Հայերեն   English   Русский  

Համաշխարհային հայկական կառույցների ստեղծում. Հայոց ցեղասպանության լավագույն պատասխանը՝ ըստ Վազգեն Մանուկյանի


  
դիտումներ: 1632

Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

- Պարո՛ն Մանուկյան, մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ի՞նչ ձեռքբերումներ կարող ենք արձանագրել Հայ դատի ոլորտում այս տարելիցի նախաշեմին:

- Նախ հիշենք, թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից անմիջապես հետո: 1915-16 թթ. եվրոպական, ամերիկյան ողջ մամուլը, անգամ գրականությունը ողողված էր այդ սարսափելի ողբերգության դեպքերով, և այդ ժամանակ բոլորը տեղյակ էին, թե ինչ է կատարվել: Դա միջազգային մեծ իրադարձություն էր: Դրանից հետո, ինչ-որ ժամանակ անց, Հայոց ցեղասպանությունը մոռացվեց: Հայության այն հատվածը, որը մնաց Խորհրդային Միությունում, երկաթյա վարագույրով փակվեց աշխարհից, իսկ Խորհրդային Միության ներսում ազգային հարց գոյություն չուներ, այդ հարցերը մոռացության էին մատնվում: Այդ հարցը կրկին բարձրացվեց 1965 թ. ապրիլի 24-ին:
Իսկ դրսում ապրող մազապուրծ հայերը շատ ծանր վիճակում էին և պետք է կազմակերպեին իրենց կյանքը՝ ներառվելով տարբեր երկրների հասարակությունների մեջ, ինչը հսկայական ջանքեր պահանջեց: Եվ տասնամյակներ անցան, մինչև հայերն իրենց տեղը գտան աշխարհում: Պետք է նշել, որ հայկական հարցում շատ մեծ նշանակություն ունեցան հայկական ավանդական կուսակցությունները՝ Դաշնակցությունը, Հնչակյանը և Ռամկավարը: Ամեն մեկն իր թերություններն ու դրական կողմերն ուներ, բայց առաջին անգամ նոր տիպի համաշխարհային կառույց էր ստեղծվում: Եթե այդ կուսակցությունները չլինեին, հայերը տարբեր տարածաշրջաններում իրարից կտրված պետք է լինեին: Այդ կուսակցությունները, որոնք ռեգիոնալից դարձան համաշխարհային, աշխարհի ողջ հայությանը կապեցին իրար: Իհարկե, այդ դերը կատարում էր նաև եկեղեցին: Բայց առաջին միջազգային քաղաքական կառույցներ ստեղծողները, փաստորեն, հայերն ու հրեաներն էին, որոնք ստեղծեցին համաշխարհային քաղաքական ցանց: Ի դեպ, կարծում եմ, որ այդ ոլորտը խորությամբ մինչ օրս ուսումնասիրված չէ, և արժե ուսումնասիրել, որովհետև դա համաշխարհային պատմության մեջ մի նոր ու հետաքրքիր երևույթ էր:

- Երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային մի շարք կառույցներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ժամանակ առ ժամանակ որևէ երկրի կամ նահանգի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն այսօր որքանո՞վ է նպաստում հարցի վերջնական լուծմանը, և արդյոք այդ ձևաչափը չի՞ սպառել իրեն՝ դառնալով, կարծես, ինքնանպատակ:
- Մեր ցանկությունը, որ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը, շատ բնական էր: Դա նաև մեր ժողովրդի բարոյական պարտքն էր՝ աշխարհին ցույց տալ, հիշեցնել տեղի ունեցածը և մեղավորներին պատժել: Իսկ տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անուղղակի ձևով պատիժ է Թուրքիայի համար, և պատահական չէ, որ Թուրքիան դիմադրում է ամեն մի ճանաչմանը: Եթե հարցը միայն ցեղասպանության ճանաչումով էլ սահմանափակվի, արդեն շատ կարևոր է:

- Ենթադրենք՝ Թուրքիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի կողմից ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն դրան, և մենք պատրա՞ստ ենք այդ քայլերին:
- Նախ և առաջ, առանց պրագմատիկ արդյունքների, միայն բարոյական սկզբունքը, որով առաջնորդվում է յուրաքանչյուր մարդ իր կենցաղում և որով պետք է առաջնորդվի նաև հասարակական կյանքում, պարտքն է նախնիների նկատմամբ և հանցագործի գոնե բանավոր պատիժ կրելը: Դրա համար իսկապես արժե ջանքեր թափել:
Կա նաև համամարդկային մի նպատակ` հանցագործությունը պետք է դատապարտվի, որպեսզի դրա կրկնվելու հավանականությունը նվազի: Այդ առումով նույնպես մենք կարևոր խնդիր ենք լուծում:
Երրորդը վերաբերում է մեզ: Ինչպես Քեսաբի դեպքում, այնպես էլ ընդհանրապես Թուրքիայի համար Հայաստանի հանդեպ նոր ոտնձգություն անելը Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում տասնապատիկ ավելի դժվար կլինի, քան եթե ճանաչումը չլինի և աշխարհը ծանոթ չլինի այդ իրադարձությանը: Դա բավական զսպող հանգամանք է Թուրքիայի համար:
Եվ ի վերջո, եթե տեղի է ունեցել հանցագործություն, և բոլորը ճանաչել են այն, հանցագործն էլ ճանաչել կամ չի ճանաչել, ապա առաջ է գալիս փոխհատուցման հարցը, որը կարող է լինել տարածքային, նյութական, ունեցվածքային, իրավունքների և այլն:
Հիմա քննարկվում են հատուցման հետ կապված տարբեր հարցեր, բայց այդ ամենը շատ ավելի նպատակաուղղված կլինի, եթե համաշխարհային հայությունն ավելի կազմակերպված լինի:
- Իսկ ինչպե՞ս պետք է հայությունն ինքնակազմակերպվի, և ի՞նչը կլինի Հայ դատի լիակատար հաղթանակը:
- Դեռևս 60-ական թվականներին մենք երազում էինք համաշխարհային հայկական կառույցների ստեղծման մասին: Երբ 90-ականներին եկանք անկախության և իշխանության, այդ խնդիրը շատ հստակ դրվեց: Ցավոք, հետագայում մեր իշխանավորներն այնքան էլ խորությամբ չընկալեցին այդ հարցը, այսինքն` ընկալումը կար, որ Սփյուռքից պետք է օգտվել, որովհետև ակնհայտ երևում էին և՛ Սփյուռքի ֆինանսական հզորությունը, որն այսօր շատ ծիծաղելի ձևով է օգտագործվում՝ հիմնադրամի այդ չնչին գումարները հավաքելով, և՛ մարդկային ռեսուրսները, և՛ քաղաքական լոբբինգը և այլն: Բայց դա ճիշտ ձևով չօգտագործվեց: Մենք դեռ լուրջ քայլեր չենք արել համաշխարհային հայկական կառույցներ ստեղծելու ուղղությամբ: Սփյուռքի նախարարության ստեղծումը կարող է լինել այդ ուղղությամբ առաջին քայլը, բայց կարծում եմ՝ այդ նախարարությունը, իր բազմազան գործունեությամբ հանդերձ, որը ողջունելի է, առաջին հերթին պետք է բարձրացնի համաշխարհային հայկական կառույցներ ստեղծելու հարցը, որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը իսկապես միանան: Ես կարող եմ որոշակի լուծումներ առաջարկել, մի ուրիշն էլ կարող է այլ լուծումներ առաջ քաշել, բայց այն, որ պետք է դրա շուրջ համախմբում լինի, պետք է այդ հարցը քննարկվի, և հանգենք ինչ-որ գաղափարի` հաստատ է: Եվ դա Հայոց ցեղասպանության ամենամեծ պատասխանը կլինի, որովհետև դրանից հետո շատ հարցեր կլուծվեն արդեն այլ ձևով: Միշտ պետք է չարիքն օգտագործել ի նպաստ քեզ: Չպետք է կոտրվել և պետք է ստեղծել ինչ-որ նոր բան: Մենք չկոտրվեցինք, իսկ նոր բանն էլ, կարծում եմ, կամաց-կամաց կստեղծենք:
- Վերջին շրջանում միջազգային հանրության կողմից Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության հարցով ճնշում գործադրելու միտում է նկատվում: Ինչպե՞ս եք գնահատում այդ իրողությունը, դրա հետ կարելի՞ է լուրջ հույսեր կապել, թե՞ դրանք հիմնականում շահադիտական հայտարարություններ են:
- Երբ 1965 թվականից հետո հայերը սկսեցին քարոզել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հայտնվեցին ուժեր, որոնց համար դա կարող էր նաև ձեռնտու լինել: Բայց դա բնական է, որովհետև եթե դու միջազգային ասպարեզում օգտագործելի չես ուրիշների համար և չես կարողանում օգտագործել ուրիշներին` անհետաքրքիր ես: Քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ բարոյականության սկզբունքներից ելնելով է լինում: Դու պիտի օգտակար լինես ուրիշներին, ուրիշներն էլ՝ քեզ, այդ փոխհարաբերություններն են գործում: Դրանից հետո տասնյակ երկրներ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը տարբեր պատճառներով, բայց կարևորն այն է, որ ընդունեցին: Եվ ընդունման ժամանակ, անկախ նրանից, թե քաղաքական գործիչներն ինչ հետին մտքեր ունեին, այդ երկրների հասարակություններն անկեղծորեն վրդովվում էին և անկեղծորեն ընդունում:
Վերցնենք Քեսաբի դեպքերը: Ինչքա՛ն միջազգային կառույցներ ու մարդիկ արձագանքեցին դրան: Եթե ցեղասպանության ճանաչման հարցը չլիներ, Քեսաբի դեպքերը նման արձագանք չէին ստանա: Փաստորեն, մենք կարողացանք մասամբ օգտագործել դա մեր ժողովրդի մի հատվածին պաշտպանելու համար՝ ստեղծելով միջազգային հասարակական կարծիք:
- Ի՞նչ կշահի Թուրքիան Հայոց ցեղասպանության ընդունումից:
- Տարիներ առաջ Ճապոնիայի վարչապետը ներողություն խնդրեց հարևան ժողովուրդներից, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տուժել էին Ճապոնիայի ագրեսիայից: Այդ ժողովուրդների մեջ ոչինչ չփոխվեց, բայց մեծացավ նրանց վստահությունը Ճապոնիայի նկատմամբ: Գերմանիան Հոլոքոստի ընդունմամբ մաքրեց իրեն և կարողացավ եվրոպական ընտանիքում լիարժեք անդամ դառնալ, հիմա՝ դեռ մի բան էլ ավելին: Այսինքն, դա նաև երկրին հզորացնող գործոն է: Եվ ես կարծում եմ, որ զուտ պրագմատիկ շահերի տեսանկյունից Թուրքիային ձեռնտու կլիներ Հայոց ցեղասպանության ընդունումը: Բայց Թուրքիան այդ ճանապարով չի գնում մի քանի պատճառներով: Նախ, եթե պետությունը ներողություն է խնդրում, դա նշանակում է, որ երկրի ներսում ինչ- որ գործընթացներ են տեղի ունեցել: Երբ լսում եմ Էրդողանին, ինձ թվում է, թե նա շարունակում է Թուրքիայի XX դարասկզբի քաղաքականությունը:
Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան հարցեր ունի նաև այլ ժողովուրդների հետ: Ճապոնիան ներողություն խնդրեց, երբ իր բոլոր հարցերը լուծել էր մյուսների հետ: Թուրքիան մեծ խնդիր ունի քրդերի հետ և մինչև այդ խնդիրը չլուծի, նման բան չի հայտարարի:

- Ցեղասպանության 100-ամյակին Թուրքիան առավել մեծ եռանդով է պատրաստվում: Այդ քայլերը վտանգավո՞ր են մեր գործունեության արդյունավետությունը նվազեցնելու տեսանկյունից:
- Մենք այն ենք անում, ինչ որ արել ենք վերջին տասնամյակների ընթացքում. միգուցե ավելի ակտիվ, քանի որ 100-ամյակ է: Թուրքիան էլ, մեր ակտիվությանը զուգահեռ, իր ակտիվությունն է ավելացնում: Թուրքիայում այսօր զարմանալի ձևով երկու փոփոխություն է կատարվում. մի կողմից` հուսադրող զարգացում հանրության մեջ, մյուս կողմից՝ հետադիմական իշխանությունների կողմից այդ զարգացման խոչընդոտում: Այդ ամենի արդյունքում մենք տեսնում ենք Հայոց ցեղասպանության հարցի ակտիվացում հօգուտ մեզ և հակառակը՝ հակահայկական քարոզչություն:
Ժողովրդի շրջանում իսկապես այդ հասունացումը կա, որը մենք տեսնում ենք ցույցերից, գրականությունից, տարբեր հայտարարություններից, իսկ երկրի ղեկավարության մեջ` ոչ: Ես նույնիսկ կասեի, որ Էրդողանի վարչապետության օրոք այդ առումով մի քայլ հետընթաց է եղել: Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ Թուրքիայում գործընթաց կա: Ընդհանրապես շատ դժվար է հասարակական կարծիքին դեմ գնալը, և այն, որ այսօր հազարավոր թուրքեր դեմ են արտահայտվում հասարակական ընդունված կարծիքին և փորձում են ձևավորել նոր հասարակական կարծիք, հույս է ներշնչում, որ ապագայում ինչ-որ փոփոխություններ կլինեն այդ երկրում, ինչն էլ դրական ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության հարցի և մեր երկու երկրների հարաբերությունների վրա: Ի վերջո, մենք կողք կողքի ենք ապրում, և մեզ համար դա մեծ նշանակություն ունի:

Հարցազրույցը վարեց Անի Գասպարյանը





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: