Հայերեն   English   Русский  

​Վրեժ` կատարած սխալների համար


  
դիտումներ: 3469

Որովայնի խոռոչի հիվանդությունների շարքում ենթաստամոքսային գեղձի բորբոքումը տարածվածությամբ 3-րդ տեղում է:

Ի՞նչ է դա

Դեռ հնում հույները գիտեին այս հիվանդության մասին ու այն pancreas անվանեցին: Ենթաստամոքսային գեղձը արտադրում է հյութ, որում պարունակվող ֆերմենտներն օգնում են մարսելու սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը:

Իսկ այս գեղձի երկրորդ պարտականությունը հորմոններ արտադրելն է, ինչպիսին մեզ քաջ հայտնի ինսուլինն է: Այն արյան մեջ կարգավորում է գլյուկոզի մակարդակը: Եթե գեղձի լուսանցքը խցանվում է, ասենք, լեղաքարով, ապա հիշյալ ֆերմենտները, փաստորեն, չեն կարողանում դուրս գալ, մնում են ենթաստամոքսային գեղձում և ոչնչացնում են իրենց բջիջները: Այդ դեպքում բորբոքում է առաջանում, որը հայտնի է պանկրեատիտ անունով: Այն կարող է լինել սուր և քրոնիկական:

Նախ` ինչի՞ց կարող է բորբոքվել այդ գեղձը

Նախևառաջ` մեր իսկ սխալների հետևանքով, ու այդ «սադրիչների» վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում ալկոհոլն ու լեղաքարային հիվանդություններն են (70% դեպքերում): Իսկ ընդհանրապես, ինչպես մասնագետներն են ասում, պատճառները բազմաթիվ են, ու դրանցից ամենատարածվածը հետևյալներն են`

- 12-մատնյա աղու հիվանդություններ (դուոդենիտ կամ էլ խոց),

- որոշ դեղամիջոցներ (միզամուղ, սուլֆանիլամիդներ ևն),

- վարակներ (В, С հեպատիտներ),

- մակաբույծներ(ճիճվակրություն),

- ստամոքսի վնասում:

Ինչո՞վ է այս հիվանդությունը վտանգավոր

Սուր պանկրեատիտը պատկերավոր նման է սարսափ ֆիլմի կադրերի. ֆերմենտները «լուծում» են ենթաստամոքսային գեղձի բջիջները, իսկ եթե այդ գործընթացն ակտիվ է, ապա նաև սիրտ-անոթային, շնչառական ու երիկամային սուր անբավարարություն է սկսվում: Իհարկե, բժիշկներն անում են ամեն ինչ` հիվանդին օգնելու համար, սակայն, եթե անգամ վտանգն անցյալում է, ապա կարող է այն նոր սպառնալիքի տեսքով հայտնվել նպաստավոր պայմանների դեպքում, ու վերջերս տեղի ունեցած «մարտերի» տեղում կարող է վարակ առաջանալ, որը սակայն վատ ավարտի կհանգեցնի:

Քրոնիկական պանկրեատիտն այնքան էլ ագրեսիվ չէ, սակայն, ի տարբերություն սուրի, այն ենթաստամոքսային գեղձում անդառնալի փոփոխություններ է առաջացնում: «Գործող», սակայն զոհված բջիջներին փոխարինում է շարակցական հյուսվածքը, որը այլևս նախկին գործառույթներից` հորմոններ ոււ ֆերմենտներ արտադրելու ունակությունից զուրկ է: Հետևանքը աղիքային հիվանդություններն ու շաքարախտն են: Իսկ երբեմն էլ քրոնիկական պանկրեատիտը հանգեցնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի:

«Շտապօգնությո՞ւնն է»

Անտանելի փորացավ, սրտխառնուք, բարձր ջերմություն, սրտխփոց` սրանք են սուր պանկրեատիտի ախտանշանները: Նման դեպքում պետք է`

- իսկույն բժիշկ հրավիրել,

- հրաժարվել սննդից ու խմելուց, որոնք գրգռում են գեղձն ու խթանում ֆերմենտների արտադրությունը:

Չի կարելի`

- ցավազրկող կամ էլ այլ դեղորայք ընդունել` մինչև բժշկի այցելությունը,

- տաք ջեռակ դնել որովայնի շրջանում:

Կարելի է`

- ցավը մեղմելու համար թեթևակի կռանալ ու ձախ կողատակին սառը ջեռակ դնել: Եթե ձեռքի տակ ջեռակ չկա, կարելի է սառցախցիկից սառը ջեռակի փոխարեն սառեցված պտուղներ դնել:

Իսկ քրոնիկական պանկրեատիտը «բազմադեմ» է: Գոյություն ունի, այսպես կոչված` ցավային տեսակ, որի հիմնական ախտանշանը ձախ կամ էլ աջ կողատակի ու մեջքի շրջանում ցավն է: Դրանք ուժգնանում են ալկոհոլի կամ էլ կծու սննդի դեպքում: Այն ուղեկցվում է փորլուծով, կղանքի մեջ` թերմարս սննդի առկայությամբ ու փորափքանքով: Սակայն լինում է նաև առանց ախտանշանների ընթացող քրոնիկական պանկրեատիտ, ինչի մասին անգամ երբեմն հիվանդն ինքը գլխի չի ընկնում:

Հիվանդանոցում և տանը

Ինչպես են բուժում այս հիվանդությունը. սուր պանկրեատիտը` միայն հիվանդանոցային պայմաններում: Նոպայի ժամանակ պետք է հիվանդին հոսպիտալացնել:

Արդյունավետ բուժման համար նախ պետք է պարզել, թե ինչ է կատարվում: Հիվանդանոցում հետազոտություն ու անհրաժեշտ անալիզներ են արվում: Թեթև ու միջին ծանրության հիվանդության դեպքում նախ պետք է կծկումները թուլացնել ու ցավը մեղմել և ճնշել ֆերմենտագոյացումը, նվազեցնել թունավորման ռիսկն ու կանխել ջրազրկումը: Լավ կլինի, որ հիվանդը 2-3 օր ոչինչ չուտի, սակայն նրան հարկավոր են առատ հեղուկներ և հիմնային հանքային ջուր` առանց գազի:

Քրոնիկական պանկրեատիտի ժամանակ բժիշկը ցավը մեղմացնող դեղամիջոցներ է նշանակում, ֆերմենտներ, եթե ենթաստամոսքային գեղձը քիչ է արտադրում: Երբեմն էլ արյան մեջ գլյուկոզի մակարդակը կանոնավորելու համար հնարավոր է ինսուլին պահանջվի: Ու ամենագլխավորը` խիստ սննդակարգ, որը կփրկի հիվանդության կրկնությունից:

Իսկ ինչպես պետք է սնվել այս հիվանդության դեպքում.

Կաթնաթթվային մթերքներ, սպիտակուցով օմլետներ, անյուղ միս, թռչնամիս, ձուկ, հատիկեղեն` վարսակաձավար, հնդկաձավար, բրինձ, բանջարեղեն` խաշած ու տրորած վիճակում (կարտոֆիլ, ծաղկակաղամբ, գազար, դդմիկ, դդում, բազուկ ու կանաչ ոլոռ), միրգ ու հատապտուղ` տրորած կամ էլ խորոված:

Չի կարելի ուտել`

ընկուզեղեն, սունկ, լոբազգիներ, թանձր արգանակներ, յուղոտ, կծու, թթու ուտեստներ, երշիկ ու նրբերշիկ, ապխտած ու աղի յուղոտ ձկնեղեն, ցիտրուսներ, թթու հատապտուղներ ու մրգեր, նոր թխված թխվածքներ, կարկանդակ ու շոկոլադ, պաղպաղակ ու ալկոհոլ, կվաս, սուրճ ու գազավորված ըմպելիքներ:

Ի դեպ, պետք է կտրուկ սահմանափակել աղի օգտագործումը, լավագույնը` խաշած ուտելիքներն են: Իսկ բուսայուղն ու կարագը պետք է ավելացնել արդեն պատրաստի ուտեստին: Սովորաբար, սուր պանկրեատիտ տարած հիվանդները որոշ ժամանակ հետևում են սննդակարգի, ինչը չի կարելի ասել քրոնիկական հիվանդների մասին, քանի որ նրանք պարզապես դատապարտված են որոշ սահմանափակումներ անել ողջ կյանքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: