Հայերեն   English   Русский  

Դիպուկահարի գնդակից անվասայլակին գամված սպան իր ուսերին է վերցրել հաշմանդամներին «տներից հանելու» գործը


  
դիտումներ: 1492

Արդեն երեք տարի է` Արտյոմ Սահակյանն անվասայլակին է: Հայոց բանակի սպան 2010 թ. մարտի 1-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի սահմանը պաշտպանելիս հրաշքով փրկվել է: Մենք անդրադարձել ենք այդ պատմությանը և ներկայացրել, թե ինչպես էր նա Նոր կտակարանը դրել ծոցագրպանն ու գնացել մարտական հերթապահության, ու թե ինչպես էր այդ կտակարանը պաշտպանել նրա սիրտը մահացու գնդակից: Արտյոմն Աստծո կամքով փրկվել է, սակայն գամվել անվասայլակին. գնդակը վնասել է ողնաշարը:

Արտյոմին այն ժամանակ հանդիպել էինք Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Ասում էր, որ չի պատկերացնում իր կյանքն անվասայլակին գամված և անգամ եղել է պահ, որ ինքնասպանության մասին է մտածել: Նա հույս ուներ, որ քայլելու է և այդ հույսով էր ապրում:

Այսօր, սակայն, Արտյոմը լիովին այլ հոգեվիճակում է. ոչ թե փորձում է կյանքին վերջ տալ, այլ ինքն է փորձում կյանքով լցնել մյուս հաշմանդամներին: «Պետք է մարդկանց հանեմ տներից»,- օրեր առաջ ասում էր նա` պատմելով, որ հասարակական կազմակերպություն են հիմնել և զբաղվելու են հաշմանդամների խնդիրներով:
Փետրվարի 25-ին Արմավիր քաղաքում տեղի ունեցավ այդ կարևոր իրադարձությունը. արմավիրցիների առջև պաշտոնապես իր դռները բացեց «Արևի շող» հասարակական կազմակերպությունը, որի փոխնախագահն է Արտյոմ Սահակյանը: Կազմակերպության նպատակն է պաշտպանել Արմավիր մարզում բնակվող հաշմանդամների շահերը, նպաստել նրանց ներգրավմանը հասարակական, մշակութային, սպորտային կյանքին, աջակցել մասնագիտական կրթության զարգացմանը, ցուցաբերել բարոյահոգեբանական աջակցություն և այլն:
«Երբ նոր էր իմ դեպքը պատահել, հաստատ համոզված էի, որ պիտի քայլեմ ու դրանով էի ապրում, հիմա հաստատ համոզված եմ, որ չեմ քայլելու, բայց չեմ տխրում»,- ծիծաղում է Արտյոմը:

Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ հոգեբանական հեղաշրջումը: Արտյոմի խոսքով` մեկ այլ հաշմանդամի հետ շփվելով. «Երբ առաջին անգամ այդ հաշմանդամի հետ հանդիպեցի, որը հետագայում ընկերս դարձավ, Կարմիր խաչի հիվանդանոցում էի: Նա էլ էր այնտեղ: Դուրս էի եկել բալկոն, որ ինձ վնասելու ելքեր փնտրեմ: Հարցրեցի` քանի՞ ամսվա հիվանդ ես, ասաց` ի՜նչ ամիս, 20 տարի է` սայլակին եմ: Զարմացա` քսան տարի մարդ սայլակի վրա կապրի՞: Դրանից հետո երկար զրուցեցինք, իմ մեջ ինչ-որ բան փոխվեց, համենայն դեպս` հաջորդ օրն արդեն չէի մտածում ո՛չ սայլակի մասին, ո՛չ ինքնասպանության»:

Անցնում է որոշ ժամանակ, Արտյոմը փորձում է ինտեգրվել ակտիվ կյանքին, աշխատանք գտնել, սակայն չէր հավատում, որ Հայաստանում հաշմանդամին կարող են աշխատանք առաջարկել, և երբ մի օր լսում է, որ հաշմանդամների աշխատատեղերի մրցույթ է հայտարարված, հանդիպում է անցկացվում, չի էլ գնում մասնակցելու: Այնուամենայնիվ, ռեզյումեն ուղարկում է: Անսպասելի էր, բայց նրան աշխատանքի են հրավիրում, իսկ գործատուն Արտակարգ իրավիճակների նախարարությունն էր: Արտյոմին մի քանի նախապատրաստական դասընթացներից հետո վերցնում են աշխատանքի: «Դա միակ միջավայրն է, որտեղ ես ինձ չեմ զգացել որպես հաշմանդամ»,- խոստովանում է նա:
Մի քանի ամիս անց, սակայն, Արտյոմը ստիպված էր դուրս գալ աշխատանքից` մեկնելով Ուկրաինա երկարատև բուժման: Երբ վերադառնում է, նրան արդեն առաջարկում են միանալ ստեղծվելիք հասարակական կազմակերպությանը, ու նա սիրով լծվում է աշխատանքի:

«Հաշմանդամները, որպեսզի աշխատանք ունենան, նախ պետք է նորմալ կրթություն ստանան, բայց մեզ մոտ հաշմանդամների ծնողները խուսափում կամ ամաչում են իրենց երեխաներին դուրս հանելուց: Էդ երեխաներն էլ զրկվում են կրթվելու հնարավորությունից, հետագայում չեն կարողանում շփվել, հասարակության լիարժեք անդամ դառնալ: Մեր հասարակության աչքն էլ հաշմանդամի սովոր չի տեսնել, որովհետև տներում փակված են, դուրս չեն գալիս»,- ասում է նա:

Կարծում է, որ նաև դա է պատճառը, որ հասարակությունն էլ չի կարողանում ճիշտ շփվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Պատմում է, որ մի օր հաշմանդամ ընկերոջ հետ անվասայլակներով գնացել էին սուպերմարկետ գնումների, երբ հանկարծ երկուսն էլ հասկացան, որ չեն կարողանում իրենց անհրաժեշտ ապրանքը վերցնել, քանի որ պահարանի վերնամասում է դրված: «Թախծոտ հայացքով նայում ենք կետչուպին, բայց երկուսիս ձեռքն էլ չի հասնում: Կողքիս հսկիչ վաճառողուհին էր կանգնած, նայում էր, բայց չէր մոտենում, որ օգնի: Էդ ժամանակ ընկերոջս բարձր ձայնով ասացի` դու գնա պահարանի հետևամասում կանգնիր: Ընկերս գնաց-կանգնեց ու զարմացած սպասում է, թե ինչ եմ ասելու: Ասացի` ես հիմա իմ ձեռքի կոտլետը կշպրտեմ, կդիպչի կետչուպին, կետչուպը հետևի կողմից հենց ընկնի, վերցրու: Նոր էդ աղջիկը վազելով մոտեցավ…»:

artyom 001Բայց ամենալուրջ կարծրատիպը, որ Արտյոմն ուզում է մեկընդմիշտ արմատախիլ անել հասարակության մեջ, հաշմանդամին խղճալու մոտեցումն է: «Ինձ խղճալ պետք չի, ես շատ ակտիվ կյանքով եմ ապրում, ինչ-որ անհասանելի իրավիճակներ լինում են, բայց դրանք հաղթահարվում են: Ինձ համար խղճալը խորթ բան է, խղճում են թշնամուն»:
«Արևի շողի» բացմանը մասնակցելու նպատակով Երևանից ժամանել էին նաև «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպությունների ղեկավարները, որոնց աջակցությամբ ու ֆինանսավորմամբ էլ կառույցը կյանքի է կոչվել: Ցավոք, ո՛չ Արմավիրի մարզպետը, ո՛չ էլ Արմավիրի քաղաքապետը, որոնք հրավիրված էին միջոցառմանը, ներկա չէին, մինչդեռ նրանց ներկայությունը կոգևորեր նորաստեղծ կազմակերպության երիտասարդ ղեկավարներին և հույս կներշնչեր, որ իրենք նաև պետության կողմից են աջակցված: Փոխարենը նրանց իրենց ջերմ խոսքերով, նվերներով, պատվոգրերով շնորհավորեցին ու բարեմաղթանքներ հղեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Արտյոմն ու կազմակերպության նախագահ Գարիկ Մագթաղյանն էլ, որը նույնպես տարիներ ի վեր անվասայլակին է, խոստացան անել անգամ անհնարինը, որպեսզի մարզի հաշմանդամների խնդիրները բարձրաձայնվեն ու լուծումներ ստանան:

IMG_3269Ի դեպ, այդ ողջ ընթացքում Արտյոմից անբաժան էր նրա 3-ամյա որդին` Արամեն, որը լույս աշխարհ է եկել հոր հետ կատարված ցավալի դեպքից մի քանի ամիս անց: Իսկ մինչ դեպքը Արտյոմն արդեն երկու աղջիկ ուներ: Հետաքրքիր է, որ իր հետ կատարվածից հետո Արտյոմը ոչ մի վայրկյան չի մտածել որդուն ապագայում զինվորական ծառայությունից ազատելու կամ նման բաների մասին: Հայ սպայի մոտեցումներն ու սկզբունքները հայրենիքի, բանակի և իր պարտավորությունների վերաբերյալ չեն փոխվել:

Նրա դեպքում երևի այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հայրենիքի հանդեպ պարտքի զգացողությունը Արտյոմի մեջ սերմանվել է գենետիկորեն և ամրապնդվել հորից ստացած դաստիարակությամբ:

Արտյոմի հայրն էլ, հորեղբայրն էլ ազատամարտիկներ են եղել, վիրավորվել են արցախյան պատերազմի ժամանակ, և այսօր հայրը հպարտորեն ասում է, որ արժանի զավակ է տվել մայր հայրենիքին:

artyom 003«Դա օրինաչափություն է, մեր գենը դա է,- ասում է հայրը` Արամ Սահակյանը,- երբ որդուս հետ տեղի ունեցածի լուրն իմացա, առաջին հերթին աչքիս առաջ եկան էն ընկերներս, որոնց մարտադաշտում կորցրել էի: Աստծուն խնդրեցի, որ տղաս ողջ մնա… Ինչ վերաբերում է նրան, որ նա էսօր հաշմանդամ է, ես ֆիզիկական հաշմանդամությունը հաշմանդամություն չեմ համարում, մարդ պիտի հոգեպես հաշմանդամ չլինի: Իսկ եթե պատերազմ լինի, կրկին մենք ենք պաշտպանելու մեր հողը, ես իմ թոռանն էլ եմ ծնված օրվանից էդ ոգով դաստիարակում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: