Հայաստանի շախմատի հավաքականը 2645 միավորով 7-րդն է
Ըստ այդմ, գործակիցների վերահաշվարկված սեպտեմբերյան ցուցակում Լևոն Արոնյանը 2765 միավորով 11-րդ տեղում է, սակայն, անկասկած, հոկտեմբերին Արոնյանը տասնյակ կվերադառնա: Նշենք, որ 2014-ի մարտին Արոնյանի անհատական գործակիցը կազմում էր 2830 միավոր, որը նրա լավագույն ցուցանիշն էր: Ուշագրավ է, որ նա 2015 թվականը սկսել էր 2797 միավորով: Մեր շախմատային դրոշակակիրը 15 միավոր կորցրեց միայն Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված գերմրցաշարում:
Այսպիսին է ՖԻԴԵ-ի վարկանշային սանդղակի սեպտեմբերյան տասնյակը.
1. Մագնուս Կարլսեն (1990, Նորվեգիա)՝ 2853
2. Վիշվանաթան Անանդ (1969, Հնդկաստան)՝ 2816
3. Վեսելին Տոպալով (1975, Բուլղարիա)՝ 2816
4. Հիկարու Նակամուրա (1987, ԱՄՆ)՝ 2814
5. Ֆաբիանո Կարուանա (1992, ԱՄՆ)՝ 2808
6. Անիշ Գիրի (1994, Հոլանդիա)՝ 2793
7. Լիրեն Դինգ (1992, Չինաստան)՝ 2782
8. Վլադիմիր Կրամնիկ (1975, Ռուսաստան)՝ 2777
9. Ուեսլի Սո (1993, ԱՄՆ)՝ 2773
10. Ալեքսանդր Գրիշչուկ (1983, Ռուսաստան)՝ 2771
Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստներին, ապա Գաբրիել Սարգսյանը (2679 միավոր) զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը, Սերգեյ Մովսիսյանը (2658 միավոր)՝ 89-րդը: Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող Տիգրան Ղարամյանը 81-րդ հորիզոնականում է: Ի դեպ, նա 2 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը վարկանշային ցուցակում: Ուժեղագույն 100 շախմատիստների ցուցակից կրկին դուրս են մնացել Հայաստանի հավաքականի անդամներ Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը:
Շախմատիստուհիների դասակարգման տասնյակում նկատելի փոփոխություններ չկան: Կանանց վարկանշային սանդղակում 2671 միավորով առաջատարն է 21-ամյա չինուհի Յիֆան Հոուն: Էլինա Դանիելյանը (2474 միավոր) 27-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2440 միավոր)՝ 40-րդ: Ֆրանսիան ներկայացնող Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը վաստակած 2441 միավորով զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը: Կանանց լավագույնների եռյակը եզրափակում է հարևան Վրաստանի ներկայացուցիչը՝ Նանա Ձագնիձեն (2573 միավոր):
ՖԻԴԵ-ի մինչև 20 տարեկանների վարկանշային ցուցակում ընդգրկված է Հայաստանը ներկայացնող 3 շախմատիստ: Մասնավորապես. Կարեն Գրիգորյանը (2609 միավոր) 12-րդն է, Հովհաննես Գաբուզյանը (2593 միավոր)՝ 15-րդը, Տիգրան Կ. Հարությունյանը (2476 միավոր)՝ 64-րդը: Հավելենք, որ այժմ Կարեն Գրիգորյանը երեք տուրից հետո 100-տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է Խանտի Մանսիյսկում ընթացող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Մինչև 20 տարեկանների սանդղակում ունենք ևս 2 հայ շախմատիստ, սակայն նրանք հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո: Նրանք են՝ Սամուել Սևյանը (ԱՄՆ), որ 2556 միավորով 25-րդն է, և Դավիթ Պառավյանը (Ռուսաստան)՝ 2486 միավորով 60-րդը:
Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ի մինչև 20 տարեկան աղջիկների վարկանշային աղյուսակին, ապա Հայաստանը ներկայացնող Մարիա Գևորգյանը դուրս է մնացել հարյուրյակից:
Երկրների սանդղակում ընդհանուր հաշվարկով Հայաստանը 7-րդն է: Ուշագրավ է, որ նույնչափ միավոր ունի և մեզ հաջորդում է Ադրբեջանը:
Երկրների վարկանշային տասնյակն այսպիսի տեսք ունի.
1. Ռուսաստան՝ 2740 միավոր
2. Չինաստան՝ 2716
3. ԱՄՆ՝2698
4. Ուկրաինա՝ 2684
5. Հնդկաստան` 2668
6. Ֆրանսիա՝ 2654
7. Հայաստան՝ 2645
8. Ադրբեջան՝ 2645
9. Հունգարիա՝ 2639
10. Լեհաստան՝ 2634
Անդրադառնալով «Սինքֆիլդի գավաթ- 2015» գերմրցաշարին՝ պետք է նշենք, որ փայլուն հանդես եկավ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Հայկական շախմատի առաջատարն աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ Սենթ Լուիսում անցկացված «Սինքֆիլդի գավաթ-2015» գերմրցաշարի եզրափակիչ տուրում արդեն 16-րդ անգամ ոչ-ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ և 9 հնարավոր միավորից վաստակեց 6-ը՝ նվաճելով միանձնյա հաղթողի կոչումը: Նա տարած տպավորիչ հաղթանակով գործնականում ապացուցեց, որ հաղթահարել է 1,5 տարի տևած ճգնաժամը: Ի դեպ, եթե Տոպալովը հաղթեր Արոնյանին, ապա ոչ միայն կարժանանար գլխավոր մրցանակին, այլև կամրապնդեր «Գրանդ Չես Տուրի» ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը:
Ի դեպ, Սենթ Լուիսի մրցաշարի վերջին տուրում Նակամուրան հաղթեց Գրիշչուկին, իսկ Վաշիե-Լագրավ-Գիրի, Անանդ-Կարլսեն և Կարուանա-Սո հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գխավորեց Արոնյանը, ապա 5-ական միավորով հաջորդում են Կարլսենը, Նակամուրան, Վաշիե-Լագրավը և Գիրին, այնուհետև 4,5-ական միավորով՝ Գրիշչուկը և Տոպալովը, 3,5-ական միավորով՝ Կարուանան ու Անանդը, իսկ վաստակած 3 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակեց Սոն:
Խաղից հետո հայ գրոսմայստերի մրցակիցը խոստովանեց, որ Լևոնն արագ ու լավ էր խաղում: «Թվում էր` ոչ թե ես եմ առավոտից մանրամասն վերլուծել Ռագոզինի պաշտպանության տարբերակը, այլ նա»,- խաղից հետո ասել է Տոպալովը:
Ի պատասխան մրցակցի, Արոնյանը նշել է, որ երբ սևերով խաղում ես այդ տարբերակը կամ վիեննական գամբիթը, ապա հնարավոր է հասնել այնպիսի արդյունքի, ինչպես եղավ իրենց պարտիայում:
«Դու կարող ես չիմանալ այն: Ես կրկնել էի մրցաշարից առաջ: Ընդհանուր առմամբ դիրքս դուր եկավ ինձ: Անշուշտ կարելի էր նաև հաղթանակի ձգտել: Սակայն տվյալ դեպքում նախընտրում եմ իրատես լինել: Սա առայժմ իմ լավագույն նվաճումն է այս տարի: Ընդհանրապես մրցաշրջանի ընթացքում շահում եմ գոնե մեկ գերմրցաշար: Վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2014-ի հունվարին՝ Վեյկ ան Զեեում: Այնպես որ, տարվա նվազագույն ծրագիրը կատարել եմ, ժամանակն է մտածել ավելի բարձր արդյունքի մասին: Ուզում եմ նշել, որ այսքան անհաջողություններից հետո, անշուշտ, ցանկանում էի ինքս ինձ ապացուցել, որ դեռ կարող եմ լավ խաղալ»,- մրցաշարի ավարտին տված պաշտոնական հարցազրույցում ասել է հայ գրոսմայստերը:
Արոնյանը, մանրամասնելով ճգնաժամը հաղթահարելու իր բանաձևը, նշել է, որ իր գլխավոր հոգեբանն ընկերուհին է՝ Արիանան:
«Վերջին շրջանում բավականին շատ եմ աշխատում միջազգային վարպետ Աշոտ Նադանյանի հետ: Արդյունքը միանգամից չեղավ, բայց արդեն ինչ-որ բան կարծես նշմարվում է: Իսկ գլխավոր երկրպագուներս ծնողներս են, մասնավորապես՝ մայրս: Երբ երկմտում էի՝ հաղթե՞լ, թե՞ ոչ-ոքի ավարտել պարտիան, ընտրեցի վերջին տարբերակը, որպեսզի ծնողներս հանգիստ գնան քնելու: Չէ՞ որ նրանք պայքարի ընթացքին հետևում էին Եվրոպայից, որտեղ արդեն կեսգիշերն անց էր»,- հավելել է Արոնյանը:
Հայ շախմատի առաջատարը սեպտեմբերի 9-ին մեկնելու է Բաքու՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը, որից հետո Բեռլինում մասնակցելու է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: Անդրադառնալով Բաքվում կայանալիք մրցաշարին` նա նշել է, որ ավաղ, շախմատիստների համար դժվար է նպաստել երկրների միջև հակամարտությունների լուծմանը: «Բայց չէ՞ որ երաժիշտներն ու ստեղծագործական շատ մասնագիտությունների տեր մարդիկ գնում են Ադրբեջան` խաղաղություն քարոզելու: Ես էլ կփորձեմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարևան երկիրը, կփորձեմ ցուցադրել իմ լավագույն շախմատն ու տեղի երկրպագուներին հաճույք պատճառել»,- հայտարարել է Արոնյանը:
Սեպտեմբերի 10-ին Բաքվում մեկնարկելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը, իսկ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես կգան Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը:
Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ