Հայերեն   English   Русский  

​Նոյեմբերի 17-ին ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը


  
դիտումներ: 849

Տոնը նշվում է աշխարհի տարբեր ծայրերում, այն կարծես թե ևս մեկ անգամ շեշտում է ուսանողության երիտասարդ լինելու և իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ որոշ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։

1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված բավշյա հեղափոխության։

Այսօր արդեն նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր։ Նրանք այդ օրը լիաթոք ուրախանում են՝ մոռանալով առաջիկա ստուգարքների և քննարկումների մասին։

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում նույնպես տոնում են Ուսանողության միջազգային օրը։ Հայաստանում տոնի հիմնական նպատակն ուսանողներին ակտիվության մղելն է՝ իրենց համալսարանական կյանքը հետաքրքիր դարձնելը:

Խ. Աբովյանի անվան Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Հասմիկ Ներսիսյանի խոսքով կարևորը տրամադրվածությունն ու ցանկությունն է դարձնելու ուսանողական տոնն առավել գեղեցիկ և լի հաճելի զգացողություններով, տարբեր ուսանողներ տարբեր կերպ են նշում այս տոնը, բայց իհարկե հաճույք պատճառող միջոցը ընկերներով հավաքվելն է, երբ գիտես, որ օրը քոնն է և կարող ես անել այն ինչ ցանկանում ես:

Երեւանի Պետական Համալսարանի ուսանող Գոռ Հակոբյանի պնդմամբ ուսանողական կյանքն անմոռանալի է, նա շնորհավորեց բոլոր ուսանողներին եւ մաղթեց լուսավոր ապագա, բայց չմոռացավ հիշեցնել, պետք է՝ Սովորել, սովորել, սովորել…

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: