Հայերեն   English   Русский  

Հայ-իրանական երկաթգծի կառուցումը մեծապես կախված է Չինաստանից. իրանագետ


  
դիտումներ: 1288

Հայաստան-Իրան տնտեսական կապերը քայլ առ քայլ ամրապնդվում են: Սրա լավագույն ապացույցը համագործակցությունն է էներգետիկ ոլորտում:

Այս մասին այսօր լրագրողների հետ խոսեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նա նշեց, որ Հայաստանը ԵՏՄ շրջանակներում առաջարկեց Իրանին տալ ավելի լայն գործակցության հնարավորություն: Սա դրական արձագանք գտավ ԵՏՄ անդամ պետությունների կողմից: Հատկանշական է, որ Իրանը ևս լուրջ հետաքրքրություններ ունի այս հարցում. «Ցամաքային ճանապարհներով նրանք կարող են օգտագործել Հայաստանի սահմանը, բայց սա ամբողջովին չի գործում, քանի որ Հայաստանից հետո փակուղային վիճակ է: Եթե կարողանանք ներգրավել նաև Վրաստանին, մենք կարող ենք ամբողջական շղթան ապահովել: Հակառակ դեպքում Իրանը կարող է Ռուսաստանի հետ համագործակցել Կասպից ծովի միջոցով»,- նկատեց իրանագետը:

Էներգետիկ ոլորտի համագործակցությունը միշտ համարվել է հայ-իրանական հարաբերություններում համարվել է առաջատար գիծ. «Արդեն լավ համագործակցություն կա այդ ոլորտում: Հատկապես էներգիայի փոխանակման հարցում արդյունավետ ծրագիր կա: Ամառվա ամիսներին մենք էլեկտրաէներգիա ենք տրամադրում Իրանին, իսկ ձմեռվա ամիսներին նույնքան մենք ենք ստանում: Բացի այդ, գերազանց է գործում գազը հոսանքի վերածելու ծրագիրը Հայաստան-Իրան գազատարի միջոցով»:

Ըստ Գոհար Իսկանդարյանի` կարևոր է նաև Մեղրու հիդրոէլեկտրակայանի կառուցումը, որը բավականին երկար տևեց, սակայն արդեն ավարտը երևում է. Արաքսի երկու ափերին կառուցվում է հիդրոէլեկտրակայաններ, ինչն արվում է Իրանի ֆինանսական միջոցներով: Իրանը պետք է շահագործի այդ երկու հիդրոէլեկտրակայանները, իսկ 15 տարի հետո հանձնի Հայաստանի Հանրապետությանը: Այս պահին լայնորեն ընթանում են 3-րդ էլեկտրական շղթաների կառուցումը, որով հնարավոր կլինի հոսանք մատակարարել Իրանի հյուսիսային շրջաններ:

Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը` Գոհար Իսկանդարյանը նշեց, որ դա փայլուն նախագիծ է. «Սակայն հարցը մնում է` արդյոք մենք կկարողանանք գտնել 3 մլրդ 400 մլն դոլար: Չինական կողմը խոստացել է, որ կտրամադրի այդ գումարը, քանի որ երկաթգիծը գտնվում է Մետաքսի ճանապարհին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցելության ժամանակ այդ հարցը նորից քննարկվեց և Չինաստանի վարչապետը վերահաստատեց իր մտադրությունները»:

Իրանագետը իրատեսորեն գնահատելով իրավիճակը` գտնում է, որ սրանք ընդամենը խոսքեր են. իրական գործընթացը կսկսի, երբ իսկապես ներդրումներ կատարվեն. «Նմանատիպ երևույթ արդեն եղել է: Ժամանակին ակտիվ քննարկվում էր Քաջարանի թունելի կառուցման հարցը, սակայն փաստը մնում է փաստ, որ մենք չկարողացանք անգամ մեկ թունել կառուցել այդտեղ, իսկ երկաթգծի դեպքում մենք պետք է բազմաթիվ թունելներ և բազմաթիվ կամուրջենր կառուցենք»:

«Ես լավատես եմ. գոնե Հայաստանի կողմից քաղաքական կամք կա այդ ծրագիրն իրականացնելու, սակայն իրանական լրատվամիջոցներում նյութերն ուսումնասիրելով` ես այն ոգևորությունը չեմ տեսնում, որը կա հայկական մամուլում: Իրանից Ադրբեջան կառուցվում է երկաթգիծ, որի ընդհանուր արժեքը կազմելու է 400 մլն: Սրա հետ համեմատած մեր երկաթգծի գումարը բավականին լուրջ է և տնտեսական առումով ադրբեջանականն ավելի եկամտաբեր է: Սակայն հետաքրքիր է, որ այդ երկաթգծի կառուցումը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Այստեղ էլ կան քաղաքական հարցեր: Մեզ համար գլխավոր հարցը մնում է` արդյոք Չինաստանը պատրաստ է իր խոսքը գործի վերածել և տրամադրել 3 մլրդ դոլար երկաթգիծը կառուցելու համար»,- եզրափակեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: