Հայերեն   English   Русский  

​Հայաստանը մրցունակության համաշխարհային զեկույցով բարելավել է իր դիրքը


  
դիտումներ: 719

ՀՀ կառավարության նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել հայտարարությամբ և ներկայացրել Գլոբալ մրցունակության համաշխարհային զեկույցի 2015-2016 թթ. արդյունքները: Ըստ այդմ, Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղն` առաջընթաց գրանցելով 3 կետով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել 7 հենասյուների գծով, մասնավորապես, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման, ապրանքների, աշխատուժի շուկայի արդյունավետության, ֆինանսական շուկաների զարգացման գծով: Որոշակի փոփոխություններ են եղել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության և գործարարության կատարելագործվածության աստիճանով: Ըստ այդմ, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ինչը հետագայում նաև որոշակի ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա:

Նախարարի խոսքով՝ HSBC-ի խմբի կողմից պատրաստված հոդվածը ցույց է տվել, որ չնայած ընդհանուր տնտեսական միջազգային զարգացումներին և, մասնավորապես, ասիական շուկաների տատանումների ֆոնին, Հայաստանն ընդգրկվել է այն երկրների մեջ, որոնք ունեն 3 տոկոսից ավելի տնտեսական աճ և միևնույն ժամանակ հենց այդ անբարենպաստ ֆոնին ունեցել են ինֆլյացիոն առավելապես մեղմ դաշտ, որը նույնպես դրական է բնորոշում: Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է նաև, որ բացի այդ հրապարակվել է Գլոբալ ինովացիոն զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 4 տեղով բարելավելով իր դիրքերը: Ըստ նախարարի՝ սա բավականին լուրջ գնահատական է և լուրջ վերլուծությունների արդյունք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: