Հայերեն   English   Русский  

Հայրենադարձություն ու հրաշալի մտահղացում հայրենիքում


  
դիտումներ: 2596

Լոռի Ալվանդյանը ծնվել է Նյու Ջերսիում: Նրա բեյրութահայ ու թեհրանահայ ծնողները 80-ականներին հանդիպել են Միացյալ Նահանգներում, ամուսնացել ու մնացել այնտեղ: Լոռին խոստովանում է, որ իր ծնողները երբեք ակտիվ չեն եղել հայ համայնքում, իսկ ինքն ընդհանրապես համայնքի հետ որևէ կապ չի ունեցել: Անգամ հայերեն չի իմացել ու չի շփվել հայրենակիցների հետ:

Կալիֆոռնիայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա մագիստրատուրայում (Նյու Յորքում, տեղեկատվական և գրադարանային գիտությունների ոլորտում) սովորելու տարիներին էլ Լոռին ակտիվություն չի ցուցաբերել հայ համայնքի, հայկական միջավայրի կամ հայ իրականության նկատմամբ: 2014 թ. փետրվարին, սակայն, պատահաբար իմանալով «Դեպի Հայք» ծրագրի մասին, որի նպատակն է զարգացնել ու ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների կապերը, նա հանկարծ ցանկություն է հայտնում այդ ծրագրով գալ Հայաստան: «Ես երբևէ որևէ կապ չէի զգացել այս երկրի հետ, բայց երբ եկա` այդ կապը միանգամից զգացի: Երևի դա նաև նրանից էր, որ ես ինձ երբևէ Միացյալ Նահանգներում չէի զգացել ինչպես տանը»,-ասում է Լոռին, որի հետ շփումն առայժմ անգլերեն է:

Առաջին այցը հայրենիք որոշիչ է լինում: 4 ամիս Հայաստանում մնալուց հետո Լոռին հասկանում է, որ այլևս չի ուզում վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նա երկարացնում է Հայաստանում մնալու ժամկետներն անորոշ ժամանակով: Աղջկա որոշումն անակնկալ էր առաջին հերթին ծնողների համար, որոնք դեռևս այն ժամանակ, երբ Լոռին նրանց ասել էր, որ Հայաստան է գնալու, արձագանքել էին` խե՞նթ ես:

Հայաստանը սիրելու և այստեղ մնալու համար ամենևին էլ խենթ պետք չէ լինել: Շփվելով բազմաթիվ հայերի հետ, շրջելով ողջ երկրում՝ Լոռին հասկանում է, որ այստեղ ավելի մեծ բան կա, քան Միացյալ Նահանգներում: «Իմ կարծիքով` կյանքն այստեղ ավելի հեշտ է` չնայած այն հանգամանքին, որ մարդիկ օրնիբուն պայքարում են և փոխարենը քիչ բան ունեն: Նրանք դեռևս երջանիկ են և գնահատում են կյանքը, ինչը չես տեսնի Միացյալ Նահանգներում, որտեղ մարդիկ շատ ավելին ունեն»,-ասում է նա:

Լոռիի համար Հայաստանում ապրելը նաև իր ինքնությանը վերադառնալու, իրեն ճանաչելու միջոց է, ուստի նա շատ է կարևորում իր կյանքում այս շրջափուլը:

Նա աշխատանքի է տեղավորվում Հայաստանի ամերիկյան համալսարանում, ինչը, իր կարծիքով, կարևոր ու մեծ սկիզբ էր այստեղ գործունեություն սկսելու համար: Խոստովանում է, որ Հայաստանում մնալու որոշման համար պարտական է նաև իր գործընկերներին, ուսանողներին և ընդհանրապես, համալսարանին:

Ինչպես հայրենադարձներից շատերը, Լոռին նույնպես խոսում է այն մասին, որ Սփյուռքում ճիշտ չեն գնահատում Հայաստանի ներկա իրավիճակը և առանց Հայաստանը ճանաչելու` միայն վատ կողմից են այն տեսնում: «Այո, եթե ուզենաս միայն վատը տեսնե`, կտեսնես, բայց չէ՞ որ այդ վատի կողքին կան նաև այնքան շատ լավ բաներ: Պետք է նաև դա տեսնել ու գնահատել: Ես միայն լավի վրա եմ կենտրոնացել ու խորհուրդ կտամ բոլոր սփյուռքահայերին` գոնե մեկ անգամ գալ Հայաստան և ինքնուրույն կարծիք կազմել այս երկրի մասին»:

Ապրելով, ճանաչելով ու սիրելով Հայաստանը՝ նա հասկանում է, որ ինքն էլ իր հերթին պետք է ինչ-որ բան տա այս երկրին, որտեղ խնդիրներն ու հարցերը շատ-շատ են ու բազմազան, որպեսզի Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղից ոչ ոք այլևս չի ցանկանա հեռանալ:

Լոռին այժմ տարված է մի յուրօրինակ գաղափարի իրագործման աշխատանքներով: Նա պատրաստվում է Հայաստանում հանրային գրադարաններ ստեղծել. նպատակը գրականության և ընթերցանության նկատմամբ հանրային լայն հետաքրքրություն ու սեր արթնացնելն է: Ծրագիրն իրականացվում է «Դեպի Հայքի» միջոցով ստացված դրամաշնորհով:

Ծրագիրը հետևյալն է. կառուցվելու են փոքրիկ, փայտե տուփեր, որոնց մեջ լցվելու են տարատեսակ գրքեր, տեղադրվելու են հանրային վայրերում՝ այգիներում, մետրոյի կայարանների մոտ, սաղարթախիտ ծառերի տակ և այլն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ցանկացած պահի գիրք ընթերցել՝ ճիշտ ժամանակին գտնելով ճիշտ գիրքը:

Գրադարաններն աշխատելու են «վերցրու գիրք, վերադարձրու գիրք» սկզբունքով: Այսինքն` օգտվողը կարող է վերցնել որևէ գիրք, իսկ փոխարենը մեկ այլ գիրք դնել այնտեղ մեկ ուրիշի համար:

Այս փոքրիկ, ազատ գրադարանները, որի գաղափարը գալիս է Միացյալ Նահանգներից, զուտ գրքերով լի արկղ չէ, այլ համայնքը միավորելու, մարդկանց համար մտքեր, գաղափարներ, պատմություններ փոխանակելու արդյունավետ միջոց:

Լոռին համոզված է, որ այս ծրագիրն իրագործելով՝ իրենք կնպաստեն ընթերցանության մշակույթի զարգացմանը հասարակության բոլոր տարիքային խմբերում:

Լոռին և իր գործընկերներ Սաթենիկն ու Նինան ծրագիրը սկսելու են Երևանի կենտրոնից՝ սկզբի համար տեղադրելով մոտ 15 գրադարան:

«Այս պահին մենք նվիրատվությունների միջոցով հավաքում ենք գրքեր բոլոր լեզուներով, սակայն շեշտը, իհարկե, դրված է հայերեն գրքերի վրա»,- ասում է Լոռին և օգտվելով առիթից՝ խնդրում գրքեր նվիրել իրենց գրադարաններին:

Մենք էլ մեր հերթին ենք կոչ անում բոլոր նրանց, ովքեր ոգևորվեցին այս գաղափարով, օգնել կայացնելու այս հիանալի ծրագիրը, որը վստահ ենք` է՛լ ավելի ամուր կկապի հայրենադարձ աղջկան հայրենիքի հետ:

«Ես չգիտեմ՝ ինձ ինչ է սպասում ապագայում, բայց հենց հիմա կարող եմ ասել, որ ինձ զգում եմ ճիշտ տեղում: Գիտեմ, որ հիմա ես պե՛տք է լինեի այստեղ ու շատ կուզենայի, որ ընդմիշտ այստեղ էլ գտնեի իմ տունը: Մեծ հաշվով` ես երբե՛ք չեմ կարող լքել Հայաստանը»:

Հ.Գ.

Գրքեր նվիրելու համար կարող եք կապ հաստատել Լոռի Ալվանդյանի հետ նրա էլեկտրոնային փոստի միջոցով (lalvandian@gmail.com):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: