Հայերեն   English   Русский  

​Ցմահների առումով տաբու է դրված. Ավետիք Իշխանյանը ցմահ ազատազրկվածների խախտված իրավունքների մասին


  
դիտումներ: 1421

Ցմահ ազատազրկման դատապարտված մոտ հինգ տասնյակ անձինք հացադուլ են հայտարարել իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նաև նամակ են հղել երկրի նախագահին, որով մատնանշում են ցմահ ազատազրկվածների իրավունքների ոտնահարումները և կոչ անում վերականգնել արդարությունը:

Վերջին շրջանում ցմահ ազատազրկվածների իրավունքների մասին հաճախ են սկսել խոսել: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով` պատճառը հանրային ընկալման փոփոխությունն է: «Նախկինում շատերը կարծում էին, որ ցմահ ազատազրկվածները շատ ծանր հանցագործություններ են կատարել, որ իսկական հրեշներ են, չմտածելով, որ իրենք իսկ չեն վստահում Հայաստանի դատական համակարգին, այդ նույն համակարգի սխալների պատճառով անմեղ մարդիկ կարող են այդ վիճակում հայտնված լինել»,- ասում է Իշխանյանը:

Չնայած հանրային ընկալման փոփոխությանը` նրանց իրավունքների ապահովման, վիճակի բարելավման առումով տեղաշարժեր դեռևս չկան: Իշխանյանի կարծիքով` փոփոխություններ չկան, քանի որ վերևներում համապատասխան քաղաքական որոշում չկա:

Իշխանյանը նշում է, որ Հայաստանը 100 հազար բնակչին բաժին ընկնող ցմահ ազատազրկվածների թվով Եվրոպայում առաջիններից մեկն է, ինչը լուրջ ցուցանիշ է: Հայաստանում 104 ցմահ ազատազրկված կա:

«Ցմահ ազատազրկվածների հետ կապված առաջին խնդիրն առաջացավ 2003-ին»,- ասում է Իշխանյանը:- Մինչ այդ բարձրագույն պատիժը մահապատիժն էր, բայց 1991-ից մորատորիում կար, այսինքն` դատավճիռը կայացվում էր, բայց չէր իրականացվում: 2003-ին Եվրոպայի խորհրդի պահանջով Հայաստանում դե յուրե վերացվեց մահապատիժը: 2003-ին ընդունված քրեական նոր օրենսգիրքը բացառում էր մահապատիժը, և ամենածանր պատիժը ցմահ բանտարկությունն էր: Այդ ժամանակ Հայաստանում մահապատժի դատապարտված 42 անձ կար: Քրեական օրենսգրքի ընդունումից հետո այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահվան դատապարտվածներին ներում շնորհվեց: Մեկ այլ հրամանագրով, սակայն, նրանք դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

«Իրավական կազուսը հետևյալն է. արդյոք նախագահը նրանց ներում շնորհելու իրավունք ունե՞ր: Այո, դա նրա իրավասությունն էր, չնայած դիմում չկար: Ներում շնորհելուց հետո նա իրավունք ունե՞ր նրանց ցմահ ազատազրկում տալ: Ոչ: Ներումից հետո դատարանները պետք է քննեին նրանց գործերը»,- ասում է Իշխանյանը:

Հարցին, թե ինչ կլիներ, եթե նախագահը մահապատիժը վերացնելուց հետո ներում չշնորհեր մահվան դատապարտվածներին, Իշխանյանը պատասխանում է. «Այդ 42 անձանց գործերը դատարանները ևս մեկ անգամ պետք է քննեին: Չի բացառվում, որ բոլորին էլ ցմահ ազատազրկում տային: Ոչ ոք այդ պարագայում չէր կարողանա բողոքել: Բայց ներում շնորհելուց հետո դատարանները պետք է վերանայեին այդ անձանց գործերը և որևէ մեկին ցմահ ազատազրկում չնշանակեին»:

Իշխանյանն ասվածն այսպես է հիմնավորում. նախկին քրեական օրենսգրքով մահվան դատապարտվածներին ներում շնորհելու պարագայում 15-20 տարի ազատազրկում էր նշանակվում: Եվ այդ դատապարտյալների պարագայում դատարանը պետք է առաջնորդվեր նախկին քրեական օրենսգրքով, քանի որ նոր օրենսգրքով ամենածանր պատիժը ցմահ ազատազրկումն է, իսկ ներում շնորհելուց հետո ամենածանր պատիժ` ցմահ ազատազրկում նշանակելը մեղմացնող հանգամանք չէր պարունակում:

«Քանի որ Հայաստանում որևէ դատարան չէր կարող գնալ նախագահի դեմ, հետին թվով նրանց բոլորին ցմահ տվեցին, ինչն անօրինական էր»,- ասում է Իշխանյանը` հավելելով, որ այս ողջ ընթացքում ցմահ ազատազրկվածների գործերը դատական կարգով վերանայելու բոլոր փորձերը ձախողվել են:

Խոսելով ցմահ ազատազրկվածների իրավունքների հաջորդ խախտման մասին` Իշխանյանը նշում է, որ 2011-ին քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, որով միջանկյալ պատիժներ նշանակվեցին: Մինչ այդ 15 տարի ազատազրկումից ավելի մեծ պատիժը ցմահ ազատազրկումն էր: Փոփոխությամբ սահմանվեց նաև 20 և 25 տարի ազատազրկման հնարավորություն:

«Փոփոխություններն այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բացատրեց նրանով, որ հաճախ դատարանները չեն կողմնորոշվում որը տալ, 15 տարվա և ցմահի միջև ճեղքվածքը մեծ է, ուստի անհրաժեշտ է միջանկյալ պատիժ սահմանել,- ասում է Իշխանյանը:- Այստեղից միանգամից բխում է հետևյալը. եթե չեն կողմնորոշվում, ապա հնարավոր է, որ շատերին 20 կամ 25 տարի ազատազրկում տալու փոխարեն ցմահ են տվել: Ցմահների գործերը պետք է վերանայվեին, բայց նորից գործերը վերանայելու բոլոր փորձերը դատարանները մերժեցին` հիմնավորելով, թե օրենքը խստացնող է, ոչ թե մեղմացնող: Դա կարող էր խստացնող լինել, եթե 15 տարվա դատապարտվածը դիմեր, բայց ցմահի դեպքում դա մեղմացնող է»:

Իշխանյանը մատնանշում է ևս մեկ խնդիր: Եվրոպայի խորհրդի պահանջներից է, որ ցմահ ազատազրկվածը պետք է ազատվելու հույս ունենա, օրենքը նրան վաղաժամկետ ազատվելու հնարավորություն պետք է տա: Հայաստանյան օրենսդրությունն էլ ցմահ ազատազրկվածների վաղաժամկետ ազատման հարցի քննարկման հնարավորություն է տալիս պատիժը 20 տարի կրելուց հետո: Դրական նախադեպ, սակայն, դեռևս չկա:

«Նրանց համոզում են, խնդրում են հետաձգել վերանայումը, չնայած այդ 20 տարվա ընթացքում որևէ զանցանք չեն կատարել, կամ 20 տարին լրանալուց առաջ նրանց վարչական տույժի ենթարկելու ձև են գտնում, որպեսզի վաղաժամկետ չազատվեն: Սա նույնպես փակուղի է»,- ասում է Իշխանյանը:

Օրենքը պատժի կրումից ազատվելու հնարավորություն է տալիս նաև որոշակի ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալներին: Բայց այս առումով էլ խնդիր կա: Արդեն ամիսներ առաջ հայտնի էր, որ ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանը ծանր հիվանդ է, իշեմիկ կարդիոմիոպաթիա ունի՝ 3-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ, որն անհամատեղելի է պատժի կրման հետ: Մինչ օրս, սակայն, Քոչարյանն անազատության մեջ է: Երկարատև պայքարից հետո նրա ազատման հարցը միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությամբ դատարան է մտել:

Իշխանյանի խոսքով` ցմահ ազատազրկվածների դեպքում դեր չի խաղում նաև նոր երևան եկած հանգամանքների առկայությունը:

«Երկու հոգու` Սողոմոն Քոչարյանի և Արթուր Մկրտչյանի գործերով նոր երևան եկած հանգամանքներ կան: Սողոմոն Քոչարյանի գործով մեղադրող դատախազը հարցազրույց է տվել և ասել, որ նրա նկատմամբ 96-ին սխալ էր մահապատիժ պահանջելը, մահապատժի հարց չէր, բայց Իրանի դեսպանատնից այնպիսի քաղաքական ճնշում եղավ, որ ստիպված են եղել մահապատիժ տալ: Արթուր Մկրտչյանի առումով էլ այն ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ համոզված է` Մկրտչյանը սպանել է երեք, ոչ թե հինգ հոգու»,- ասում է նա:

Երկու գործերով էլ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դատարան է դիմել, բայց ապարդյուն: Մերժումների պատճառը, ըստ Իշխանյանի, քաղաքական որոշման բացակայությունն է. «Ցմահների առումով տաբու է դրված: Հանրապետության նախագահը որևէ կերպ չի ուզում ցմահների հետ կապված ճեղք բացել, որ ազատվեն»:

Հարցին, թե ինչ քայլեր են հարկավոր, որպեսզի իրավիճակը Հայաստանում շտկվի, Իշխանյանն ասում է. «Փորձել ենք ամեն ինչ անել, անգամ ցմահների հիմնախնդիրներով միջազգային գիտաժողով ենք հրավիրել, առաջարկություններ ենք ներկայացրել, դատական գործերով ենք դիմում, քննարկումներ ենք կազմակերպում, բայց առայժմ փակուղի է: Ամեն դեպքում՝ հույս ունենք»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: