Հայերեն   English   Русский  

Նոր Սահմանադրության շատ կետեր կմնան թղթի վրա. հունական համայնքի ներկայացուցիչ


  
դիտումներ: 1232

Հայաստանում ազգային փոքրամասնությունների վերաբերմունքը նոր Սահմանադրությանը ընդհանուր առմամբ դրական է, սակայն համայնքներից ոչ մեկը որևէ ճակատի հստակ չի հարում:

Այսօր այս մասին հայտնեցին հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները:

«Այն, որ քվոտաներով ապահովվում է ազգային փոքրամասնությունների ներկայությունը Ազգային ժողովում, դրական քայլ է: Սակայն, որպես ՀՀ քաղաքացի, ես չեմ կարող մտահոգությունս չհայտնել առանձին կետերի մասին, որոնք վտանգ են ներկայացնում Հանրապետության համար»,- ասաց Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:

Անդրադառնալով Անկախի այն հարցին, թե ինչ սկզբունքներով պետք է ընտրվեն ազգային փոքրամանությունների ներկայացուցիչները ԱԺ-ում, Իրինա Գասպարյանը նշեց, որ դա ևս մինչև այժմ պարզ չէ, և դեռևս պետք է քննարկվի ու հստակեցվի այդ հարցը

Իրինա Գասպարյանին, մասնավորապես անհանգստացնում է 2 հոդված` 37-րդ և 81-րդ: Առաջինը վերաբերում է երեխայի իրավունքներին, երկրորդը` հայաստանյան օրենքների և եվրոպական իրավական փաստաթղթերի հարաբերություններին:

«Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ ԳրիգորյանԱրայիկ Գրիգորյանը նույնպես դրական արտահայտվեց փաստաթղթի մասին, սակայն ընդգծեց, որ կան կետեր որոնց շուրջ անպայման պետք է քննարկումներ և փոփոխություններ անցկացնել. «Մենք քննարկումներ և զրույցներ անցկացրել ենք համայնքի ներսում: Ընդհանուր տրամադրվածությունը դրական է, սակայն ամեն անհատ ինքն է որոշելու ինչպես քվեարկել»:

Ըստ նրա` ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը ԱԺ-ում ճիշտ է, քանի որ նրանցից ավելի լավ ոչ ոք չի կարող ներկայացնել ներքին խնդիրները:Նրանք կարող են մեծ ներդրումներ կատարելի երկրի տնտեսական և հասարակական կյանքում:

Ըստ Արայիկ Գրիգորյանի `կետերը կազմելիս պետք է հաշվի առնվեր նաև հայերի ազգային մենթալիտետը: «Շատ կետեր ուղղակի վերցված են եվրոպական փաստաթղթերից և հավանական է , որ կմնան թղթի վրա, որովհետև չեն համապատասխանում տեղի բնակչության մտածելակերպին»:

Երկու բանախոսներն էլ գտնում է, որ իրենից սպառնալիք է ներկայացնում 81-րդ կետը, ըստ որի` «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»: Նրանց խոսքով` դա կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: