Հայերեն   English   Русский  

​Աշխատանքային իրավունքներ ու պարտականություններ


  
դիտումներ: 2784

Աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Աշխատանքային օրենսգրքով: Օրենսգիրքը աշխատանքային իրավունքների ու պարտականությունների ծագման, փոփոխման և դադարման 5 խումբ հիմք է նախատեսում`

- Աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և գործատուների այն գործողություններից, որոնք, թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքների, առաջացնում են աշխատանքային իրավունքներ և պարտականություններ.

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես աշխատանքային իրավունքների և պարտականությունների ծագման հիմքեր.

- աշխատանքային իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.

- վնաս պատճառելու հետևանքով.

- այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է աշխատանքային իրավական հետևանքների առաջացում:

Ինչպես տեսնում ենք աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները կարող են ծագել ոչ միայն Աշխատանքային օրենսգրքով կամ աշխատանքային պայմանագրով, այլ նաև այլ օրենքներով: Այսպես, օրինակ` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելու և ազատելու պայմաններն ու կարգը:

Օժտված լինելով որոշակի իրավունքներով և կրելով պարտականություններ` գործատուն և աշխատողները պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է: Աշխատանքային իրավունքների իրականացմամբ և պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով.

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով.

5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով.

6) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

8) վնասի հատուցում ստանալով.

9) տուգանք (տուժանք) բռնագանձելով.

10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

(Աշխատանքային իրավունքի վերաբերյալ մյուս հարցերին կանդրադառնանք հաջորդ համարում)

Վարազդատ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: