Անկախության համար Տավուշում մեծ գին են վճարել
Տարեց ամուսիններն ամռանն անասունը սար են տանում ու մինչև այս ժամանակները մնում այնտեղ, յուղ ու պանիր սարքում, որ ձմռանը վայելեն քրտնաջան աշխատանքի արդյունքը: Իվանասարը կամ, ժողովրդի մեջ հայտնի Դալիքդաշ հանդամասը, Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղինն է: Մոտ տասը ընտանիք գալիս մնում են ամռան ամիսներին, իրենց անասունը պահում:
Տիկին Մարգոն, որ Սվետա Ամիրխանյանի հարևանուհին է, լսելով, ինչպես իրենք են ասում, դաշտից սար գնացած հյուրերի ձայնը, արագ քայլերով շտապում է ու ասում. «Ես էլ եմ շատ երջանիկ, իմ թոռներն էլ են Երևանում բարձրագույն սովորում»: Մարգո Դարբինյանը 70-ին մոտ է, բայց դեռ ստեղծում է, զավակների համար աշխատում է ու հպարտությամբ ասում, որ Երևանում որդիների համար երկու բնակարան է գնել:
Էդիկ Ղայթմազյանը եղել է Ներքին Ծաղկավանի հաշվապահը, հետո` ինժեները: Նա ողջունում է սահմանադրական բարեփոխումներն ու հավելում, որ այս մասին որևէ լուր բաց չի թողնում. «Միայն թե կցանկանայի մեր կառավարությանը փոխանցել, որ օգնի ռեալիզացնենք մեր աշխատանքը, կաթի մթերման խնդիրը լուրջ է»: Անկախությունը, ըստ տավուշցի Էդիկ Ղայթմազյանի, անգին է, գին չունի, աշխատելու և ստեղծելու հնարավորություն է տալիս, եթե աշխատասեր ես, կապրես, եթե չէ` ուրեմն չմեղադրես որևէ մեկին: Սա է եղել Էդիկ Ղայթմազյանի կյանքի բանաձևը վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում:
Քաղաքակրթությունը մի քիչ նաև Իվանասար է հասել: Ճիշտ է` էլեկտրական լույս չունեն, բայց ռադիոընդունիչ, սուրճ եփելու համար գազօջախ ունեն, էլ չասենք բջջային հեռախոսի մասին, այսինքն` կապը գյուղի հետ միշտ կա: Այս սարվոր մարդիկ քեզ բաց չեն թողնի, մինչև վերջին գդալը չհամտեսես իրենց ձեռքով պատրաստած րեժանը (թթվասերը), մածունն ու պանիրը: Կաթնամթերքի եկամտից դժգոհ չեն, շոգ տարին սարում մի քիչ թեթև անցավ, խոտը կանաչ էր, անասնապահության համար` նպաստավոր:
Տավուշի մարզում մարդիկ առհասարակ աշխատող են ու պահանջկոտ չեն: Նրանց կարող է ոգևորել անգամ մի փոքր հաջողությունը: Զարմանում ես, երբ ժամերով զրուցում ու միայն դրականն ու բարին ես լսում սահմանին մոտ ապրող այս մարդկանցից:
«Պետությունն այս մարզի հանդեպ ուշադիր է»,- ասում է Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը: Տասնամյակների ծարավից հետո գյուղն ի վերջո հագեցավ ջրից. ջրամատակարարման նոր ցանց են անցկացրել, պոմպակայան կառուցել, բնակիչներին 24-ժամյա ջուր են տալու:
Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունի` 300 կմ: Ժորա Մարտիրոսյանը ցույց է տալիս հակառակորդի դիրքերը: Չնայած դրան, նա երկհարկանի երեք տուն է կառուցել հենց սահմանին, միասին տասնութ հոգի են, ընտանիքի անդամներից որևէ մեկը գյուղը չի լքել:
Սահմանամերձ Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանի համար ևս անկախության արժեքը վեր է ամեն ինչից, որն ամրապնդելու համար, ըստ նրա, պետք է շատ խոսվի մեր վերջին տասնամյակների նվաճումների մասին: Հայաստանի նախագահի հանձնարարությամբ այստեղ զարգացման շատ ծրագրեր են իրականացվել և շարունակում են իրականացվել: Գյուղն ունի 60 երեխայի համար գեղեցիկ մանկապարտեզ, կառուցվում է համայնքային կենտրոն, ընթացքի մեջ է Սլովակիայի հետ համատեղ գյուղմթերքի վերամշակման արտադրության հիմնումը: Հակառակորդի առկայության պարագայում ներդրումներն այստեղ ռիսկային են, բայց կգնան այդ քայլին, գործն արդեն սկսել են: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում ևս որոշակի ծրագրեր են իրականացվում ` առաջին հերթին ամրապնդելով անվտանգությունը: Դպրոցի պաշտպանիչ պատը կունենա 3 մ բարձրություն, մոտ 250 մ երկարություն:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքով` մարզում իրականացվում են զարգացման լայնածավալ ծրագրեր: Հրատապ ծրագրերն ընդգրկում են գյուղատնտեսական, առողջապահական, դպրոցաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, սոցիալական այլ ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված աշխատանքներ: Հրատապ ծրագրերի համար կառավարությունը մարզին հատկացրել է 300 մլն դրամ:
Անկախության համար Տավուշում մեծ գին են վճարել: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել են տավուշցի շատ հայորդիներ: Պետականության տարեդարձին հիշատակման օր էր սահմանամերձ Բերդ քաղաքում:
1-ին հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության նորակառույց լսարանը անվանակոչվեց Բերդի տարածքի սահմանների պաշտպանության ամենաերիտասարդ նահատակի` 15-ամյա Վահան Բաղդասարյանի անունով: Միջոցառմանը ներկա էր հերոս պատանու մայրը` Անահիտ Բաղդասարյանը, որն էլ բացեց հուշատախտակը:
Խորհրդանշական օրը Բերդում էին բազմաթիվ հյուրեր ու զինվորականներ, ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Էդուարդ Կարապետյանը: Շինությունը վերակառուցվել, հարդարվել և ջեռուցմամբ ապահովվել է Հայ օգնության ֆոնդի, ամերիկահայ բարերարներ Մարդիկյանների ընտանիքի աջակցությամբ: Ծրագիրն իրագործվել է ՀՕՖ-ի , ՀՀ պաշտպանության նախարարության և Բերդի քաղաքապետարանի աջակցությամբ: Կաբինետը վերածվել է թանգարանի, որտեղ կպահպանվեն Վահանի լուսանկարները, նրա մասին հոդվածներն ու տեսանյութերը, հայրենասիրական երգերով լեցուն օրագրերը, պարգևները, «Արիության համար» մեդալը:
Վահան Բաղդասարյանը զոհվել է 1991 թ. մայիսի 2-ին: Բերդի առաջին հիմնական դպրոցի տնօրեն Արտուշ Վիրաբյանի խոսքով` ռազմագիտության վերաբացված կաբինետը սերունդներ կրթելու բաց պատուհան է, նվիրական մի միջավայր, որտեղ գրված է 24-ամյա Անկախության կարևոր էջերից մեկը:
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ