Հայերեն   English   Русский  

​«Միշտ եմ ստանդարտներից դուրս եղել». Արմինե Գրիգորյանը՝ երաժշտական գործունեության, անձնական կյանքի ու իր սկզբունքների մասին


  
դիտումներ: 2449

Հարցազրույց երգչուհի, շոումեն Արմինե Գրիգորյանի հետ:

- Արմինե, 90-ականներին մուտք գործեցիք հայկական շոու բիզնես Ձեր ուրույն ոճով ու ձեռագրով: Այսօր կարծես հասարակությունը Ձեզ չի տեսնում, գոնե` էկրանին: Դո՞ւք որոշեցիք հեռանալ շոու բիզնեսից, թե՞ պարզապես այդպես ստացվեց:

- Իսկ ո՞վ ասաց, որ ես հեռացել եմ: Չեմ հեռացել: Ես գնում եմ համերգային շրջագայությունների, իմ երաժշտական գործունեությունը շարունակվում է, վերջերս նոր դիսկ եմ թողարկել: Ուղղակի տեսահոլովակներ չեմ նկարահանում, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում: Այդ տարիքից դուրս եմ եկել, որ տեսահոլովակներ նկարահանեմ երևալու համար: Ժամանակին արել եմ, ինձ մարդիկ ճանաչել են, թող երիտասարդները դա անեն: Կամ ի՞նչ իմաստ ունի մեծ գումարներ ծախսել տեսահոլովակ նկարահանելու համար, հետո էլ գումարներ ծախսել, որ դա հեռուստատեսությամբ ցույց տան: Չեմ տեսնում իմաստը: Մի տեսակ կյանքը փոխվեց, համերգ հասկացողությունը սպառեց իրեն, հիմա ավելի ակումբային է ոլորտը:

- Ձեր հարցազրույցներից մեկում ակնարկել եք շոուբիզնեսի սև ցուցակի մասին, որտեղ հայտնվելուց հետո երգչի առջև փակվում են բոլոր դռները: Ի՞նչ ցուցակի մասին է խոսքը, և Դուք այնտեղ հայտնվե՞լ եք:

- Դա շատ վաղուց էր, կարելի է դրան չանդրադառնալ: Այո, կար նման բան: Բայց երբեմն ես ինքս եմ ստեղծագործական դադարներ տվել, որովհետև կարծում եմ, որ դա անհրաժեշտ է: Ամեն տեղ ու անընդհատ երևալն էլ մի բան չէ:

- Ինչո՞վ եք այսօր զբաղվում և որտե՞ղ կարելի է լսել Արմինե Գրիգորյանին:

- Ես որոշ ժամանակ երգում էի տարբեր ակումբներում, հետո հասկացա, որ պետք է իմը բացեմ: Երբ գնում ես ինչ-որ մեկի մոտ աշխատելու, և տեսակդ էլ էնպիսին է, որ չես կարող ենթարկվել ուրիշների կանոններին, դուրս ես գալիս: Ու էդպես միշտ դուրս էի գալիս: Հետո բացեցի «Ֆորում» ակումբ-ռեստորանը, որտեղ ամեն երեկո շոու ծրագիր է հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Ես և՛ վարում եմ, և՛ երգում եմ, և՛ կազմակերպում այդ ամենը:

- Մի քանի տարի առաջ Դուք հեռացաք Հայաստանից: Որտե՞ղ էիք և ինչո՞ւ:

- Գնացել էի Ֆրանսիա: Էստեղ թերթերը գրում էին, որ փախել եմ եմ Հայաստանից: Նման բան չի եղել: Ես աշխատանքային պայմանագրերով գնացել եմ մի քանի տարի ԱՄՆ, մի քանի տարի Ֆրանսիա, պայմանագիրն ավարտվել է` վերադարձել եմ: Հեռանալ չկա, ես միշտ պիտի Հայաստանում ապրեմ:

- Ասում են՝ խենթի պես սիրում եք Հայաստանն ու հայերին:

- Այո, շատ եմ սիրում, կա՞ մարդ, որ չսիրի: Շատերը գնում են, բայց ոչ նրա համար, որ չեն սիրում իրենց երկիրը, այլ ստիպված են գնում, սոցիալական պայմաններից դրդված: Ես ոչ ոքի չեմ մեղադրում: Թող գնան, կարևորը հայ մնալն է:

- Եթե արտերկրում աշխատելու շահավետ առաջարկ ստանաք, կտեղափոխվե՞ք:

- Եթե շատ լավ առաջարկ լինի` ինչո՞ւ ոչ: Կարելի է գնալ ու գալ, բայց ոչ կապը հուր- հավիտյան կտրել: Էստեղ ես տուն ունեմ, ընտանիք ունեմ, հարազատներ ունեմ, վերջին հաշվով, գերեզմաններ ունենք, հող ունենք, մենք տեր ենք էս երկրին, ո՞նց կարող ենք ընդմիշտ գնալ: Այո, կարելի է գնալ՝ պահպանելով քո երկրում քո տեղը, քո հայ լինելը:

- Ի՞նչ կասեք այսօրվա շոու բիզնեսի, այսօր հնչող երաժշտության, կատարումների, երգիչների մասին:

- Այսօր շատ հրաշալի երգիչներ ունենք, օր-օրի ավելանում են լավ ձայները, լավ երիտասարդները, ուղղակի ամեն մարդ երևալու հնարավորություն չունի: Մեզ մոտ՝ «Ֆորումում», կան երգիչներ, որոնք հզոր ձայն ունեն, մրցութային երգիչներ են, օրինակ՝ Ռաիսա Ավանեսյանը: Եթե հիշում եք, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթողն էր: Հրաշք ձայն, բայց նա այսօր չի կարողանում երևալ: Դրա համար պետք են լավ պրոդյուսերներ: Մեր երկրում շատ քիչ են պրոֆեսիոնալ պրոդյուսերները, նրանք էլ արդեն ունեն իրենց արտիստը: Կամ Անահիտ Շահբազյանը՝ տաղանդավոր երգչուհի, Նարե Գրիգորյանը, որ իմ եղբոր աղջիկն է: Նարեին ու Անահիտին անցյալ և նախանցյալ տարի տարել եմ Նովոռոսիյսկ` մասնակցելու «Морской узел» միջազգային փառատոնին: Երկուսն էլ «Գրան պրիով» են վերադարձել, բայց ո՞վ գիտի նրանց մասին: Երբ Անահիտը, Նարեն, Ռաիսան երգում են` ես փշաքաղվում եմ, որովհետև հզոր ձայներ են, բայց այսօր նրանք ակումբում են երգում: Եվ հակառակը. կան մարդիկ, որոնք ամեն տեղ երևում են: Մի քանի հեռուստաալիք կա, ամեն տեղ իրենց մարդիկ են երևում, իրենցը, իրենցը… Երևի մեկը պետք է վերցնի ու մի լավ թափ տա էս ամեն ինչը, պետք է դաշտն ընդհանուր փոխվի:

- Ձեր ժամանակ ինչպե՞ս էր, հե՞շտ էր մուտք գործել շոու բիզնես, ճանաչվել, սիրվել:

- Մեր ժամանակ արտիստն իր տաղանդի շնորհիվ իսկապես կարողանում էր երևալ և գումար վաստակել: Ես տարիներ շարունակ ստադիոններ եմ լցրել, Հայաստանի բոլոր ստադիոններում ունեցել եմ մենահամերգներ, և ոչ թե մարդկանց զոռով են բերել, այլ մարդիկ տոմսը գնել են ու եկել: Այսինքն` այն ժամանակ դու քո աշխատանքի արդյունքը տեսնում էիր: Իսկ հիմա հակառակն է. այդ ի՞նչ համերգ պիտի կազմակերպես, որ դահլիճ լցնես կամ ծախսերը հետ բերես: Մեր հայտնի երգչուհիներից մեկը համալիրում երկու համերգ տվեց, 30 հազար դոլար տակ տվեց: Ախր, շատ ծիծաղելի է:

- Խոսենք կնոջ մասին: Ո՞րն է իդեալական կնոջ Ձեր չափանիշը և, ո՞րն է երջանկության ձեր պատկերացումը:

- Իդեալական կինը պետք է միշտ իր կողքին ունենա սիրած տղամարդ: Եթե այդ տղամարդը չկա` կինը չի կարող իդեալական լինել: Իսկ իմ կողքին պետք է լինի շատ ուժեղ տղամարդ, բայց ոչ ամուսնության համար: Կատրին Դընյովի խոսքն է, չէ՞. եթե ուզում ես սերդ երկարացնել, մի ամուսնացիր: Այո, կենցաղը սերն ուրիշ տեղ է տանում: Կյանքն այսօր ավելի մոբիլ է դարձել, փոխվել է, հին ստանդարտները վերացել են: Պետք է կարողանաս օրդ երջանիկ դարձնել, կողքիդ լինի քեզ սիրող մարդ, որը քեզ համար հենարան լինի ամեն հարցում: Թե չէ «Лучше быть одной, чем с кем попало»:

- Կա՞ այսօր Ձեր կողքին այդ տղամարդը:

- Ես երկար տարիներ ունեցել եմ իմ կողքին այդ մարդուն, որը, ցավոք, մահացել է: Դրանից հետո ես մեծ ցավի ու կորստի մեջ էի, ու երկար ժամանակ իմ կողքին ոչ ոք չկար: Հետո կար մեկը, որը գնաց արտասահման: Հիմա՝ այս պահին, ես բոլորովին ազատ եմ: Եթե հետաքրքիր առաջարկություն լինի` ասեք (ծիծաղում է):

- Փաստորեն, Ձեզ համար ընտանիքի ֆորմատն այնքան էլ հոգեհարազատ չէ:

- Մեր ազգի մեջ ընդունված է զոռով ամուսնացնելը, և եթե նույնիսկ աղջիկը դժբախտանա` թող բաժանվի, միայն թե ամուսնանա: Ո՞նց կարելի է մարդուն զոռով ամուսնացնել: Ես երբևէ ամուսնանալու ցանկություն չեմ ունեցել: Իմ երիտասարդ տարիները շատ բուռն են անցել, անգամ ժամանակ չեմ ունեցել մտածելու դրա մասին: Իմ երիտասարդության ժամանակներից, օրինակ, չկան ռոմանտիկ հիշողություններ սիրած տղայի հետ այգիներում զբոսնելու, կինո գնալու և նման բաների հետ կապված: Ես միշտ աշխատել եմ, ձիու պես աշխատել եմ՝ սկսած ուսանողական տարիներից: Այդ պատճառով իմ կյանքն այլ ձևով է դասավորվել: Այ, ինչ խոսք, լավ կլիներ, որ երեխա ունեցած լինեի: Հիմա միայն դրա համար եմ ափսոսում, չնայած էլի դեռ ուշ չէ: Բժշկությունն այնքան է զարգացել, որ կարող ես մեկին գումար տալ, ինքը քո երեխային բերի, քեզ տա: Այսինքն` ամեն ինչ դեռ առջևում է:

- Դժվար չէ՞ ընդունված չափանիշներին ու կարծրատիպերին դեմ գնալով ապրելը:

- Ոչ, ես միշտ եմ ստանդարտներից դուրս եղել, և փառք Աստծո, իմ ծնողները երբեք ինձ ինչ-որ բան չեն պարտադրել: Մայրս ասում էր՝ եթե չես ուզում ամուսնանալ, մի էլ ամուսնացիր, քեզ ինչպես հարմար է` էդպես ապրիր: Բացի այդ, թատերական ինստիտուտում սովորելիս շրջապատված եմ եղել այնպիսի մարդկանցով, որոնցից շատ կարևոր բաներ եմ ստացել. Նիկոլայ Ծատուրյան, Արմեն Էլբակյան, Մետաքսյա Սիմոնյան, Սոս Սարգսյան... Ինչ էլ լինի` նրանցից մի-մի բան մնացած կլինի, որը տվել է այս արդյունքը: Ես ուրախ եմ, որ այսպիսին եմ: Այո, ես եկել եմ այն եզրակացության, որ պետք է ապրես այնպես, ինչպես քեզ է հարմար, իհարկե ուրիշին վնաս չպատճառելով: Չպետք է ստիպված գործի գնաս, այլ զբաղվես սիրած աշխատանքով, ստիպված չշփվես այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ շփումը տհաճ է, պետք է օրդ երջանիկ կառուցես, որովհետև չգիտես, թե վաղն ինչ է լինելու:

- Կարելի՞ է այս ամենը նաև խորհուրդ համարել մյուս կանանց:

- Միգուցե շատ կանայք իմ ասածից շոկ ապրեն, որովհետև ամբողջ կյանքում մարդը երազել է ամուսնանալ, մեկ էլ էսպիսի բան է լսում: Մարդ կա՛մ կհեղափոխվի, կամ շոկ կապրի: Բայց, վերջին հաշվով, կյանքի ռիթմն է փոխվել: Առաջ, երբ կինն առանց ամուսնու երեխա էր ունենում, տրագեդիա էր, բայց հիմա չկա նման բան, շատերն են ունենում, և դա նորմալ է դիտվում: Կարևորը՝ ուրիշին վնաս չտաս ու քեզ երջանիկ զգաս: Սա շատերին կարող է դուր չգալ, բայց ես համարում եմ, որ դա է ճիշտ ապրելը: Ոչ ոք չգիտի, թե ինչքան կյանք ունի, պետք է երջանիկ լինես, ոչ թե անիմաստ զոհաբերություններ անես:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: