Այգեհովիտում վիրավորված խաղաղ բնակիչները հարս և սկեսրայր են
Ադրբեջանական զինուժն այս համայնքը հրետակոծել է խոշոր տրամաչափի զենքերից: «Այսպիսի բան չէր եղել: Վնասվել են բնակելի տներ, շինություններ, հասցվել է նյութական մեծ վնաս»,-նշել է Լևոն Գրիգորյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Տավուշի մարզխորհրդի վերջին նիստում նշվել է, որ ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 25-30 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվի: Այդ այգիներից սպասվում էր մոտ 200 տոննա բերք: Այգեհովտի գնդակոծվող խաղողի այգիները գտնվում են գյուղի «Ուռի հողեր» տարածքում: Այստեղ խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է այգեհովտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ադրբեջանական դիպուկահարի կրակից զգալի վնաս է կրել: