Հայերեն   English   Русский  

​Հաջողության հասնելու ամենակարևոր կռվանը սեփական ուժերին հավատալն է


  
դիտումներ: 1857

«Սխալ պատկերացման ու կարծրատիպերի հետևանք է այն տեսակետը, թե Հայաստանում հնարավոր չէ բիզնես սկսել, զարգանալ ու հաջողություններ ունենալ»,- վստահեցնում է հայաստանյան ամենահաջողված բիզնես նախագծերից մեկի` «Լոկատոր» ՓԲԸ-ի հիմնադիր ղեկավար Արման Խաչատրյանը:

Հայաստանում բիզնես միջավայրը, նրա դիտարկմամբ, բավականին բարենպաստ է, անկախ նրանից, թե ով ինչ է ասում, ընդ որում` ոչ միայն IT բնագավառում, որտեղ գործում է ընկերությունը: Իսկ ընկերության համահիմնադիր, ներկայումս էլ կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանն ավելացնում է` հատկապես IT բնագավառում շատ բարենպաստ է միջավայրը, և ամեն ինչ կախված է մարդուց:

Լայն հասարակայնության կողմից «Լոկատոր» ընկերությունն առավել ճանաչելի դարձավ հայկական հայտնի պատմա-մշակութային հուշարձանների եռաչափ ու ինտերակտիվ պատկերների ստեղծմամբ: Այդ մոդելներով ոչ միայն հնարավոր է դառնում եռաչափ պատկերների միջոցով տեսնել դիտարկվող օբյեկտը, այլև ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել դրանք, ընդ որում` նաև ներսից և նույնիսկ մոմ վառել, ինչպես, օրինակ, Տաթևի վանքի 3D մոդելում... Այդ մոդելները, ի դեպ, արդեն նաև երաշխավորված են որպես ուսումնաօժանդակ նյութ` հանրակրթության ոլորտում: Քչերը գիտեն նաև, որ Google Earth-ում մեր մայրաքաղաքի եռաչափ պատկերների 99 տոկոսը ստեղծել են հենց «Լոկատորում»` ազգային PR-ի նկատառումներից ելնելով: Իսկ հայտնի օբյեկտների եռաչափ ու ինտերակտիվ մոդելների ստեղծումը, Արման Խաչատրյանի խոսքով, իրենց «լկստված երեխան» է, որին, սակայն, բոլորը շատ են սիրում: Իսկ երեխան լկստված է այն առումով, որ հսկայական ռեսուրսներ են ներդրվում այդ ծրագրերի վրա, սակայն այն դեռևս շահութաբեր չէ:

Բացի հայրենասիրական ու ազգային PR -ի նկատառումներով ստեղծված մոդելներից, ընկերությունը հետագայում սկսեց առաջարկել նաև կառույցների, օբյեկտների եռաչափ ու ինտերակտիվ մոդելներ, բայց սա էլ դեռ իրեն չի արդարացրել: «Հավանաբար, դրա ժամանակը դեռ չի եկել. մարդիկ դեռ պատրաստ չեն ընդունելու այս նորարարությունը»,- նշում է այդ եռաչափ մոդելների ստեղծման գաղափարի հեղինակ Վլադիմիր Սոֆյանը:

Սակայն այդ ծախսատար ծրագրերն ընկերությունը կարողանում է իրականացնել, քանի որ հաջողված ու հիմնադիրների հպարտությունը համարվող տարբեր բիզնես նախագծեր ունի: 2007 թ. երեք ընկերներով միավորվեցին ու յուրաքանչյուրը 4 հազար դոլար ներդրում կատարեց (ընդ որում` ընկերներից մեկն իր ներդրումը կատարել էր գաղափարի տեսքով), աշխատանքի հրավիրեցին մեկ ծրագրավորողի և մեկ քարտեզագրողի ու 5 հոգով` 3 հիմնադիրով ու 2 աշխատակցով և 8 հազար դոլարով սկսեցին իրենց բիզնեսը:

«Սկզբնական գաղափարն այն էր, որ յուրաքանչյուր ցանկացող իմանար, թե որտեղ է գտնվում իր մեքենան, մեջն ինչքան վառելիք կա, քանի մարդ կա-չկա, ջերմաստիճանը և այլն, մի խոսքով` ամեն ինչ իր մեքենայի մասին: Սկզբում դա հակաառևանգման համակարգ էր: Ըստ էության` ունեինք 8 հազար դոլար, որը ծախսվեց համակարգիչների ձեռքբերման վրա, և անշահախնդիր աշխատող 5- հոգանոց աշխատակազմ: Ֆիրմա էլ չկար, մի բնակարան էինք վարձել, որտեղ պարզապես նստած ծրագիրը գրում էինք, ուզում էինք հասկանալ` կարո՞ղ ենք գաղափարն իրականացնել, թե՞ ոչ: Այսինքն` սկզբնական շրջանում այդ բնակարանի վարձն էր, կոմունալ վարձերն էին, աշխատողների մինիմալ աշխատավարձն էր ու վերջ, որովհետև իրենք էլ էին իդեայի համար աշխատում, որ այն դառնար բիզնես:

Սկզբնական շրջանում ոչ ոք նորմալ աշխատավարձ չէր ստանում: Երբ փորձն եղավ ու հասկացանք, որ կարողանում ենք անել, մեզ համար շատ հետաքրքիր ներդրող գտանք: Այդ ժամանակ մեր մեկնարկից անցել էր մի քանի ամիս, ու մենք մոտ 50 մեքենա էինք սպասարկում»,- վերհիշեց Արման Խաչատրյանը:

Նրա ներկայացմամբ` իրենց ընկերության հաջողության պատմությունը` success story-ն սկսվեց այն ժամանակ, երբ որոշեցին անհրաժեշտ սարքավորումները գնել-ներմուծել և պատվիրատուներին անմիջականորեն ցույց տալ առաջարկվող համակարգը, քանի որ ոչ ոք Հայաստանում փող չի տա մի բանի համար, որի աշխատանքը կյանքում չի տեսել: Ուղղակի չի տա:

«Պարտքով փող վերցրինք ու բերեցեինք 100 հատ սարքավորում, որոնք պետք է տեղադրվեին մեքենայի վրա, ծրագրային ապահովումն էլ ամբողջությամբ մերն էր, այդտեղ փող չէր ծախսվում: Ու երբ մտնում էի խոսելու որևէ ֆիրմայի հետ ու հարցնում, թե չե՞ն ուզում մեր ծառայություններից օգտվել, ասում էին, որ իրենց առաջարկել են, բայց առաջարկողները փորձնական ապրանք չունեին: Ասում էի` ես ունեմ, նույնիսկ կարող եմ թեստային տեղադրել: Մարդիկ այդպես փորձարկում էին ու տեսնում, թե ինչ լավ գործիք ու ինչ լավ ծառայություն ենք առաջարկում: Նույնիսկ եղել են շատ դեպքեր, որ փորձնական տեղադրելու հաջորդ օրը զանգել ու ասել են` բեր ու մեր մեքենաների վրա տեղադրիր ձեր համակարգերը, որովհետև հենց առաջին օրը տեսնում էին, որ վարորդներն իրենցից վառելիք են գողանում, որ իրենց մենեջերները չեն շրջում տարածքներով, ուր են գնում, ինչ են անում և այլն»,- ասաց ընկերության ղեկավարը:

Արման Խաչատրյան

Սկսում է զարգանալ նաև բիզնեսը: Մեկնարկից ընդամենը 7-8 ամիս հետո հայտնվում է առաջին ներդրողն ու ասում, որ ուզում է մի կլորիկ գումարով` մոտ 200 հազար դոլարով գնել ընկերությունը: Այդ ներդրողին համահիմնադիրները առաջարկում են ոչ թե գնել իրենց բաժնեմասերը, այլ սկսել իրենց մատակարարել անհրաժեշտ սարքավորումները ու դրանով գումար շահել:

«Ու սկսեցինք իրենից գնել սարքավորումները մոտ 30 տոկոսով ավելի թանկ, բայց այդ պահին ձեռնտու էր, որովհետև ունեինք տվյալ պայմանների համար անվերջ ֆինանսավորում ու պարտքի, միջոցների հայթայթման մասին չէինք մտածում: Ներդրողին էլ էր ձեռնտու, քանի որ տարեկան 30 տոկոս և ավելի եկամտաբերությամբ բիզնես հաստատ այլ տեղ չէր գտնի»,- բացատրեց Արման Խաչատրյանը:

Երեք տարի փաստացի առանց մրցակցի աշխատելուց հետո, շուկայում հայտնվում է մրցակից: Ու պարզվում է, որ անմրցակից տարիները լուրջ խնդիրներ են առաջացրել ընկերության համար:

«Այդ ընթացքում քեզ թվում է, թե ամբողջ աշխարհը քոնն է, ու դու ոչ մի խնդիր չունես այս կյանքում, բայց երբ առաջանում է մրցակից, ամեն ինչ փոխվում է: Որովհետև, ի սկզբանե մեր հիմնական նպատակը եղել է այն, որ մեր ծառայությունների որակը լինի կատարյալ: Իսկ դրա համար անհրաժեշտ է մեծ աշխատակազմ պահել` բարձրակարգ մասնագետներով, որոնց պետք է լավ վճարել, լավ պայմաններ ստեղծել նրանց համար և այլն, այսինքն` բավականին մեծ հիմնարկ` մեծ ծախսերով: Ու այդ ժամանակ, երբ առաջին մրցակիցն առաջանում է, նա այդքան մեծ աշխատակազմ, հաճախորդների բազա, ծառայությունների մատուցման ճակատ չունի, այսինքն` նրա ծախսերն էլ են փոքր, բայց մեծ էնտուզիազմ ունի ու ավելի հեշտ է մտնում շուկա` քեզնից ավելի էժան գնով: Այդտեղ սկսվեցին մեր առաջին պրոբլեմները: Բայց դա այնքան էլ պրոբլեմ չէր, որքան հետագա զարգացման գրավական, որովհետև եթե պրոբլեմ ու մրցակից չունես, չունես նաև զարգացում: Ու մենք դրանից հետո որդեգրեցինք մի սկզբունք, որ մեր զարգացումը երբեք չպետք է կանգ առնի»,- հիշեց Խաչատրյանը;

Դրանից հետո իրար հետևից ընկերությունում ծնվում են նոր ու հետաքրքիր ծրագրեր: Ընկերությունում ստեղծվում է շտապօգնության մեքենաների համար ծրագիր, որը հետագայում վերաճեց շտապօգնության կառավարման շատ լուրջ համակարգի, ներդրվեց նաև Սոչիում: Հետո ընկերությունը ստեղծում է ջրամատակարարման համակարգերի կառավարման ծրագիր, որով ավտոմատացվում է Երևանի ջրամատակարարման ամբողջ ցանցը, ինչպես նաև ստեղծվում են տվյալների կամուրջներ և այլն: Հետագայում այս համակարգը ներդրվեց հանրապետության ամբողջ տարածքում: Համակարգեր ստեղծվեցին ինկասատորական մեքենաների հեռակառավարման ու մոնիթորինգի համար: Ստեղծվեց նաև SCADA համակարգը, հետո` նույն ավտոմոնիթորինգի սկզբունքով աշխատող համակարգ` երեխաների համար, որի դեպքում հատուկ փոքրիկ սարքերի օգնությամբ ծնողները կարողանում են մշտապես հսկել, թե որտեղ է իրենց երեխան, ինչ վիճակում և այլն: Ընկերությունը նաև սկսեց իր համար անհրաժեշտ սարքավորումները ոչ թե ներկրել, այլ ստեղծել տեղում: Այդպիսով, դրանց ինքնարժեքը հնարավոր եղավ էականորեն նվազեցնել: Բայց ընկերությունը որոշեց էլ ավելի առաջ գնալ ու իրենց պատվիրատուներին անհրաժեշտ սարքերը տրամադրել անվճար: Նաև սկսեց հակակարկտային կայանների համար ավոտմատացված կառավարման համակարգեր ստեղծել, հետագայում նաև բուն հակակարկտային կայաններ արտադրել: Սրանք հաջողված ծրագրեր են, որ գործում են մինչ օրս:

Ընկերության համահիմնադիրները ասում են, որ հաջողության համար առաջին հերթին անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին ու կարողություններին, երբեք ու ոչ մի դեպքում չհրաժարվել նոր գաղափարներից: Հետո շարունակում են թվարկել հաջողության գրավականները ` աշխատասիրություն, համառություն, լավ անձնակազմ ու աշխատողներ, շուկայի ճիշտ ուսումնասիրություն ու այն միջավայրի ճիշտ պատկերացում, որտեղ աշխատելու ես:

«Ասեմ, որ մեր մասնագետներին, գրեթե բոլորին, եթե սուտ չասեմ, «աճեցրել» ենք մենք: Դու պետք է պատրաստ լինես, որ հնարավոր է` երկու տարի փող ծախսես, մարդկանց սովորեցնես, որ ապագայում դառնան քո ֆիրմայի շարունակությունը: Դու չպետք է վախենաս փող ծախսելուց»,- նշում է Արման Խաչատրյանը: Իսկ Վլադիմիր Սոֆյանը նրան լրացնում է. «Չպետք է վախենալ, Արմանը ճիշտ է ասում, բայց պետք է զգույշ լինել»:

Նրա դիտարկմամբ էլ` այսօր պետք է ճիշտ քաղաքականություն վարել, որպեսզի թե՛ ներդրումներ գրավես, թե՛ ներդրողների համար գրավիչ դառնաս: Այսինքն` պետք է ներդրողներին ներգրավես քո գաղափարներով: Իսկ առանց ներդրումների, պնդում է Սոֆյանը, թեև հնարավոր է գոյություն պահպանել, բայց լուրջ զարգացում ապահովել հնարավոր չէ: Իսկ ամենակարևոր ներդրումը Սոֆյանը համարում է աշխատակիցների ինտելեկտուալ ներուժը, կիրթ, համեստ, աշխատասեր աշխատակազմը:

Արման Խաչատրյանը կարևոր հանգամանք է համարում նաև այն, որ ինքդ աշխատես քո ստեղծած բիզնեսում: Հակառակ դեպքում հնարավոր չէր լինի 5 հոգով սկսել ու հասնել 70-80 հոգանոց աշխատակազմով կայուն ընկերության, որը մինչ օրս արդարացրել է իր բոլոր ներդրողների ակնկալիքները և ներկայումս միլիոնավոր դոլարների արժեք ունի: Բայց հիշենք` ամեն ինչ սկսվել էր 3 հոգու ջանքերով, ընդամենը 8 հազար դոլարով ու հետաքրքիր գաղափարով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: