Արմինե Հայրապետյանի ստեղծած ասեղնապատկերները երգող են դարձել, ժայռապատկերները` խոսող
«Եթե ամեն օր տեսնում եք գեղեցկության աճ, չեք կարող ձանձրանալ: Ինչպե՞ս է ծարավ մարդն անհագ սպասում, որ աղբյուրին հասնի և ջուր խմի, այդպես անհագ ծարավով տարիներ շարունակ ժամերով գործել եմ` սպասելով վերջնական արդյունքին»,- ասում է ժողովրդական վարպետը` բացատրելով, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մեկ ստեղծագործության վրա աշխատել:
Նրա ստեղծած հելունագործության և ասեղնագործության նմուշներն այնքան յուրօրինակ են, որ ամփոփվել են մեկ գրքում` իրենց ստեղծման պատմությամբ և մասնագիտական մեկնաբանությամբ: Արմինե Հայրապետյանի 25 տարվա գործունեության արդյունքը ներկայացված է վերջերս լույս տեսած «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» գրքում:
«Սիրելի ընթերցող, այս մատյանը հոգուս նվիրումն է ժողովրդին, այն անխախտ համոզմունքի գրավականը, որ մենք հավերժ ենք, մեզ մահ չկա»,- ասում է տիկին Արմինեն գրքի առաջաբանում:
Նա չի հաշվել, թե քանի աշխատանք է ստեղծել իր գործունեության 25 տարիների ընթացքում, չի էլ կարող հաշվել. աշխատանքների հիմնական մասը նվիրել է անհատներին, թանգարաններին` իր մոտ պահելով ընդամենը մի քանիսը: Եվ չնայած այժմ չի տեսնում` իր ստեղծած յուրաքանչյուր գործ անգիր գիտի: «Երեք տարի է, չեմ կարողանում ստեղծագործել»,- ասում է նա` հավելելով, որ օրական 15-16 ժամ աշխատելու, ստեղծագործելու սովոր մարդու համար այս նոր վիճակը բարդ է:
Տիկին Արմինեն մասնագիտությամբ մաթեմատիկոս մանկավարժ է, երկար տարիներ իր մասնագիտությամբ էլ աշխատել է: Սակայն, երբ մահանում է ամուսինը, վշտի մեջ գտնվող կինը ձեռագործության մեջ է գտնում իր փրկությունը: «Էլ չէի կարողանում դասավանդել, չէի ուզում մարդկանց տեսնել, լռության էի ձգտում, որտեղ կկարողանամ ինքս ինձ փնտրել ու գտնել»,- ասում է նա:
Դպրոցական տարիներին` աշխատանքի ուսուցման ժամին սովորածն է վերհիշում, սկսում է սփռոցներ ու անձեռոցիկներ գործել, ձևավորել դստեր հագուստները: 90-ականների սկզբին Հայաստանի պատմության թանգարանում աշխատող ընկերուհու առաջարկով այնտեղ է գնում` ծանոթանալու պահվող ասեղնագործության նմուշներին: Պատմության թանգարան այդ այցը ճակատագրական է դառնում. հիացած հայկական հնագույն ձեռագործ աշխատանքներով` տիկին Արմինեն սկսում է ուսումնասիրել դրանք և յուրացնել հայկական ասեղնագործական դպրոցների ոճը: Ասում է, որ գունային լուծումները հիացմունք են առաջացնում: «Երեք տիպի աշխատանքներ կան` գեղջկական, քաղաքային, եկեղեցական: Բայց հաճախ նույն էսքիզը ձեռքից ձեռք է անցել ու նույնությամբ վերարտադրվել, ստեղծագործական մոտեցումը քիչ է»,- ասում է նա:
Նույն ժամանակահատվածում նա ուսանում է Մոսկվայի կիրառական արվեստների ինստիտուտում` իր բացահայտած տաղանդը մասնագիտական հիմքերի վրա դնելու համար:
Ձեռագործ աշխատանքների հայկական ժառանգությանը ծանոթանալուց հետո տիկին Արմինեն որոշում է այնպիսի աշխատանքներ ստեղծել, որոնք կլինեն յուրօրինակ ու չկրկնվող: Մտադրությանը գումարվում է այն հանգամանքը, որ նա շատ է սիրում պոեզիա և երաժշտություն: Արդյունքում ստեղծվում են աշխատանքներ Համո Սահյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի, նաև հեղինակի` Արմինե Հայրապետյանի բանաստեղծությունների, Կոմիտասի, ինչպես նաև գուսանական ու ժողովրդական մի շարք երգերի հիման վրա: Այնուհետև ստեղծվում են նաև աշխատանքներ խոհափիլիսոփայական թեմաներով:
«Իմ յուրաքանչուր աշխատանք ունի իր պատմությունն ու մտահղացումը»,- ասում է նա:
Խոհափիլիսոփայական աշխատանքներից հատկապես առանձնանում են «86400» և «Տիրակալը» գործերը: Առաջինն իրենից ասեղնագործ թիթեռ է ներկայացնում` խորը իմաստով: «Օրն ունի 86400 վայրկյան, ճիշտ այդքան է թիթեռի կյանքի տևողությունը: Աշխատանքի գաղափարն առաջացավ այն մտքերից, որ երջանկությունն ակնթարթ է, ընդամենը մի պահ է տևում: Եթե մարդն իր ողջ կյանքի ընթացքում 86400 անգամ երջանկություն ապրի, նշանակում է` մի օր երջանիկ է եղել»,- ասում է նա:
Ընդամենը երեք ժամում իր իսկ բանաստեղծության հիման վրա ստեղծած «Տիրակալը» աշխատանքը, որում պատկերված է թագակիր որդը, ուղերձ է բոլոր նրանց, ովքեր ալան-թալանով հարստություն են դիզում.
«Նայիր այս որդին, ուշադիր նայիր,
Նա է տիրակալը հետմահու կյանքի,
Ու լավ մտածիր` արժե՞ այս կյանքում
Պալատ կառուցել ու դիզել ոսկի`
Մարդկանց թողնելով սոված ու մոլոր,
Ու դառնալ բաժին տիրակալ որդին»:
Իսկ սև կտորի վրա ոսկե պատվանդանի վրա դրված մոմ պատկերող աշխատանքը, որը հեղինակը «Ռեքվիեմ» է անվանել, հարգանքի տուրք է մոմին, որի շնորհիվ ցուրտ ու խավար 90-ականներին հայությունը փրկվեց լիակատար մթության մեջ մնալուց: Տիկին Արմինեն ասում է, որ իր կոթողային մեծածավալ աշխատանքներից շատերը հենց մոմի լույսի տակ են ստեղծվել, և այս աշխատանքն իր շնորհակալության խոսքն է մոմին:
Կոմիտասի «Կռունկ, ուստի՞ կուգաս, կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս…» տողը դարձել է խորհրդանշական «Կռունկ» ձեռագործի հիմքը` կարոտաբաղձ, պանդուխտ հայի սպասումների սիմվոլիկան` ամփոփվելով մեծածավալ հելունագործ աշխատանքում:
Տիկին Արմինեն հիշում է, որ 1997-ին Ա. Խաչատրյան համերգասրահում կայացած իր առաջին ցուցահանդեսին 25 գործերի թվում ներկայացված է եղել նաև «Կռունկը»: Ասում է, որ մարդիկ զարմանքով երկար ժամանակ հսկայական գործերին էին նայում, ուսումնասիրում պատկերները, հեղինակին հարցուփորձ անում, թե ինչպես է կարողացել նման բան ստեղծել: Նրա վաղ շրջանի կոթողային գործերից է նաև «Քելե լաո» ստեղծագործությունը, որ նման է քնարի, իր մեջ ամփոփում է Հայաստանի և Արցախի քարտեզները, համանուն երգի առաջին յոթ նոտաները` դրանք միավորելով խորհրդանշական յոթ ծաղկաբույլերով:
Տիկին Արմինեն ասում է, որ 90-ականներին ցանկանում էր աղջիկների համար հատուկ կրթարան բացել, նրանց ուսուցանել ձեռագործության իր տեխնիկան, ինչը, սակայն, չստացվեց: Ասում է, որ այժմ էլ գրքով հույս ունի մոռացությունից փրկել ձեռագործության իր նոր լուծումներն ու տեխնիկան, նաև իր ուղերձը տեղ հասցնել: Այն է` ձեռագործ աշխատանքն էլ արվեստ է և ստեղծագործ մոտեցում ու մտածողություն է պահանջում:
Լուսանկարները`Erit.am-ի և Երևանի քաղաքապետարանի