Հայերեն   English   Русский  

Երիտասարդ ծանրորդների տպավորիչ ելույթները


  
դիտումներ: 994

Ծանրամարտը թերևս միակ մարզաձևն է Հայաստանում, որից մենք սպասելիքներ ունենք, և ոչ միայն տղաներից, այլև աղջիկներից: Միջազգային մրցաշարերից մեր ծանրորդները գրեթե միշտ վերադառնում են հաղթանակած և մեդալներով: Հերթական անգամ ուրախացրեց ծանրամարտի երիտասարդական հավաքականը: Մեր ծանրորդները հաջողությամբ հանդես եկան հոկտեմբերի 3-10-ը Լիտվիայի Կլայպեդա քաղաքում կայացած մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:

Ծանրամարտի երիտասարդական հավաքականը ներկայացել էր 10 մարզիկով, որոնցից 7-ը մեդալ նվաճեցին: Ոսկե մեդալ նվաճեցին և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեցին ծանրորդուհի Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ, երկամարտի արդյունքը՝ 194 կգ) և ծանրորդ Սամվել Գասպարյանը (94 կգ քաշային կարգ, երկամարտի արդյունքը՝ 350 կգ): Արծաթե մեդալակիրներ դարձան Սմբատ Մարգարյանը (56 կգ քաշային կարգ, երկամարտի արդյունքը՝ 241 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ քաշային կարգ, երկամարտի արդյունքը՝ 350 կգ), Սոնա Պողոսյանը (69 կգ քաշային կարգ, երկամարտի արդյունքը՝ 213 կգ): Բրոնզե մեդալներ նվաճեցին Մարզպետ Մինասյանը (56 կգ քաշային կարգ, երկամարտի արդյունքը` 227 կգ) և Նորայր Ավետիսյանը (77 կգ քաշային կարգ, երկամարտի արդյունքը՝ 315 կգ): Նշենք, որ մինչև 20 տարեկանների 94 կգ քաշային կարգում պայքարը մեդալի համար ընթացավ Սամվել Գասպարյանի և Կարուշ Պողոսյանի միջև: Երիտասարդները երկամարտի տվյալներով գրանցեցին միևնույն արդյունքը (350 կգ): Անձնական թեթև քաշի շնորհիվ հաղթող ճանաչվեց Սամվել Գասպարյանը:

Իզաբելլա Յայլյան. «Հաջողության և հաղթանակի հասնելու գինը թանկ է»

Մրցաշարից ստացած տպավորությունների, հաղթանակի և հետագա ծրագրերի մասին զրուցեցինք Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն (2014, 2015) Իզաբելլա Յայլյանի հետ: Չնայած երիտասարդ տարիքին` 20-ամյա մարզուհին մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցումների, որոնցից հաճախ վերադարձել է մեդալներով: Հաղթանակից անմիջապես հետո էլ Իզաբելլան չի հանգստանում: Այժմ նա Հայաստանի ծանրամարտի կանանց ազգային հավաքականի կազմում մասնակցում է ուսումնամարզական հավաքի:

- Շնորհավորում եմ, Իզաբելլա: Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում 2-րդ տարին անընդմեջ ոսկե մեդալ եք նվաճում:

- Շնորհակալություն: Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում վերջին ելույթս էր: Մեծ ցանկություն ունեի հաղթելու: Բացի այդ, չեմպիոնի տիտղոսը պահպանելու պատասխանատվությունը մեծ էր:

- Ի՞նչ սպասումներ ունեիք մրցաշարից առաջ:

- Անհամեստություն չլինի, բայց մինչ առաջնությունը սկսելը, անկեղծ ասած, վստահ էի, որ մեդալով եմ վերադառնալու հայրենիք: Լավ մարզավիճակում էի:

- Մրցակիցներին ծանո՞թ էիք:

-Այո՛, միշտ էլ փորձում ենք տեղյակ լինել, թե մրցակիցներն ինչպիսի հնարավորություններ և հավակնություններ ունեն: Դա օգնում է տակտիկական պայքարում: Այս մրցաշարում էլ շատերին ծանոթ էի, գիտեի` ինչ ներուժ և հնարավորություններ ունեն:

- Ինչպե՞ս, ո՞ւմ խորհրդով սկսեցիք զբաղվել ծանրամարտով:

- Հայրիկս ծանրորդ է եղել, նրա խորհրդով և իմ ցանկությամբ ընտրեցի այս մարզաձևը, ինչի համար շատ ուրախ եմ : 2007-ից հաճախել եմ Երևանի ծանրամարտի մանկապատանեկան դպրոց և մարզվել Հրանտ Տոնոյանի գլխավորությամբ

- Հիշու՞մ եք Ձեր առաջին մրցելույթները:

- Մրցելույթներս սկսել եմ Հայաստանի առաջնություններում, միշտ առաջինն եմ եղել: 2009-ին առաջին անգամ մասնակցել եմ պատանիների Եվրոպայի առաջնությանը: Միջազգային մրցումներում հուզմունքը շատ է, պատասխանատվությունը` ավելի մեծ, քանի որ ներկայացնում ես երկիրդ:

- Սպորտում ո՞ւմ խորհրդին եք հետևում:

- Հայրիկիս և մարզչիս խորհուրդներով եմ առաջնորդվում այս ասպարեզում, անգամ նրանց քննադատությունն է ընդունելի:

- Կա՞ մեկը, ով Ձեզ համար օրինակ է ծառայում այս բնագավառում:

- Կուռքեր չունեմ, համեմատվել չեմ սիրում, բայց մեր ծանրորդուհիներից սովորելու շատ բան ունեմ, նրանք մեծ փորձ ունեն միջազգային հարթակներում և ինձ համար օրինակ են ծառայում:

- Իզաբելլա, սպորտից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Ազատ ժամանակ քիչ եմ ունենում, պարապմունքները, ուսումնամարզական հավաքները, մրցումները շատ ժամանակ են խլում: Երբ ազատ եմ լինում, փորձում եմ ընկերներիս հանդիպել: Երաժշտություն եմ սիրում լսել, ինքս էլ դաշնամուր եմ նվագում:

- Գաղտնիք չէ, որ պրոֆեսիոնալ սպորտը մեծ նվիրում է պահանջում: Հաճախ հարկավոր է հրաժարվել հետաքրքրություններից, զվարճալիքներից, շփումներից: Ինչպե՞ս եք հաղթահարում այդ իրավիճակը:

- Նման իրավիճակներ շատ են լինում: Մանավանդ, երբ տեսնում ես, որ հասակակից ընկերներդ իրենց ժամանակն ազատ տնօրինելու հնարավորություն ունեն, իսկ դու միշտ չէ, որ կարող ես անել այն, ինչ ուզում ես: Այս առումով մի քիչ դժվար է: Հայրիկս իր խորհուրդներով ինձ միշտ օգնում է նման իրավիճակներում: Ես գիտակցաբար եմ ընտրել այս ճանապարհը: Գիտեմ, որ հաջողության և հաղթանակի հասնելու գինը թանկ է, ուստի պետք է կարողանալ հրաժարվել ինչ-ինչ բաներից նպատակն իրականացնելու և հաղթանակներ ունենալու համար: Ընկերները չեն նեղանա, իսկ ուրախանալ կարելի է ամեն տեղ և ցանկացած միջավայրում:

- Այս պահին ինչո՞վ եք զբաղված: Առաջիկայում ի՞նչ է սպասվում:

- Այժմ ծանրամարտի կանանց ազգային հավաքականի հետ, մարզիչներ Արտաշես Մինասյանի և Արման Ղազարյանի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի եմ մասնակցում Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան համալիր մարզադպրոցում: Կանանց հավաքականի կազմում մարզվում են Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Սոնա Պողոսյանը, Աննա Գովելյանը: Պատրաստվում ենք նոյեմբերի 20-29-ը ԱՄՆ-ի Հյուսթն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

- Ի վերջո, Հայաստանի առաջնությունների բազմակի, Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոնի հետագա նպատակները որո՞նք են:

- Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է մասնակցել օլիմպիական խաղերին և մեդալ նվաճել: Այդ երազանքը հնարավոր է իրականացնել: Միայն թե հարկավոր է նվիրյալ լինել, շատ աշխատել և հավատալ սեփական ուժերին:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: