Հայերեն   English   Русский  

Միայնակ մայրն ու մեկամյա փոքրիկը ձմեռվա ցրտին` առանց ջերմության


  
դիտումներ: 2159

Ներս եմ մտնում Գոհարի մեկսենյականոց բնակարան: Այնքան ցուրտ է, որ վերարկու հանելն անիմաստ է: Ինքը` տանտիրուհին, տնային հագուստով է, հավանաբար, հարմարվել է «կլիմային»:

Հյուրասենյակից անցնում ենք փոքրիկ ննջասենյակ, որտեղ նրա մեկ տարեկան դուստրն է քնած` համարյա դրսի հագուստով: Ասում է, որ այսօր տանը դեռ տաք է, որովհետև հոսանք ունի և կարողացել է գոնե երեխայի սենյակում էլեկտրական վառարան միացնել: Իսկ մի քանի օր առաջ երեխային վերարկուով քնեցնում էր, վերարկուով արթնացնում, քանի որ հոսանքն անջատված էր:

Գոհարը միայնակ մայր է: 37-ամյա կնոջ պատմությունը տխուր է, զայրացնող ու անհեթեթ:
Հայրական ջերմ ու ապահով ընտանիքում մեծացած աղջիկը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կհայտնվի այս վիճակում: Իսկ ամեն ինչ սկսվեց նախ ծնողների վաղաժամ մահից: 2002 թ. մահացավ մայրը, նրանից մի քանի օր անց` հայրը: Երկուսն էլ` մոտ 50 տարեկան:

gohar-eghbor hetԱյդ օրվանից Գոհարն ու եղբայրն ապրում էին միայնակ: Եղբայրն աշխատում էր էլեկտրացանցում, և վաստակած գումարով կարողանում են քիչ թե շատ նորմալ ապրել: Գոհարը մասնագիտությամբ բուժքույր էր, բայց եղբայրը չէր թողնում, որ աշխատի, ասում էր` ի՞նչդ է պակաս, ես աշխատում եմ` հերիք է:

2010 թ. եղբայրն ամուսնանում է: Նրա ընտրությունը Գոհարի սրտով չէր, բայց դե ոչինչ անել չէր կարող: Իսկ երբ մեկ-երկու ամիս անց նորահարսը տանը գրանցվելու խոսակցություններ է բացում, դա արդեն Գոհարին հունից հանում է. «Իմ ստորագրությունն էր պետք, բայց ես համաձայն չէի: Գիտե՞ք ինչ, եթե դեռ եկած-չեկած էդ հարցը չբարձրացներ, դեմ չէի լինի: Բայց եթե ինքը եղբորս սիրող էր, էդ խոսակցությունը չպիտի բացեր: Ես զգացի, որ ինքն իմ եղբորը չի սիրում, տան համար է եկել, ու պրինցիպի ընկա: Էդպես հարաբերությունները լարվեցին: Եղբորս հետ էլ արդեն լավ չէինք»:

Երբ քրոջ ու եղբոր միջև հարսի պատճառով սև կատու է անցնում, հարցը լուծելու միակ ճանապարհը մնում է տունը վաճառելը, գումարը կիսելն ու առանձնանալը: Հենց այդ ժամանակ էլ Գոհարը պարզում է, որ ծնողների տան ժառանգորդը միայն եղբայրն է, ինքը ոչինչ չունի: Ծնողների մահից հետո եղբայրը գնացել էր նոտարական գրասենյակ և որպես միակ ժառանգորդ ներկայացել, բայց Գոհարը չի կարծում, թե եղբայրն այդ քայլը դիտավորյալ է արել:

Ինչևէ: Իր իրավունքները վերականգնելու համար նա դիմում է դատարան, դատարանը բավարարում է պահանջը:

gohar-yntanirov

Երբեմնի ընտանեկան ջերմ բնակարանը, որտեղ ընտանիքը հաշտ ու համերաշխ ապրում էր, վաճառում են, բաժանում երկու հավասար մասի: Գոհարն իրեն բաժին հասած գումարով կարողանում է մեկսենյականոց բնակարան գնել Զեյթունում և եղբոր ընտանիքին հրաժեշտ տալ` այլևս նրանց հետ չշփվելու որոշմամբ:

Դժվար էր համակերպվել միայնությանը: Բայց պետք էր կյանքը շարունակել, անձնական կյանք կառուցել, արդեն 30-ն անց էր: Ցավոք, այդ հարցում էլ բախտը չի բերում. պարզում է, որ տղամարդը, որի հետ ոչ օրինական ձևով ամուսնացել էր, հարբեցող է, թմրամոլ, անգամ հոգեկան խնդիրներ ունի: Այդ ամենն իմանալուն պես` Գոհարը հեռանում է նրանից, բայց արդեն հղի էր:

Երբ փոքրիկ Ռոզին ծնվում է, Գոհարի միակ ուրախությունն ու սփոփանքն է դառնում այս կյանքում: Բայց ուրախության հետ մեկտեղ առաջ են գալիս սոցիալական ծանր խնդիրներ, որոնք լուծելու համար ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ հարազատ, ո՛չ օգնող: Դա դեռ քիչ է, ծննդաբերությունից հետո էլ պարզում է, որ առողջական խնդիրներ ունի (արգանդի միոմա) և պետք է վիրահատվի: Նորածին երեխան ձեռքին կրկին հիվանդանոց է ընկնում: Մի կերպ այդ դժվարությունն էլ է հաղթահարում:

Գոհարի միակ նեցուկը մի հասարակական կազմակերպություն էր, որը մեծ միջոցներ չունենալով` կարողացել էր 37 000 դրամ տրամադրել նրա հոսանքի պարտքի մի մասը վճարելու համար, որպեսզի մինչ մայրն ու երեխան հիվանդանոցից վերադառնան` հոսանքը միացված լինի: Գոհարի խոսքով` կազմակերպության նախագահն անձամբ է գումարը տվել տեսուչին, որը, սակայն, վճարում չէր կատարել, այլ գումարը յուրացրել էր: Կազմակերպության նախագահն անգամ ոստիկանություն էր դիմել, բայց քանի որ գումարը տրվել էր առձեռն` առանց որևէ փաստաթղթային հավաստագրի, գործ չէր հարուցվել:

Այդպես Գոհարն ու նորածինը շուրջ վեց ամիս անց են կացնում առանց էլեկտրականության: Ասում է, որ երեխային լողացնում էր գազի վրա ջուրը տաքացնելով: Բայց եթե գարնանն ու ամռանը կարելի է փոքրիկ գազօջախով մի կերպ կենցաղային հարցերը լուծել, աշնանն ու ձմռանը վրա է հասնում ցուրտը: Այս ցրտաշունչ ձմռանը բնակարանում հոսանք չմիացնել, նշանակում էր մահվան դատապարտվել:

Գոհարի ողջ եկամուտը 21 000 դրամ նպաստն է, որից մի կերպ խնայողություն է անում, մաս-մաս հոսանքի պարտքը մարում: Բայց հունվարի վերջին տեսուչը կրկին հոսանքն անջատում է` ասելով, թե իբր կրկին մեծ պարտք է գոյացել: Գոհարը կասկածներ ունի, որ տեսուչն իր հոսանքի գումարն ավելի է գրում, որպեսզի վրեժխնդիր լինի իր դեմ ոստիկանություն բողոք ներկայացնելու համար: «Ախր ես ո՛չ սառնարան եմ միացնում, ո՛չ հեռուստացույց, միայն մի թույլ պլիտա է, որտեղի՞ց է էդքան գումար հավաքվում»:

Նրա էլեկտրաէներգիայի հարցն անգամ Հանրային խորհուրդ է հասնում: Նման հարցերով, իհարկե, խորհուրդը չի զբաղվում, բայց ՀԽ համապատասխան հանձնաժողովները կամ ՀԽ աշխատակազմը փորձում են հնարավորության սահմաններում պետական կառույցներին դիմել ու խնդիրներին լուծում տալ: Հենց նույն օրը ՀԽ աշխատակազմի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը փորձում է պարզել էլեկտրաէներգիայի անջատման իրական պատճառն ու էլեկտրիկի հետ կապված պատմությունը: «Բայց այստեղ հարցն ավելի խորքային է,- ասում է Բարխուդարյանը,- եթե մի բնակարանում կա նորածին երեխա ու անօգնական միայնակ մայր, ապա նրանց թողնել առանց գազի ու էլեկտրաէներգիայի, պարզապես չի կարելի, ինչքան էլ որ պարտքի խնդիր լինի: Պարտքը մարելու տարբեր եղանակներ կան, որոնք վաղուց նորմալ երկրներում կիրառվում են սոցիալապես ծանր վիճակում գտնվողների համար: Պետք է դրանք սովորել, ոչ թե միայնակ կնոջը փոքր երեխայի հետ ձմեռվա կեսին թողնել առանց ջերմության»:

Սակայն այս պատմության մեջ Հանրային խորհրդի աշխատակցին ամենաշատը զայրացրել է Զեյթունի էլեկտրացանցի մի աշխատակցուհու լկտի պահվածքը: «Երբ զանգեցի էլեկտրացանց և աշխատակցուհուն հարցը ներկայացնելուց հետո խնդրեցի միացնել իր ղեկավարի հետ, նա միանգամից հարձակվեց ինձ վրա մոտավորապես հետևյալ տոնով. «Լավ ենք արել` անջատել ենք, որտեղից ուզում եք զանգեք, մենք ոչ մեկից չենք վախենում»: Հավանաբար գործավարուհի էր, անգամ չներկայացավ ու այդպես էլ հեռախոսը վայր դրեց` առանց իր վերադասին միացնելու: Ես չգիտեմ, այդ կառույցում նմա՞ն որակի մարդիկ են աշխատում»:

ՀԽ աշխատակազմի ղեկավարն ավելի ուշ կապվում է հայէլեկտրացանցերի հյուսիսային մասնաճյուղի փոխտնօրենի հետ, որը խնդիրը լսելուց հետո հրահանգում է Գոհարի բնակարանի հոսանքը միացնել` խոստանալով պարզել նաև տեսուչի հետ կապված պատմությունը, սակայն հաջորդ օրը զանգահարում և ասում է, որ չի կարծում, թե դա նրա ձեքի գործն է, քանի որ «տեսուչը շատ լավ տղա է»: Այնուամենայնիվ նշում է, որ եթե մի տոկոս էլ կասկած ունենա, ապա «կաշին կքերթի»:

Գոհարի բնակարանի հոսանքն այս պահին անորոշ ժամկետով ու անորոշ կարգավիճակով միացված է: Հայտնի չէ, թե ինչպես է նա կարողանալու այդ 21 000 դրամ նպաստից և՛ իր ու երեխայի ծախսերը հոգալ, և՛ 60 000 դրամ հոսանքի պարտքը մարել:
Հանրային խորհուրդը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան` խնդրելով որևէ կերպ աջակցել միայնակ կնոջը: Ի՞նչ օգնություն կտրամադրվի կամ կտրամադրվի՞ արդյոք` դեռևս հայտնի չէ: Բայց որ նրանց այդ վիճակում թողնել չի կարելի, ակնհայտ է:

Գոհարն այսօր ի վիճակի չէ աշխատելու: Նախ` երեխային խնամող չկա, մանկապարտեզ տանելու համար էլ դեռ շատ շուտ է, բացի այդ, կեսարյան հատումով ծննդաբերությունը լուրջ հետևանքներ է թողել նրա առողջության վրա: Ասում է, որ մեջքի ցավից չի կարողանում կռանալ, գործ անել և ժամանակ առ ժամանակ այնպիսի ցավեր է ունենում, որ հազիվ է դիմանում: Ենթադրում է, որ դա կեսարյան հատման ժամանակ ողնաշարի սխալ ներարկման հետևանք է:

Փետրվարի 13-ին Ռոզին դարձել է մեկ տարեկան: Մորից բարեհամբույր բնավորություն ժառանգած մարդամոտ փոքրիկը հյուրերին ընդունում է ժպիտով: Նրա ժպիտը մոր միակ ուրախությունն է ճակատագրի այս դառը փորձությունների հերթագայության մեջ: Գոհարն ասում է, որ եղբայրը եկել է իր տուն, տեսել երեխային, շատ է սիրել, փոշմանել է ամեն ինչի համար, փորձել է հաշտվել, բայց իր սիրտը կոտրված է, չի կարողանում մոռանալ տեղի ունեցածը, ասում է` արդեն ուշ է…

Հ.Գ.

Նյութի տպագրման հաջորդ օրը "Հայաստանի էլեկտրական ցանցերի" լրատվական բաժնից զանգահարեցին Անկախի խմբագրություն և հայտնեցին, որ ուզում են Գոհարի հետ զրուցել և նրանից պարզել հոդվածում բարձրացված խնդիրները: Այնուհետև Գոհարի հետ կապ հաստատելով` "Հայաստանի էլեկտրական ցանցերի" աշխատակիցները նրան խոստացել են աջակցել, բացի այդ` պարզել, թե իրականում տեսուչը նման քայլեր կատարել է թե ոչ: Անկախ-ը հույս ունի, որ ընկերությունը կաջակցի միայնակ կնոջը և հետամուտ կլինի այդ հարցի լուծմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: