Հայերեն   English   Русский  

«Ամենահայկական» խմիչքը, որ դարձավ նաև հաջողված բիզնես գաղափար


  
դիտումներ: 4441

Հայաստանում քանի՞ ընկերություն կա, որի շրջանառության մոտ կեսը շահույթն է, ընդ որում, այդ ամենը հարկային մարմիններից չի թաքցվում: Դժվար է ասել: Բայց «Արարատի Աբրիկոն» ընկերության ղեկավար Կարեն Խաչիկյանը, որ հայկական «Աբրիկոն» ապրանքանիշի ու նույնանուն տեսակի խմիչքների ստեղծողն ու արտադրողն է, հպարտանում է հենց այդ ցուցանիշով: Կարեն Խաչիկյանը նաև հպարտանում է, որ իրենց արտադրանքի 95 տոկոսն արտահանվում է, ու «Աբրիկոնն» այսօր արդեն հանդիպում է անգամ այնպիսի երկրներում, որտեղ պաշտոնապես ներկայացված էլ չէ:

Կարեն Խաչիկյանն իր մտահղացումը` ստեղծել ամենահայկական մրգի` միմիայն Հայաստանին ու մեր ժողովրդին, մեր բնակլիմայական պամաններին բնորոշ ու մեր բարիքների համադրությունը հանդիսացող խմիչք, հաջողված է համարում: Գաղափարը` որպես բիզնես գաղափար, նույնպես հաջողված է. այսօր արտադրվում ու վաճառվում է «Աբրիկոն»` հնարավորություն տալով ստեղծելու աշխատատեղեր, իր ստեղծողին` գոհ լինելու թե՛ իր գործից, թե՛ արդյունքներից և արժանապատիվ կյանք ու կենցաղ ապահովելու իր ու իր ընտանիքի համար: Համենայն դեպս, այսօրվա դրությամբ ալկոհոլ արտադրելու նպատակով ամենաշատ ծիրան մթերողը Հայաստանում «Արարատի Աբրիկոնն» է, որը թողարկում է տարբեր մակնիշի, տարբեր հնեցման ու մինչև 750 հազար դրամանոց «Աբրիկոն»:

Առաջին «Աբրիկոնը» շուկա մտավ 2010 թվականին, դրան նախորդել էին որոնումների, փորձերի, հաջողությունների ու ձախողումների, քրտնաջան աշխատանքի, համառության 7 երկարուձիգ տարիներ: Իսկ ամեն ինչ սկսվել է մի միջադեպից:

- Կոնյակ քաղաքում էի, կոնյակագործություն և տակառագործություն էի ուսումնասիրում: Ամառվա մի երեկո, սրճարաններից մեկում նստած, գարեջուր էինք խմում ընկերներով. բոլորն էլ կոնյակագործ էին և աշխատում էին աշխարհի հեղինակավոր ընկերություններում: Նրանք սկսեցին հետաքրքրվել Հայաստանով, հարցնում էին` լավ ձեզ մոտ ի՞նչ հետաքրքիր խմիչք կա: Այդ ժամանակ ասացի` հայկական կոնյակ: Լավ էր` չասեի, որովհետև բոլորը միանգամից բացականչեցին` օ՜, այդ ինչպե՞ս: Հարցնում են` միգուցե բրե՞նդի, այլ ոչ կոնյակ, ախր Կոնյակն իրենց քաղաքն է, իրենց խմիչքի անունն է, եթե նույնիսկ նույն խաղողից, նույն մասնագետը տանի Բորդոյում կոնյակ պատրաստի, այս գործարանն էլ այնտեղ մասնաճյուղ ունենա, այդ սպիրտն արդեն իրավունք չունի կոնյակ կոչվելու: Ասում էին` մեքսիկացիների չա՞փ էլ չկաք, այդքան տաղանդավոր մարդիկ եք տվել, բայց մեքսիկացիները կարողացան տեկիլան մտածել, իսկ դուք ձեր խմիչքի անունը կոնյակ եք դրել… Իհարկե, հարազատ ու մտերիմ մարդիկ էին, դրանով ոչինչ չփոխվեց մեր հարաբերություններում, ես չնեղացա նրանցից, նրանք էլ` ինձնից, որովհետև պարզ էր, որ դա իմ մեղավորությունը չէ, բայց ես ինձ շատ վատ զգացի: Այնուամենայնիվ, նրանց ասածը ես ընդունեցի ու հասկացա, որ մարդիկ սխալ բան չեն ասում, մի հետաքրքիր բան է պետք ստեղծել,- պատմեց Կարեն Խաչիկյանը:

Ու երբ սկսում է մտածել, թե ինչ պետք է ստեղծի, որ աշխարհում եզակի լինի, հստակ գիտակցում է` պետք է լինի հայկական մրգերից: Այնուհետև մտածում է, թե որ մրգից պետք է խմիչք ստանա, որպեսզի եթե մի որևէ այլ երկրում ուզենան այն պատճենել, գոնե փորձողի մոտ հաստատ պատճենի տպավորություն թողնի: Ընտրությունը կանգնում է ծիրանի վրա:

Սկսվում է տքնաջան աշխատանքների փուլը, քանի որ ծիրանից բրենդի թորելու փորձ աշխարհում ոչ մի տեղ չկար, որովհետև ինդուստրիալ ծիրան աշխարհում ոչ մի երկրում չկա: Սկզբում պարզ է դառնում, որ ծիրանի գինի չի լինելու այդ նոր խմիչքը, քանի որ ծիրանի որակներն ու հատկանիշները բնական գինի ստանալու հնարավորություն չեն տալիս: Ուրեմն` ծիրանի հումքը պետք է թորվեր: Բնությունն ու մեր բնակլիմայական պայմաններն էլ պրոֆեսիոնալ կոնյակագործին հուշում են, որ մեզ մոտ շատ լավ է ստացվում հնեցումը, այսինքն` այդ խմիչքը պետք է հնեցում անցնի: Գաղափարն ու նպատակը պարզ էին, մնում էր այն կյանքի կոչել:

Հենց թորման ժամանակ էլ սկսում են առաջանալ խնդիրները: Առաջին փորձի ժամանակ` 2003 թ., 20-30 տոննա ծիրան, դժբախտաբար, կոյուղու բաժին է դառնում, ինչը սակայն շատ բան է սովորեցնում Կարեն Խաչիկյանին: Օրինակ` քանի որ ծիրանը մեզ մոտ ամենավաղ հասնող մրգերից է և հասունանում է այն ժամանակ, երբ դրսում +36 աստիճան է, իսկ Արարատյան դաշտում` +40, դժվարությունը դառնում է ակնհայտ, քանի որ ծիրանի հումքը պետք է խմորել +25 աստիճանում: Բացի այդ, համարյա բոլոր մրգերից կարելի է հյութ ստանալ, իսկ ծիրանը հյութ չունի, այլ` խյուս: Այսինքն` ծիրանի դեպքում գինեգործական սարքավորումները չեն կարող աշխատել, ուստի մտածում ու հարմարեցնում են հատուկ տեխնիկա, որը կկարողանար խյուսով աշխատել: Հետո արդեն սկսվում է «Աբրիկոնի» հնեցումը:

Աբրիկոն

Այնուհետև ծագում է այն հարցը, թե ինչ տարայի մեջ պետք է շշալցվի «Աբրիկոնը», որ լինի բացառիկ, շեշտվի նրա հայկականությունը, լինի նրբակիրթ, գեղեցիկ և ոչ «ռաբիս»: Որոշվում է, որ «Աբրիկոնի» շշի մեջ պետք է լինի Արարատ լեռը: Հաջողվում է ունենալ նաև այդ շիշը:

Դրանից հետո արդեն գալիս են շուկա մուտք գործելու, ընկալվելու, վաճառքը կազմակերպելու և հարակից այլ խնդիրներ:

- Դժվարություններ եղել են, կան, և եթե աշխատում ենք` հաստատ դեռ լինելու են: Ամեն դեպքում, երբ մարդու մտքին ինչ-որ բան հստակ կա, նա իր նպատակին կհասնի: Սովորաբար, երբ գաղափարը կյանքի կոչելուց հետո նայում ես, թե ինչի ես հասել, ամեն ինչ թվում է պարզ ու հանճարեղ, բայց երբ մտաբերում ես թե ինչեր ես հաղթահարել»,- ժպիտով հիշում է «Աբրիկոնի» ստեղծողն ու կրկնում Մարկ Տվենի խոսքերը,- «Նրանք չգիտեին, որ դա անհնար է, դրա համար էլ արեցին դա»:

Հաջողության հասնելու «գաղտնիքը» Կարեն Խաչիկյանը հաճույքով փորձում է բացել. երբ մարդն ասում է, որ իր գաղափարն անհնար է, ուրեմն այն երբեք չի իրագործի` մտածելով, որ երբեք չի հաջողի, եթե անգամ այն շատ էլ հնարավոր է:

- Այն մարդիկ, որոնք ասում են` չէ, հնարավոր է, ու քայլեր են անում այն իրագործելու ուղղությամբ, հենց նրանք են ի վերջո հաջողության հասնում: Ես հակված եմ այդ կարծիքին: Ոչ մի լիմիտ չկա, ուղղակի պետք է անկեղծ դրան հավատալ: Ու դա օգնում է: Պարզ է` չի կարելի պառկել բազմոցին ու հավատալ, թե մտածածդ հրաշալի գործ կդառնա և այլն, դրա համար պետք է շատ աշխատել, բայց ընդամենն ամեն մի հիմար, սխալ բանի համար կամ ամեն ապուշությունից չհիասթափվելով պետք է առաջ գնալ»,- ասում է Կարեն Խաչիկյանը` հավելելով:- Այնպես չէ, որ Հայաստանում ամեն ինչ շատ վատ է, իսկ դրսում` շատ լավ:

Նա հիշեցնում է Էդիսոնի օրինակը, որ առաջին էլեկտրական լամպը ստեղծեց տասհազարերորդ փորձից հետո միայն.

- Այսինքն` եթե մարդը հազարերորդ փորձից հետո հիասթափվեր, ինքը չէր լինի այդ լամպի հեղինակը, այլ կլիներ ուրիշը, որն այդքան համբերություն կունենար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: