Հայերեն   English   Русский  

​Աշխատանքից ազատումը


  
դիտումներ: 1958

Օրենսդիրը «աշխատանքից ազատում» տերմինի փոխարեն օգտագործում է «աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ» հասկացությունը:

Խնդիր ունենալով ապահովելու աշխատողների իրավունքները, թույլ չտալու, որ գործատուները կամայական վերաբերմունք ցուցաբերեն աշխատանքային պայմանագրի լուծման ինստիտուտի նկատմամբ, և ելնելով մի շարք միջազգային պարտավորություններից (օրինակ` Եվրոպական սոցիալական խարտիայի ) ՀՀ օրենսդիրը նախատեսել է աշխատանքից ազատելու հիմքերի սահմանափակ ցանկ, ինչպես նաև աշխատանքից ազատման հստակ ընթացակարգեր:

Այսպես, գործատուն իր նախաձեռնությամբ կարող է լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը հետևյալ դեպքերում.

1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման),

2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման,

3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու,

4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու,

5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու,

6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու և այլ դեպքերում (այս հիմքերը նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով):

Օրենսդիրը սահմանել է նաև այն դեպքերը, երբ արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծումը, դրանք են`

  • աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում (բացառությամբ երկարատև անաշխատունակության դեպքերի),
  • աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում,
  • հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը,
  • մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի),
  • գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով,
  • պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքի):

Վարազդատ Հարությունյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: