Այս գործով անցնող Խաչատրյաններն ու նրանց բարեկամը բոլորն էլ դատվելու են. Տուժած Զաքարյանների հայր.Panorama.am
Գագիկ Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե Զաքարյանների վրա Խաչատրյանների կողմից ճնշումներ եղե՞լ են այս քրեական գործի շրջանակներում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ընդհանրապես, էդ մարդը չի ծնվել, որ ինձ ճնշի: Խաչատրյանների ընտանիքը, ովքեր այս գործով անցնում են, բոլորը դատվելու են. էս գործով չորս հոգի Խաչատրյանի ու նրա եղբոր ընտանիքից են, մեկն էլ` Մանուչարյանը, իրա բարեկամն է, բոլորը դատվելու են»:
Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանին, ապա այդ օրը Սդղի գյոլում տուժած Հարություն Զաքարյանի հայրը պնդում է. «Տիգրան Խաչատրյանը դատվելու է իր կազմակերպած կռվի համար»:
Գագիկ Զաքարյանի խոսքով, իրենց ընտանիքին վերաբերող այս քրեական գործով նախաքննությունը «շատ լավ է իրականացվում»:
«Իրավապահներից գոհ եմ, դեռ դժգոհության առիթ չեն տվել: Թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը բոլորն էլ ինձ հետ պայքարում են ճշմարտության համար: Մինչև հիմա չեմ նկատել նրանց կողմից կողմնապահություն: Մենք գնալու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք», -հայտարարեց Զաքարյանը:
Հարցին` եթե դատախազը որոշեց փոխել Տիգրան Խաչատրյանի փախանման միջոց կալանքը, և նա հայտնվեց ազատության մեջ դա Զաքարյաններին չի՞ մտահոգում, նա պատասխանեց. «Ես նորից եմ ասում` ինձ դա չի մտահոգում: Իմ երեխաներին վերաբերող էս գործի հետ կապված ես աբսալյուտ կողմնապահություն չեմ նկատել ոչ քննչական կոմիտեից, ոչ դատախազությունից, լրիվ արդար քննություն ա գնում: Ինձ թվում ա` դա վերևից հրահանգված ա ու էդպես էլ պտի գնա»:
Անդրադառնալով Հարություն Զաքարյանի առողջական վիճակին, ով կատարվածի հետևանքով կորցրել էր աչքի տեսողությունը, հայրն ասաց, որ երեկ Ռուսաստանում տղան հերթական վիրահատության է ենթարկվել:
«Երեկ վիրահատությունից հետո վիրակապերը հանել են, պրոֆեսորը նայել է, ասել է` նորմալ է ընթացել: Հաջորդ ու վերջնական վիրահատությունը կլինի երեք ամիս հետո: Դրանից հետո պարզ կլինի տեսողության հարցը: Միգուցե էլի միջոցառումներ կկատարվեն», -ներկայացրեց Զաքարյանը:
Հարակից հրապարակում`
Քննչական կոմիտեն դիմել է Գլխավոր դատախազություն Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոցը փոխելու համար