Հայերեն   English   Русский  

Արդյո՞ք շահավետ է անցնել միասնական արժույթի ԵՏՄ տարածքում. պատասխանում է տնտեսագետը


  
դիտումներ: 1158

ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելը կարող է և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար:

Այսօր այս մասին լրագրողների հետ խոսեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա հիշեցրեց՝ այն երկրները, որոնք ի սկզբանե նախագծել են Եվրասիական տնտեսական միությունը՝ Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը, արդեն 2012-ին արդեն ամրագրել էին, որ մինչև 2025 թվականը միասնական արժույթի պետք է անցնեն:

Սակայն միասնական արժույթը 4 տիպի ազատություններով է պայմանավորված. պետք է լուծվի մարդկանց ազատ տեղաշարժվելու հարցը 2. ապրանքների ազատ տեղաշարժը 3. ծառայությունների ազատ տեղաշարժը 4. կապիտալի ազատ տեղաշարժը:

«Երբ մենք ուսումնասիրում ենք նպատատիպ միությունները, ակնհայտ է դառնում, որ այս խնդիրները չլուծելու դեպքում, կամայական արժույթի միասնական դառնալը անիմաստ է: Առաջին փուլում նորմատիվային դաշտ պետք է ստեղծել, ապա նոր արժույթի հարցը քննարկել»,- ասաց տնտեսագետը:

Այս գաղափարի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանն է. նա վաղուց փորձում էր Բելառուսի հետ միասնական արժույթի համակարգ ընդունել: «Սակայն այստեղ լուրջ հարց է, թե ով է իրականացնելու միասնական արժույթի թողարկումը, քանի որ դա մեծ լծակներ է տալիս տվյալ երկրին: Ռուս-բելառուսական համաձայնագրի ներքո նրանք ընդհանուր հայտարարի չեկան: Նույնիսկ եթե այս կանոնակարգերին անցում կատարվի մինչև 2025 թվականը, լուրջ հարց է լինելու, թե ում է վերապահվում թողարկումը»,-նկատեց Արտակ Մանուկյանը:

Ըստ նրա ՝ Հայաստանը լավ իրավիճակում չի կարող հայտնվել: Ռուսաստանին ձեռնտու է միասնական արժույթը. ֆինանսական դաշտերում կան կոշտ արժույթներ, որոնք ավելի քիչ զգայուն են տատանումներին և ավելի փափուկ արժույթներ. «Մինչև վերջերս ռուբլին արդեն դառնում էր կոշտ արժույթ, այսինքն՝ ներդրողները վստահություն ունեին դրա հանդեպ: Վերջին զարգացումներից հետո վստահությունը ռուբլու նկատմամբ փլուզվել է: Եթե ռուբլին միասնական արժույթ դառնա, ապա, հաշվի առնելով իր տարածքների մեծությունը և շրջանառության ծավալները, շատ հեշտորեն կարող է դիմել մանիպուլացիայի և ինչ –որ առումով կխաթարի մյուս երկրներում ֆինանսական անկախությունը և այլ գործոնները»,-ասաց տնտեսագետը:

Արտակ Մանուկյանը ընդգծեց, որ մինչև այդ քայլին դիմելը պետք է քննարկել մի քանի հանգամանքներ. 1-ին փուլում ազգային արժույթներ, 2-րդ փուլում դեդոլարիզացիան, 3-րդ փուլում միասնական արժույթի գաղափարը:

«Հաշվի առնելով բանկ ռեզիդենտների հավասարաչափ բաշխումը` ՀՀ-ի համար ձեռնտու է: Հատկապես կարճաժամկետ լինելու դեպքում: Նախատեսվում է, որ մինչև 2019 թվականը միասնական էներգետիկ շուկա պետք է լինի: Եթե դա լինի ազգային արժույթներով, այլ ոչ թե դոլարով, իհարկե, դրական երևույթ է: Մենք ունենք աշխատանքային միգրանտներ. բանկային գործարքային ծախսերի նվազումը նունպես դրական երևույթ է»,-նշեց Արտակ Մանուկյանը:

Միաժամանակ, տնտեսագետի խոսքով, դեդոլարիզացիան ՀՀ-ի համար բացասական է. Ռուսաստանը, միջազգային շուկա արտահանելով էներգակիրներ, կարողանում է ավելի կոշտ արժույթներ ստանալ: Դեդոլարիզացիայի շրջանակներում նա կարող է ճկուն մանևրել և որոշ դեպքերում քաղաքականապես կոլապսի ենթարկել ֆինանսական համակարգը:

«Դեդոլարիզացիան տեխնիկապես բարդ գործընթաց է : Հատկապես բիզնես միջավայրում պայմանագրեր կնքում են ավելի երկար ժամկետով: Ամրակցումը ազգային արժեքներին կարող է լրջագույն խնդիր լինել»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ապագա է կանխատեսվում ՀՀ դրամի համար, տնտեսագետն ասաց. « Դրամի կայունության համար երեք պայման կա. դրանք են՝ Կենտրոնական բանկի կատարած քաղաքականությունը, վստահությունը դրամի նկատմամբ և միկրոտնտեսության կայունությունը: Դրամը համեմատած մյուս արժեքների քիչ ցնցումներ է գրանցում: Սակայն դա արհեստական է և երկար չի կարող տևել, քանի որ ԿԲ-ի ռեսուրսները կարող են չբավականացնել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: