Հայերեն   English   Русский  

Ռուսական խաչակրության տեղեկատվական բաժինը


Ռուսական պաշտոնական շրջանակներից հնչած «սուրբ պատերազմ» բառակապակցությունը որոշ նպատակի համար է օգտագործվել


  
դիտումներ: 1129

Թվում է, որ սիրիական պատերազմին ռուսական օդուժի միջամտությունն առաջնորդվում է հարցի լուծման փուլային տարբերակի եղանակով: Խոսվում է սիրիական կառավարական ուժերի առաջխաղացման, որոշ շրջանների ազատագրման, ԻՊ-ի հսկայական կորուստների մասին, միաժամանակ սակայն գետնի վրա ուղղակի բեկումնային պահ եւ կայծակնային կտրուկ փոփոխությունների իրավիճակ չի պարզվում: Փուլայինի վարքագծի մեջ ներառվում են ծովեզերյա Սիրիան, այն դարպասող շրջաններն ու ռազմավարական այլ կետեր վերահսկողության տակ առնելու զինվորական քայլերը. մինչ բացակայում է դեռեվս ցամաքային մեծ ընդհարումների պահերի առաջացումը:

Տեղեկատվական պատերազմում ուշագրավ է ռուսական պաշտոնական շրջանակներից հնչած «սուրբ պատերազմ» բառակապակցությունը: Այս ասելաձեւը պարզապես օդուժի միջամտությանը տրված բնութագրում չէ, այլ հայտնապես ժամանակավոր, որոշ նպատակի համար է օգտագործվել:

Նախ ԻՊ-ի անվան կրոնական որակման դիմաց, կրոնական որակման համապատասխան բառեզրի որդեգրում է, ինչ որ պատերազմին տալիս է կրոնական գունավորում: Այսինքն, տարածաշրջանը ծայրահեղ իսլամականացնողների դեմ խաչակրություն է հայտարարվածը, որ միտված է փրկել տարածաշրջանի ժողովուրդներին (ո՛չ միայն քրիստոնյաներին, այլ նաեւ իսլամ զանգվածներին) ծայրահեղ իսլամականացման վտանգից:

Այս ինքնաբնութագրումը կատարելով, ՌԴ-ն միաժամանակ մի քանի նպատակ է հետապնդում:

Նախ, տեղի ժողովուրդներն ու հատկապես քրիստոնյա մնացորդին համոզել, որ ռուս ուղղափառությունը կամ քաղաքական ընկալմամբ արեւմտյան պատժամիջոցների ենթարկված ՌԴ-ն է, որ միայնակ ստանձնել է իրենց փրկելու պարտականությունը:

Ապա նույնինքն Արեւմուտքի հասարակության մոտ հանրային կարծիք ստեղծել, որ աշխարհին պատուհաս դարձած իսլամական ահաբեկչությունը վնասազերծելու համար ՌԴ-ն տարածաշրջանում վերածվում է զինվորական գործոնի` կանխելու համար Միջին Արեւելքից իսլամական ահաբեկչության արտահանումը, որ իր հերթին նշանակում է դեպի Արեւմուտք տարածումը:

ՌԴ-ն ուրեմն, հաչս արեւմտյան հասարակությունների, փրկարարի դիմագիծ կստանա` նրանց եւս մեծ վտանգից փրկելու առումով: Եւ միտում կա նույն զանգվածների մոտ հարցականներ ստեղծելու, որ պատժամիջոցներ են որդեգրվում աշխարհի թիվ մեկ վտանգի դեմ պատերազմ հայտարարողի նկատմամբ:

Կա նաեւ բնական կարգով ինքն իրեն պարտադրող հարցումը: Միջազգային ընտանիքը, Արեւմուտքը, ԱՄՆ-ը մնայուն կերպով հանկերգում են տարածաշրջանի քրիստոնեության վտանգված լինելու եւ շրջանի ապաքրիստոնեացման միտումների մասին: Ահազանգողն ու գործնական միջամտություն կատարողները տարբեր միավորներ են, չասելու համար տարբեր բեւեռներ:

Զուտ կրոնական հարթության վրա ռուս ուղղափառությունը առավելություն է արձանագրում կաթոլիկ Վատիկանի հարաբերակցությամբ, երբ օրհնում ու «սուրբ պատերազմ» է անվանում ու ընկալում ռուսական օդուժի հարվածները ԻՊ-ի դեմ եւ դրա ճանապարհով` շրջանի քրիստոնյաները փրկելու գործը:

Բայց… միաժամանակ Ռուսաստանը ցանկանում է, որ իր գործողությունները չորակվեն որպես կրոնական դրդապատճառներով թելադրված: Դրա համար կա այնպիսի լուրջ հանգամանք, ինչպիսին Ռուսաստանի բնակչության, որոշ հաշվարկներով, մինչեւ 15%-ը կազմող մուսուլման բնակչության գոյությունն է: Հայտնի փաստ է նաեւ, որ մի քանի հազար ռուսաստանցի մահմեդականներ ներկա պահին Սիրիայում եւ Իրաքի տարածքներում կռվում են իսլամիստ ծայրահեղականների շարքերում: Չմոռանանք նաեւ, որ այս երկրի հարավում դեռ ծխում է չեչենների վառած հրդեհը: Կարելի է հիշել, որ Ղրիմը Ռուսաստանին վերակցելու ժամանակ եւս ռուսական իշխանությունը շատ զգույշ գտնվեց ազգայնական-կրոնական առանձնահատկությունը այստեղ տարիներ ի վեր ընդգծել ձգտող Ղրիմի թաթարների հարցում: Մյուս կողմից, դատելով այս գործընթացների ընթացքում Միջին Արեւելքի երկրների հետ հարաբերությունները սերտացնելու հնարավորությունից օգտվելու Ռուսաստանի ձգտումից, նա ամեն ինչ պետք է անի, որպեսզի իր գործողությունները քրիստոնյա-մուսուլման հակադրության պրիզմայի միջով չդիտվեն: Վերջերս ռուսական պաշտոնական շրջանակներից հայտարարություն հնչեց թե, Ռուսաստանը չի խառնվելու շիա-սուննի փոխհարաբերությունների խնդիրներին: Արժե հիշել նաեւ, որ ռազմաքաղաքական այս նախաձեռնության մեջ Ռուսաստանը հանդես է գալիս իր հեռանկարային դաշնակից Իրանի հետ ձեռք-ձեռքի: Իսկ Իրանի տարածաշրջանային ներկայացուցիչ Հեզբոլլահը պաշտոնապես հայտարարեց, որ չի մասնակցում ԻՊ-ԱՄՆ ներկայացմանը:

Այս հանգամանքները ընդգծում են, որ «սուրբ պատերազմ»-ի դոկտրինը կարճաժամկետ մարտավարական բնույթ ունի: Խնդիրը դարձյալ կրոնական շղարշով կարող է արծարծվել նաեւ մուսուլման զանգվածներին ծայրահեղական ահաբեկիչներից փրկելու մոտեցմամբ եւ մանավանդ շիա-սուննի առաջադրված պատերազմը կանխարգելելու զինվորական քայլերով: Այս բոլորը քարոզչական եւ տեղեկատվական հարթության վրա պետք է դիտարկել. խնդիրը սուր կերպով ՌԴ - Իրան - Սիրիա առանցքի պահպանումն է, ռուսական ազդեցության գոտու գոյության կռիվը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: