Հայերեն   English   Русский  

Կալանք է դրվել Գյումրու քաղաքապետարանի գույքի վրա


  
դիտումներ: 840

Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ, այն մասին, որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել Գյումրու քաղաքապետարանի գույքի վրա, դրանով իսկ խոչընդոտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքին: Ինչպես հրավիրված մամլո ասուլիսում հայտնեց փոխքաղաքապետը, Գյումրու նախկին քաղաքապետն իր պաշտոնավարման տարիներին 99 տարի ժամկետով 15 պայմանագիր է կնքել Տարոն Գասպարյանի հետ՝ Գյումրու կենտրոնական մասերում, այդ թվում հրապարակում, ավտոկայանատեղիներ կազմակերպելու համար տարածքներ տրամադրելով: Սակայն, դրանից այս տարիների ընթացքում որևէ դրամ չի մուտքագրվել համայնքային բյուջե: Քաղաքապետարանը փորձել է դատական կարգով խնդրին լուծում տալ: Գործը քննվել է տարբեր ատյաններում: Կալանքի համար էլ հիմք է հանդիսացել Վճռաբեկ դատարանի որոշումը, որով Գյումրու քաղաքապետարանից բռնագանձվելու է 745 հազար ՀՀ դրամ, որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարանի վճռով բավարարվել էր քաղաքապետարանի պահանջը: Սակայն, Տարոն Գասպարյանը այն բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում: Վերջինս մերժել էր հայցը և ուժի մեջ թողել Առաջին ատյանի դատարանի վճիռը: Գասպարյանը դիմում է նաև Վճռաբեկ դատարան, որտեղ էլ շուրջ 1 տարի տևած քննության արդյունքում բեկանվում է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռները:



Փոխքաղաքապետն ասում է՝ բնականաբար, քաղաքապետարանն այդ գումարը կվճարի, սակայն գտնում է, որ ԴԱՀԿ ծառայութան կողմից ընդամենը 745 հազար դրամի համար քաղաքապետարանի հանդեպ նման ծայրահեղ միջոցի դիմելը, մեղմ ասած, սխալ է: Քանի որ օրենքով սահմանված այլ միջոցներով հնարավոր կլիներ խնդիրը հարթել, այդ թվում՝ գումարը մաս-մաս վճարելու ժամանակացույց կազմելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: