Հայերեն   English   Русский  

​Ընտանեկան ալբոմ՚-ը Գյումրու մեծ էկրանին


  
դիտումներ: 1323

ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվող մշակութային միջոցառումների շրջանակներում Հայաստանի տարբեր քաղաքներում սեպտեմբերի 7-­ից մեկնարկել է ՙԱմերիկյան մշակութային շրջագայություն 2015՚ նախաձեռնությունը: Գյումրու ՙՀոկտեմբեր՚ կինոթատրոնում տեղի ունեցավ երիտասարդ վավերագրողների ֆիլմերի ցուցադրությունը: Ֆիլմերը նկարահանվել են ԱՄՆ դեսպանության ու ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախագծով, որը հնարավորություն է տվել 17­-26 տարեկան երիտասարդ վավերագրողներին կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր ստեղծել` սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների մասին: Դրանք ՙԵրիտասարդ վավերագրողների կարճ ֆիլմերի՚ մրցույթին մասնակցելու համար:

Արդյունքում ընտրվել են 17 ֆիլմեր, որոնք հանձնվել են միջազգային ժյուրիի դատին: Գյումրիում ցուցադրվեց դրանցից մի քանիսը, այդ թվում Հովհաննես Իշխանյանի ՙԸնտանեկան ալբոմ՚ ֆիլմը:
35 րոպեում ֆիլմը պատմում է ստալինյան ժանակաշրջանի բռնաճնշումներին զոհ դարձած Վահան Չերազի ու իր ընտանիքի մասին:

Բյուրակն Անդրեասյանը՝ Չերազի դուստրը, ամեն օր վերապրում է խորհրդային տարիների բռնաճնշումների հիշողությունները: 1928թ. Թբիլիսիում գնդակահարում են նրա հորը: Իսկ 1937թ., երբ Բյուրակնը 10 տարեկան էր, նրա աչքի առաջ ձերբակալում են մորը՝ Վարդանուշ Չերազին, ում նույնպես մահվան են դատապարտում: 70 տարի անց բացահայտվում է Չերազներին որպես ՙհակասովետական տարրեր՚ վերացնելու դատավարության մանրամասները, երբ նրանց թոռը Երևանում գտնում է Վարդանուշի, իսկ ծոռը Թբիլիսիում՝ Վահանի գործերը: Ֆիլմում Բյուրակնը ստանում է այդ գնդակահարությունների մասին վկայող փաստաթղթերը, պատմում իր տառապանքների, մորը վերագտնելու հրաշքի սպասման մասին, որդու և թոռան հետ այցելում բռնաճնշումների հետ իրեն կապող վայրերը:

Կազմակերպիչներն այս ֆիլմը Գյումրիում ցուցադրելը կարևորում են նրանով, որ Վահան Չերազի կյանքը սերտորեն կապված է Ալեքսանդրապոլի հետ:
Գյումրեցի Կարեն Տերտերյանն անգամ այսպիսի գրառում էր թողել իր ֆեյսբուքյան էջին. ՙՑավոք, Չերազի մասին շատ քչերը գիտեն, այնինչ Ալեքսանդրապոլում նրա անմնացորդ ու գերմարդկային նվիրումի, որբախնամ գործունեության ու հարյուրավոր կյանքերի փրկության համար իր հիշատակին առնվազն հրապարակներ ու դպրոցներ պիտի անվանվեին՚:
Մինչդեռ, Գյումրիում Վահան Չերազի մասին սակավաթիվ մարդիկ գիտեն, այս ֆիլմը նաև ծանոթացում էր մեծանուն զավակի ու նրա գործունեության հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: