Հայերեն   English   Русский  

Այսօր հայ մեծագույն ռեժիսորներից մեկը՝ Հենրիկ Մալյանը կդառնար 90 տարեկան


  
դիտումներ: 1178

Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանի Թելավի քաղաքում և նույն քաղաքում էլ դպրոց է հաճախել: Ահա թե ինչ է նա գրում իր մանկության մասին. «Թվում է՝ ես ինձ հիշում եմ իմ ծննդյան օրից, երբ կկոցած աչքերիս միջից մեր գորշավուն առաստաղի ֆոնին տեսա հավանաբար իմ մայրիկի, հայրիկի, քրոջս ու մորաքրքոջս հետաքրքրված հայացքները, որ լի էին զարմանալի ու անկրկնելի էակ ընկալելու տենչանքով:

Թվում է, թե հիշում եմ ինձ շրջապատող բոլոր առաջին պատկերները՝ օրորոցի թրխթրխկոցի ուղեկցությամբ: Հիշում եմ երկնքի կապույտը և նրան կպցված արևի շողշողուն սկավառակը, որ մեր փոքրիկ վանդակավոր խոնավ պատուհանից մեկ ընկնում էր ցած, մեկ ցատկում էր վեր: Եվ արդեն ոչ թե թվում է, այլ հաստատ հիշում եմ, երբ երկարատև իմ հորիզոնական դիրքից հետո առաջին անգամ ուղղահայաց կանգնեցի աշխարհի վրա ու ամեն ինչ սկսեցի տեսնել նորից,՝ միայն թե արդեն այլ դիտակետից: Հետո խաղալիքների մի գույնզգույն աշխարհ, հետո մեր կանաչ բակը, հետո «երկուսների» ու «հինգերի» մի անիմաստ մրցավազք դպրոցում…»:

Սակայն Հենրիկ Մալյանի անհոգ մանկությունը երկար չի շարունակվում. «Հետո կյանքի մի դաժան փորձություն, 1941 թվական՝ պատերազմ, հետո գործարանային դաժան մի ռեժիմ, և, իհարկե, նաև անխուսափելի Տերյանը: Եվ մի քանի առաջին սերեր՝ հինգ, տասը, տասնհինգ և մանավանդ տասնյոթ տարեկանում: Հետո պատերազմի ավարտը, մայիսյան մի խաղաղ առավոտ…»:

Պատերազմի ավարտից հետո Հենրիկ Մալյանն ընդունվեց Երևանի Թատերական ինսիտուտ և սկսեց ուսումնասիրել ռեժիսուրա: 29 տարեկանում նա արդեն Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր էր: Նրա առաջին ֆիլմերը հուզիչ ու բարի կատակերգություններ էին՝ «Նվագախմբի տղաները», «Ճանապարհ դեպի կրկես», «Մսյո Ժակը և ուրիշները»:

Հենրիկ Մալյանի լավագույն ֆիլմերից է «Եռանկյունին», որը չափազանց մեծ դեր է խաղացել հայկական կինոյի ողջ պատմության մեջ: Հրաշալի ֆիլմեր են «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք» և այլ կինոնկարներ:

Հենրիկ Մալյանը նաև «Մի կաթիլ մեղր» ֆիլմի ռեժիսորը և «Գիքորը» կինոնկարի սցենարի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է: Հենրիկ Մալյանի ֆիլմերը ունեն փոքրիկ սյուժե, բայց չափազանց խորն են և նուրբ: Նրա կինոնկարների մեծ մասի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը: Առանց դրանց անհնար է պատկերացնել այդ ֆիլմերը: Հենրիկ Մալյանը երկար տարիներ աշխատել է նաև թատրոնում, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ:

Մալյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների թե Հայստանում, թե ամբողջ աշխարհի հեղինակավոր փառատոններում: Տասնյակ հրաշալի ֆիլմեր նկարահանելով՝ նրան միևնույն է, թվում էր, թե ինքը ոչինչ չի հասցրել անել: Նա դեռ բազմաթիվ գաղափարներ ու երազանքներ ուներ, սակայն, ցավոք, նա շատ վաղ մահացավ՝ ընդամենը 63 տարեկան հասակում: Սակայն նրա ստեղծածն էլ բավական էր, որ ամբողջ աշխարհը ճանաչեր ու սիրեր հայկական կինոն:

Մալյանի ֆիլմերը չափազանց հարազատ են հանդիսատեսի համար, մեկ անգամ դիտելուց հետո այլևս անհնար է չսիրել նրան: Հենրիկ Մալյանը Հայաստանի մեծագույն արվեստագետներից մեկն է, իսկ նրա ստեղծած ֆիլմերը հայկական մշակույթի լավագույն մասնիկներից են, որոնք պետք է սիրել ու փայփայել գանձերի պես:

«Եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միմիայն մի հանդիսատեսի, եթե ես իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ միմիայն մեկին, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ ինձ անվանելու արվեստի գործիչ»,-ասում է Հենրիկ Մալյանը:

Մեծ դերասան Սոս Սարգսյանը Մալյանի մասին ասել է.

«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»:

Ծնունդդ շնորհավոր Վարպետ…

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: