնվող քաղաք հասնելը դժվար է, գումարն էլ գումար չէ: Երբ մասնագիտական փորձ չունեցող, գործազրկությունից դժգոհող և աշխատանքի առաջարկից հրաժարված երիտասարդին խորհուրդ տվեցի բախտը Երևանում փորձել, մայրն էլի դժգոհեց, թե այդ պարագայում տուն պիտի վարձեն, էլի տրանսպորտի վրա գումար պիտի ծախսի և այլն, և այլն: Հարցիս, թե միթե Ռուսաստանում տուն չեն վարձում կամ տրանսպորտից չեն օգտվում, հակաճառեց՝ այնտեղ ուրիշ է:

Նույն վայրկյանին Ռուսաստանի կյանքն իդեալականացնող ու այստեղի կյանքը փնովող Աննան սկսեց իր քրոջ պատմությունը ներկայացնել: Նրա 20 տարի Ռուսաստանում ապրած քույրը Հայաստան է եկել բուժվելու համար: Ամուսնու ազատազրկումը 6 տարով, հարևաններից ու շրջապատից մեկուսացվածությունը և տանը փակված լինելը նյարդային համակարգի խնդիրներ են առաջացրել: «Հիվանդանոցում պատահական մարդկանց հետ խոսել էր, իր դարդն էր պատմել: Ասում էր, որ դրանով ահագին թեթևացել է»,- ասում է Աննան՝ բացատրելով, որ օտարության մեջ ապրելն էլ իր դժվարություններն ունի: Հարցին, թե ուրեմն ինչու է իր որդիներին դրդում նման դժվարությունների, պատասխանում է, թե «այդ ամենով հանդերձ` այնտեղի կյանքը կյանք է»:

Երևույթը կարելի էր համարել հիվանդագին բացառություն, եթե նման մտայնությամբ այլ մարդկանց ևս չհանդիպեի:

Սամվելը, որ այս օրերին կարճ ժամանակով Հայաստանում է, ծանոթներին հպարտությամբ պատմում է, թե ինչպես է Ռուսաստանում հմտորեն հող մշակում ու լավ բերք ստանում` զարմացնելով անգամ ռուսներին: Գովում է, թե այնտեղ հաստատվելուց հետո իրեն մեծ հողակտոր են տվել ու օգնել, որ մշակի: Այն դիտարկմանը, թե Արցախում հաստատվելով էլ կարող էր հող ստանալ ու բնակլիմայական ավելի լավ պայմանների շնորհիվ ավելի առատ բերք ստանալ, հակաճառում է` ինչ պիտի աներ այստեղի բերքը: Նա զարմանքով ռուսական գյուղի հետամնացությունից է պատմում, գյուղացիների ծուլությունից, նաև, թե որքան հեռու են քաղաքակրթության ենթակառուցվածքներից, բայց նրա մտքով էլ չի անցնում դժգոհել: Իսկ բոլոր առումներով իր նկարագրածին դրական առումով գերազանցող հայկական գյուղն ապրելու տեղ չէ:

Սովորաբար, հայերը համարում են, որ որդիներից մեկը գոնե պետք է ծնողների հետ ապրի և առանձին ապրելու որոշումը, հատկապես` մարզերում, մեծ վեճերի առիթ է: Բայց արի ու տես, որ նման մտայնությամբ մարդիկ բոլորովին դեմ չեն, որ իրենց որդիներն իրենցից հեռու ապրեն, միայն թե` արտերկրում: Նման մարդկանցից մեկն էլ Արծրունն է, որ իր երեք որդիներին տարիներ առաջ, երբ նոր պետք է կյանք մտնեին, աշխատեին ու ինքնուրույն ապրեին, Ռուսաստան է ուղարկել: Այժմ կնոջ հետ մեն-մենակ են մնացել՝ որդիների ու թոռների կյանքին տեղեկանալով սկայպի միջոցով: Ու չնայած որդիներից երկուսը Ռուսաստանում իրենց մասնագիտությամբ չեն աշխատում, ծանր բանվորական աշխատանքով են ապրուստ վաստակում, Արծրունն իր որոշումից գոհ է. մնային Հայաստանում ի՞նչ պիտի անեին, այնտեղ գոնե ապագա ունեն: Իսկ թե որն է այդ ապագան, ինչպիսին է այն, դժվարանում է պատասխանել: Միայն գիտի, որ Հայաստանում նրանց ոչինչ չէր հաջողվի, չնայած աշխատանք գտնելու, ինքնահաստատվելու փորձեր չեն արել: Իսկ ժամեր տևած բանավեճից հետո եզրակացնում է, որ դեռ վարդագույն ակնոցով եմ կյանքին նայում, դրա համար էլ հավատում եմ, որ Հայաստանում հնարավոր է ապրել ու ապագա ունենալ:

Բայց ամենօրյա լրահոսը թերթելիս ակնհայտ է, որ ռուսաստանյան կյանքին վարդագույն ակնոցով են նայում հենց արտագաղթի մոլուցքով տառապողները, որոնք հրաժարվում են տեսնել իրողության բացասական կողմերը: Չի կարելի մեդալի միայն մի երեսը տեսնել: Ի վերջո, որքան էլ վատը լինի իրավիճակը Հայաստանում, այստեղ գոնե քո երկրում ես:

Բավական է միայն հիշել վերջին փաստը, որ օրերս Դոնի Ռոստովի գյուղերից մեկում 22-ամյա հայազգի երիտասարդին մի քանի հարյուր ռուսներ ծեծելով սպանել են ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր լինելու համար: Ոստիկանության աշխատակիցները հազիվ են կարողացել ամբոխի ձեռքից փրկել սպանվածի հորը: Ու ցավոք, նման լուրերը բացառություն չեն: Կանոնավոր պարբերականությամբ տեղեկանում ենք, որ Ռուսաստանում հայ է սպանվել սոսկ այն պատճառով, որ ռուս չէ: Նման լուրերը, սակայն, կարծես թե Ռուսաստանում ապրելը կյանքի նպատակ դարձրած անձանց ականջի կողքով է անցնում:

Գուցե այդ մարդիկ էլ որոշ տեսանկյունից ճիշտ են, դժվար է ասել, թե որն է ճիշտ, որը` սխալ: Բայց մի բան հստակ է` չի կարելի այդպես ատել ու արհամարհել քեզ ծնած ու սնած երկիրը և այդպես անվերապահորեն ապավինել օտարությանը:

Աստվածաշնչյան հայտնի անառակ որդու ցավալի կյանքն ավարտվում է վերադարձով ու վերաիմաստավորմամբ, մեր դեպքում դա էլ չի լինի, քանի դեռ մարդիկ գերադասում են իրականությանը ոչ թե ուղիղ ու սթափ նայել, այլ վարդագույն ակնոցով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: