«Թուրքին գարանտիա չկա». Այգեհովիտի գյուղապետ
Ագեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ այգում եղել են բազմաթիվ գյուղացիներ, որոնք հավաքելիս են եղել խաղողի բերքը: Հակառակորդը կրակահերթեր է ուղղել այգեհովիտցի Արթուր Թամրազյանի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վրա, որն այդ պահին դաշտում կայանած է եղել: Ավտոմեքենան զգալի վնասվել է, բարեբախտաբար, մեքենայի մեջ մարդ չի եղել: Լևոն Գրիգորյանի խոսքով, այդ տարածքում` «Արևիկ» արձանի մերձակա այգիներում այս պահին խաղողի բերքահավաքը դադարեցված է:
«Մինչև տենանք` ինչ ենք անում: Այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան մարմիններին: Թուրքին գարանտիա չկա, կրակում է` երբ ուզի, և նպատակային կրակ է բացում մեքենաների ուղղությամբ»,-նշել է Լևոն Գրիգորյանը: Նշենք, որ ադրբեջանական դիրքերից արդեն երրորդ օրն է` կրակում են Այգեհովիտի դաշտերի վրա, նախօրեին հակառակորդը խոցել էր այգեհովիտցի Բաղրամ Ահարոնյանի «21-06» մակնիշի ավտոմեքենան: Ինտենսիվ կրակահերթեր են եղել նաև Տավուշի մարզի Չորաթան գյուղի ուղղությամբ: