Հայերեն   English   Русский  

​Հանրահայտ ՙՉայկան՚ պատուհաս է դարձել Գյումրու քաղաքապետարանի գլխին


  
դիտումներ: 1097

Օրերս հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Գյումրու փոխքաղաքապետ, Շիրակի մարզի դատախազի նախկին տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը հայտարարեց, որ վերսկսվել է ՙՉայկա՚ մեքենայի գործով նախաքննությունը:

ՙՔաղաքացիական գործն ըստ հայցի Գևորգ Ղուկասյանի ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ՙՉայկա՚ ավտոմեքենայի վրա իբրև ծախսած գումարների փոխհատուցում՝ 2 մլն 100 հազար դրամի չափով, վերսկսվել է՚:
Վաղարշակ Մխիթարյանի խոսքով, դատարանն անհիմն հայցը բավարարել է, քաղաքապետարանը վերաքննիչ բողոք է ներկայացրել և արդեն գործը դարձյալ դատաքննության փուլում է:

Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 19-­ին ոստիկանությունում Գյումրու փոխքաղաքապետից գրություն էր ստացվել, որ համայնքին պատկանող ՙԳԱԶ­13՚ ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին ՙԲնակտնտեսություն՚ ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-­ին, ժամը 09:10-­ին, Գյումրու քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին, սակայն նույն օրը, ժամը 15:00-­ին պարզվել էր, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կապարակնիքը, և մեքենան փախցրել են:

Ոստիկանները մեքենան հայտնաբերվել էին Պլեխանովի փողոցում: Պարզվել է, որ ավտոմեքենան տեղափոխել է 1959 թ. ծնված Արամ Պ.­ն, ով իր ցուցմունքում նշել է, որ ինքն ավտոմեքենան տեղափոխել է 1959 թ. ծնված Գևորգ Ղ.­ի խնդրանքով, քանի որ իմացել է, որ Գևորգ Ղ.­ն այդ մեքենան գնել է աճուրդով և տեղափոխել է վերանորոգելու նպատակով: Նշենք, որ Գևորգ Ղուկասյանն ավտոմեքենան ձեռք էր բերել աճուրդով, որի մասին արված հայտարարությամբ գնորդը նշել է. ՙՉայկա ավտոմեքենան ձեռք բերելուց հետո, իմ կողմից իրականացվել են ավտոծածկոցների և դռների փոփոխում, շարժիչի տեղադրում, մեքենայի մակերեսի մշակում հատուկ նյութերով, զոդում, ապա` ներկում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 2, 5 մլն. դրամ արժողությամբ աշխատանք, որից հետո մետաղյա այդ ջարդոնը նմանվել է մեքենայի՚:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: