Հայերեն   English   Русский  

Հայաստանում 5 տարվա ընթացքում 30 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով


  
դիտումներ: 895

5 տարի առաջ հենց այս օրը Զարուհի Պետրոսյանը, ով 19 տարեկան էր, սպանվեց իր ամուսնու կողմից: Դա առաջին դեպքը չէր որպես ընտանեկան բռնության դրսևորում, սակայն առաջին անգամ էր, որ ցնցեց հայ հասարակությունը: Այդ օրվանից ի վեր երիտասարդ կնոջ մահվան օրը նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր:

Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հակառակ տարածված կարծիքին, թե Հայաստանում չկա բռնություն կանանց նկատմամբ, այն իրականում կա: «Եթե չաշխատեինք այդ ոլորտում, գուցե մենք էլ համակարծիք լինեինք: Ավելին` սա տարածված խնդիր է: 2013-15 թվականների ընթացքում թեժ գծի միջոցով գրանցվել են 5171 առաջնային զանգ երեք կազմակերպությունների տվյալներով: Սրանք առաջին անգամ կատարված զանգերն են: Սա բավականին մեծ թիվ է: 2010-2015 թվականների ընթացքում 30 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով և մոտ 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի` ըստ ոստիկանության տվյալների»:

Սուսաննա Վարդանյանը նկատեց, որ զանգերի թիվը շատանում է, սակայն ոչ այն բանի պատճառով, որ դեպքերն են հաճախանում. պարզապես կանանց իրազեկվածությունն աստճանաբար աճում է. «Ի տարբերություն նախորդ տարիների կանայք սովորել են իրենց մասին հոգալ, նրանց ինքնագիտակցությունն ավելի բարձր է. ձգտում են իրենց իրավունքներն ավելի լավ իմանալ, որպեսզի կարողանան պաշտպանվել: Մթնոլորտը մի քիչ փոխվել է»,- ասաց նա:

Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավարն այս ոլորտում մեծ առաջընթացի բացկայության պատճառ համարում է համապատասխան իրավական ակտերի բացակայությունը. «Օրենքը շատ կարևոր է: Բոլոր 131 պատգամավորները ունեն դուստրեր, քույրեր, մայրեր և չպետք է ձևացնեն, որ նման խնդիր Հայաստանում չկա: Վերջերս օրենքի նախագիծը 131 օրինակով տպագրվեց և բաժանվեց պատգամավորներին, որպեսզի մեր բանավեճերը անհիմն չլինեն: Բայց ոչ մի արձագանք չունենք որևէ պատգամավորի կողմից»:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանն ընդգծեց, որ կան շատ դեպքեր, որոնք չեն գրանցվում: Հատկապես մարզերում ապրող կանայք խոցելի են հիմնախնդիրը բարձրացնելու հարցում:

«Բռնությունների թիվն ավելի մեծ է: Ոստիկանության ուշադրության կենտրոնում շատ քիչ մասն է հայտնվում, և շատ քիչ գործերի է ընթացք տրվում: Պատճառներից մեկը օրենքի բացակայությունն է: Շատ դեպքերում ոստիկանները կարող են 10 օրով հեռացնել ամուսնուն, բայց ավելին չեն կարող անել: Օրենքը մերժվելիս սա հակասահմանադրական համարվեց, որովհետև մարդ չի կարող իր սեփական տնից հեռացվել: Օրենքի դեպքում ոչ միայն դեպքերը կկանխարգելվեին, այլև համապատասխան ծառայություններ կմատուցվեին»:

ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ նույնիսկ ամենազարգացած երկրներում կանանց և երեխաների նկատմամբ բռնությունները բավականին շատ են. «Օրենքի նախագիծը չի անտեսվում. այն պետք է համաձայնեցվի Քրեական դատավարության օրենսգրքի հետ և առհասարակ մեր իրավական ակտերին, որպեսզի որևէ հակասություն չլինի»:

Սա նաև ենթադրում է պարտադիր ֆինանսական բեռ ու պետք է ամրագրվի բյուջեով:

«Ես սա համարում եմ նուրբ օրենք, նուրբ թեմա: Ստամբուլի կոնվենցիան վավերացնելու դեպքում, կարծում եմ, մենք կսկսենք օրենքի քննարկումները»,- ասաց պատգամավորը:

«Այն, որ երեխաները մեծանալով ` դառնում են բռնարար, առանց պատճառի չի լինում: Դրան նպաստող գործոններ կան, որոնցից մեկը նման սոցիալական վարք իրենց ընտանիքներում տեսնելն է: Նման խնդիրներով բազմաթիվ ընտանիքներ են ապրում: Հարց է ծագում, թե ինչպիսի երեխաներ են այդտեղ մեծանում: Նման վարքի պատճառ են մենտալիտետային պատկերացումները, ինչպես տղամարդու գերակշռող ուժի պատկերացումները հասարակությունում և ընդունված բան է մարդկանց մեծ մասի համար, որ կինը կարող է բռնության ենթարկվել: Երկու ծնողներն էլ պետք է նպաստեն, որ ընտանեկան բռնություն չլինի»,- եզրափակեց Լիդա Մինասյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: