Հայերեն   English   Русский  

Ստուգվեց, թե ինչ վիճակում է մեր ամբողջ երկիրը. մտավորականները «Շանթ-2015» զորավարժությունների մասին


  
դիտումներ: 1290

Շատ կարևոր է, որ նման զորավարժությունները մշտական բնույթ կրեն: Սա ցույց կտա, թե որքան են քաղաքացիները պատրաստ արտակարգ պատահարներին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին, ասաց հոգեբան Ռուբեն Աղզումցյանը:

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ծրագիրը՝ հոգեբանը մատնացույց արեց որոշակի թերություններ. «Ըստ իս` ավելի շատ պատրաստված պետք է լինի մեդիադաշտը, որպեսզի բնակչությունը նախօրոք պատրաստված լիներ: Այս դեպքում դա չգործեց և մարդիկ ինչ-որ առումով չէին հասկանում՝ ինչ է կատարվում և սխալ եզրակացություններ էին անում: Երբ ճիշտ ժամանակին ինֆորմացիա չի տրվում, մարդը ինքն է ենթադրություններ անում: Սա խուճապային մթնոլորտ է ստեղծում»,- նշեց նա:

Ռուբեն Աղզումցյանը գտնում է, որ կազմակերպման նախնական փուլը ճիշտ չի եղել, թեև բուն ընթացքը բավականին բարձր մակարդակի վրա էր:

«Ստուգվեց, թե ինչ վիճակում է մեր ամբողջ երկիրը: Նման զորավարժություններ պետք է անել բոլոր դաշտերում: Բոլոր իրադարձությունները, որ սահմանին են տեղի ունենում , կապված են հոգեբանական կողմին, հակառակորդը փորձում է խուճապ ստեղծել»,- հավելեց նա:

Գրականագետ Վարդան Դևրիկյանը համաձայն չէ Աղզումցյանի հետ: Ըստ նրա ՝ նման զորավարժությունները միշտ էլ անկնկալ են սկսվում: Դրանց մասին զգուշացվում է մեկ-երկու օր առաջ. «Ի սկզբանե ասվել է, որ դա առավելագույնս մոտեցված է իրականությանը: Եթե ժպիտով հայտարարություններ արվեին և լուրջ չմոտենային ծրագրին, դա իր նպատակին չէր հասնի: Տվյալ իրավիճակում ամբողջ երկիրն է բերված համատարած տագնապի»,- ասաց Վարդան Դևրիկյանը:

Նա ընդգծեց, որ պատերազմից խուսափելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստվելն է, և ըստ նրա՝ այս տոտալ զորավարժությունները հենց այդ նպատակն ունեին. «Այստեղ երևաց թե՛ պետության ուժը, թե՛ հասարակության համախմբումը, թե՛ ժողովրդի հեգեբանական պատրաստվածությունը անցկացվող զորավարժություններին: Երբեմն ասում են, որ Հայաստանում մնացել է մի խեղճ, անկարող ժողովուրդ, ով կենսունակ է՝ թողել-գնացել է երկրից, և ահա այս զորավարժությունները ցույց տվին, որ կա մարտունակ մի ժողովուրդ, որը կարող է լուծել իր խնդիրները»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: