Հայերեն   English   Русский  

​Հայկական նոր՝ «Ալիանս» ավիաընկերությունն ակտիվորեն պատրաստվում է


  
դիտումներ: 1543

Այս ամսվա սկզբին մամլո ասուլիսով հանդես եկավ և հայկական ավիափոխադրող «Ալիանս» ավիաընկերություն հիմնելու մասին հայտնեց Արարատ Սարգսյանը՝ «Արմավիայի» նախկին գլխավոր տնօրենը: Թե գործերի ընթացքը որ փուլին է հասել ու ինչ նորություն կա այս նոր ավիափոխադրողից, «Անկախը» փորձեց պարզել Արարատ Սարգսյանից:

- Հիմա կազմակերպչական փուլում ենք. շահագործողի վկայականն արդեն ստացել եմ ու հիմա փաթեթ պետք է ներկայացնեմ բոլոր ուղղություններով, որ լիցենզիաներ ստանամ: Որովհետև այսօր կիսվել են գործառույթները. տեխնիկական մասը մնացել է քաղավիացիայի վարչության իրավասությունների տիրույթում, իսկ լիցենզավորման գործառույթները տրվել են էկոնոմիկայի նախարարությանը: Քաղավիացիայի վարչության հետ գործերն ավարտել ենք, ու հիմա փաթեթ եմ պատրաստում, որ ներկայացնեմ էկոնոմիկայի նախարարություն:

- Արդեն հստա՞կ է, թե քանի ուղղությամբ եք թռիչքներ իրականացնելու:

- Վերջնական չեմ կարող ասել, շուկան օրեցօր փոփոխվում է, քանի որ աղավաղված է: «Տրանսաերոն» մեջտեղից դուրս եկավ, հիմա ռուսական չվերթների քանակն իջել է, ու մենք` որպես հայկական փոխադրող, մտնում ենք այս նոր շուկան: Մեր նախանշած ուղղությունները ենթակա են փոփոխությունների: Բայց կարող եմ ասել, որ մեր ավիաընկերության չվերթների հիմնական ուղղությունները լինելու են դեպի Ռուսաստան ու այնտեղից: Իհարկե, անպայման թռիչքներ կիրականացնենք դեպի Թեհրան ու Բեյրութ: Չեմ ուզում` թռչենք դեպի Եվրոպա ու մրցակցության մեջ մտնենք նրանց ընկերությունների հետ: Ամեն դեպքում այս պահին չվացուցակը վերջնական տեսք չունի, ամեն վայրկյան կարող են փոփոխություններ լինել:

- Այսինքն` չվուղիները նախատեսվածից կավելանա՞ն:

- Այո՛, իհարկե կավելանան` կապված ինքնաթիռների տիպից ու քանակից: Քանի որ ես ներկայացրել էի երկու ինքնաթիռ, չվերթները շատ հագեցած կլինեն դրանց համար:

- Ինքաթիռների քանակի ավելացում, դրանով պայմանավորված, ենթադրվո՞ւմ է:

- Ոչ, ո՛չ այս տարի, ո՛չ էլ 2016 թվականին ինքնաթիռների քանակը չենք ավելացնելու: 2017 թվականին, այո, կավելացնենք: Երկու ինքնաթիռով կմտնենք շուկա, ու հետո թիվը կավելանա:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այսօրվա շուկայից, ինչպե՞ս կարձագանքի շուկան «Ալիանսի» մուտքին:

- Այս պահին ես ակնկալիքներ չունեմ: Այն, որ հայկական ավիացիան պետք է զարգանա, մեր փոխադրումները պետք է իրականացնենք հայկական փոխադրողի միջոցով, իմ համոզմունքն է: Բայց ինչ-որ յուրահատուկ փոփոխություններից ակնկալիքներ չունենք: Իհարկե ռիսկային է, մրցակցությունն այս ոլորտում բավականին մեծ է, դրան դիմանալը շատ դժվար է, բայց այդ ամենին մենք պատրաստ ենք ու գնում ենք ավիաընկերություն հիմնելու քայլին:

- Հայաստանը վարում է բաց երկնքի քաղաքականություն, այն դեպքում, երբ օրինակ` հենց Ռուսաստանում ավիաընկերությունները լուրջ աջակցություն են ստանում թե՛ օդանավակայաններում ծառայությունների ու սպասարկման վճարների առումով, թե՛ վառելիքի գների առումով: Գները նրանց համար ցածր են, իսկ ձեզ համար բարձր կլինեն: Նման պայմաններում, երբ իրենց ավիաընկերություններն արդեն մրցակցային որոշակի առավելություններ ունեն, ի՞նչ խնդիրների կարող եք բախվել:

- Խնդիրներ շատ կան՝ կապված ինքնաթիռների տիպերի, տարողության հետ, որին ես գնացել եմ ու վերցնում եմ 100- նստատեղանոց նոր ինքնաթիռներ: Այսօր միայն այդ տիպի ինքնաթիռներով կարող եմ մտնել շուկա և ինչ-որ մրցակցության մասնակցել, դա տնտեսապես ամենաարդարացված տարբերակն է: Այսինքն՝ ես այդ մրցակցությանը նման քայլերով եմ փորձելու դիմանալ, խելամիտ մենեջմենթի միջոցով: Ինչ վերաբերում է ծառայություններին, վառելիքի գներին և այլն, օրինակ՝ եթե ես չվերթներ կատարեմ դեպի Իրան, Բեյրութ, Աշգաբադ և այլն, այնտեղից կարող եմ էժան նավթ բերել (իմ ինքնաթիռները նման հնարավորություններ ևս ունեն) ու արդեն այստեղից թռչել այդ նավթով, օրինակ, Ռուսաստանի Դաշնության մեկ այլ քաղաք: Այդ մարքեթինգային հաշվարկներն արված են մեզ մոտ: Մի դրական կողմ էլ կա, որ «Տրանսաերոն» դուրս եկավ, ու հիմա շուկայում որոշակի տեղ է ազատվել, և մենք պետք է պայքարենք դրանից օգտվելու համար:

- Իսկ ձեր ինքնաթիռներն արդեն Հայաստանո՞ւմ են:

- Ո՛չ, ես ինքաթիռները թողել եմ «Ժուկովսկի» օդանավակայանում: Եթե բերեմ, պետք է իզուր կանգնեն, դրա համար ավելորդ գումարներ վճարեմ: Երբ արդեն ավիատոմսերը սկսեն վաճառվել, դրանից 20-30 օր առաջ արդեն ինքնաթիռները կբերեմ:

- Ինչպիսի՞ գնային քաղաքականություն եք փորձելու վարել:

- Դա կախված է ուղևորների առկայությունից: Քանի որ սա սեզոնային աշխատանք է, ամառային ու ձմեռային չվերթների ցուցակները բոլորովին տարբեր են, դրանով էլ պայմանավորվելու է մեր գնային քաղաքականությունը: Ինչո՞ւ ես հիմա շուկա չեմ մտնում, որովհետև հիմա ուղևորահոսքերը սակավացել են, փոխադրումների ծավալները 30-40 տոկոսով իջել են: Իսկ մարտից, երբ ավիացիայի կարգով սկսվում են ամառային չվերթները, արդեն սկսվում է մրցակցությունը բոլոր ավիաընկերությունների միջև:

- Պարո՛ն Սարգսյան, հիշում ենք՝ երբ «Էյր Արմենիան» մտավ շուկա, հատկապես ռուսական ընկերությունները շատ ուժեղ գնային ճնշումներ սկսեցին կիրառել՝ դեմփինգ անել: Նման պայմանների համար որոշակի մեխանիզմներ մշակե՞լ եք:

- Շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մրցակից ռուսական ընկերությունների հետ պետք է որոշակի մարքեթինգային քաղաքականություն ունենաս, կոմերցիոն որոշակի համաձայնություններ ձեռք բերես: Իսկ դա նախորդների դեպքում չի եղել: Ես, օրինակ, «Աերոֆլոտի» հետ պայմանավորվածություն ունեմ, որ դեմփինգային որևէ դրսևորում չլինի: Իհարկե, դա իմ հարցը չէ, բայց ես ինքնուրույն սկսել եմ նման քայլեր:

- Մեր պետական մարմիններից ինչպիսի՞ աջակցություն եք ստանում:

- Ես ոչ մի նյութական աջակցություն էլ չեմ ստացել, բայց շնորհակալ եմ ՀՀ վարչապետին և էկոնոմիկայի նախարարին, որոնք ինձ աջակցել են շահագործողի վկայականը ստանալու հարցում, Հանրային խորհրդին` ի դեմս Վազգեն Մանուկյանի. մարդիկ ինձ օգնել են:

- Եթե հաջողություն լինի, երբվանի՞ց կսկսեք թռիչքներ իրականացնել:

- Հույս ունեմ, որ եկող տարի՝ մարտի 27-ից արդեն կսկսենք: Ես չեմ շտապում, ամեն ինչ հանգիստ անենք, հարցեր կան, որ պետք է լուծվեն, փաստաթղթային հարցեր դեռ պետք է կարգավորենք էկոնոմիկայի նախարարության, «Սուխոյ» գործարանի հետ: Այդ հարցերը կավարտենք ու արդեն կսկսենք:

Հարցազրույցը՝ Գևորգ Ավչյանի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: