Հայերեն   English   Русский  

​Նախագիծը բերում է տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների կրճատում. սոցիոլոգ


  
դիտումներ: 1240

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելիս հաճախ նշվում է, որ փաստաթուղթը մշակած մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված են եղել միայն իրավագետներ, մինչդեռ ամբողջական նախագիծ ունենալու համար պետք է գործընթացին մասնակցեին նաև քաղաքագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ և անգամ բանասերներ:

Այս անգամ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնում ենք սոցիոլոգի տեսանկյունից: Այդ թեմայով «Անկախը» հարցազրույց է ունեցել սոցիոլոգ, սոցիալական գիտությունների թեկնածու Ժաննա Անդրեասյանի հետ:

- Ժաննա, որպես սոցիոլոգ ի՞նչ եք կարծում, միայն իրավագետների մասնակցությամբ ստեղծված նախագիծն ինչպիսի՞ն է ստացվել: Ինչպիսի՞ն կլիներ այն, եթե նաև սոցիոլոգներ մասնակցեին:

- Իրականում շատ կարևոր է ոչ միայն սոցիոլոգների ներկայությունը, այլև հասարակության տարբեր ներկայացուցիչների ընդգրկվածությունը պրոցեսում: Ուզում եմ բերել Իսլանդիայի օրինակը: Այնտեղ հետաքրքիր գիտափորձ տեղի ունեցավ. փորձեցին սահմանադրությունը գրել ոչ թե վերևից, այլ ներքևից: Նրանք ունեին նաև մասնագիտական խորհուրդ, որը հավաքեց, ամբողջացրեց ինչ-որ մի փաստաթուղթ, և հետո այն հանրային քննարկման դրվեց: Այդ մասնագետների մեջ միայն իրավագետներ չէին: Նրանք և՛ քաղաքագետներ էին, և՛ իրավագետներ, և՛ հասարակագետներ, և՛ բանասերներ: Ու սա պատահական չէ, նույնիսկ լեզվաբանի առկայությունը, որովհետև մենք ասում ենք սահմանադրությունը պիտի լինի մեր մայր օրենքը: Մայր բառը շեշտադրում է ոչ միայն օրենքի գերակա նշանակությունը, այլև էմոցիոնալ կապվածությունը դրան: Դա պիտի լինի այն վարքականոնի ամբողջությունը, որով հասարակությունն ուզում է ապրել:

Այս առումով գործընթացում հասարակագետների դերը մեծ է, որովհետև նրանք կլինեին այն մարդիկ, որոնք կկարողանային ձևակերպել հասարակության կարիքները և դրանք արտացոլել օրենքում: Այս բացթողման հետևանքն էմոցիոնալ կտրվածությունն է և մարդկանց կողմից սահմանադրության հետ իրենց կապը չտեսնելը:

Խնդիրը մի քանի շերտեր ունի. մեկն այն է, որ իրականում հանրության կարիքները գնահատված ու արտացոլված չեն, երկրորդ` գրված է մի լեզվով, որն իրենց համար ընկալելի չէ, հասարակության համար դա թարգմանության կարիք ունի, երրորդ` մարդիկ չեն տեսնում, թե ինչպես է սահմանադրությունն անմիջականորեն ազդելու իրենց ամենօրյա կենսագործունեության վրա:

- Այսինքն, ըստ Ձեզ, հասարակական այսպիսի անտարբերություն գուցե չունենայինք, եթե հանրության տարբեր շերտեր մասնակցեին նախագծի մշակմանը:

- Իրականում պրոցեսը մեզ մոտ շատ ավելի բարդ է: Շատ է քննարկվում հարցը, թե որքանով կար սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջը, ոչ թե ինչպիսին պիտի լինեին փոփոխությունները, այլ կա՞ր ընդհանրապես նման պահանջ, թե՞ չկար: Կարծում եմ` հիմքերը հենց այդտեղ են. առաջին հերթին հանրությունը պետք է սահմանադրության փոփոխությունը գիտակցեր ու ընկալեր որպես խնդիր:

Իսլանդիայում, օրինակ, մի քանի պատճառով որոշեցին փոխել սահմանադրությունը: Նախ` անկախացել էին Դանիայից և ուզում էին փոխել սահմանադրությունը, որը շատ առումներով կրկնում էր դանիականը և որի հետ իրենք էմոցիոնալ կապ չէին զգում: Երկրորդ` ֆինանսական ճգնաժամից հետո պարզ դարձավ, որ իրենց մոտ վարչապետը մեծ լիազորություններ ունի, սակայն նրա պատասխանատվությունը սահմանադրությամբ ամրագրված չէ: Երրորդ` հասարակության մեջ բնական ռեսուրսների նկատմամբ հանրային վերահսկողություն սահմանելու պահանջ էր ձևավորվել: Այդ մարդիկ ձևակերպեցին իրենց խնդիրները, որոնք անմիջականորեն կապված էին սահմանադրության հետ:

Չեմ հիշում մեզանում հանրային որևէ դիսկուրս, որից բխի, որ կոնկրետ խնդիրը սահմանադրության խնդիր է: Եթե նայում ենք, թե մեզանում ինչպիսի քաղաքական և հասարակական խնդիրների օրակարգ կա, ապա սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն ինքնին անհասկանալի բան է:

- Ասացիք, որ քաղաքացին չի տեսնում իր կյանքի և նախագծի առնչությունը: Իսկ ներկայիս գործող սահմանադրությունը որքանո՞վ է բխում մեր կյանքից, որքանո՞վ է քաղաքացին առնչվածություն զգում դրա հետ:

- Դժվար է ասել: Այդ հարցին կպատասխաներ կարիքների գնահատումը: Եթե ուզում էինք հասկանալ` պե՞տք է փոխել սահմանադրությունը, թե՞ ոչ, պետք էր հասկանալ, թե որտեղ են սահմանադրության խնդիրները, ինչն է, որ չի բավարարում քաղաքացուն: Սա լուրջ աշխատանք է, որը ենթադրում է երկխոսություն հանրության հետ: Մյուս կողմից, եթե այդ հարցերը տայինք հանրությանը, կստանայինք պատասխան, որ այս սահմանադրության հետ էլ իրենց կապը չեն տեսնում:

Սահմանադրության հանդեպ վերաբերմունքն ածանցյալ է օրենսդրական դաշտի հանդեպ վերաբերմունքին. այն է` կարևոր չէ` ինչ է գրված, կյանքը գործում է այլ կանոններով: Սա լուրջ խնդիր է, իրականում այս խնդրի լուծմանը պետք է ուղղված լինեին պետության ջանքերը:

- Նախագծի կողմնակիցներն ու հակառակորդները հաճախ ընդհանուր քննարկում են ծավալում` չխորանալով, թե նախագծի ընդունմամբ որ ոլորտում մի քայլ առաջ կգնանք, որում` գուցե հետ: Այդ առումով նախագիծն ի՞նչ դրական ու բացասական կողմեր ունի:

- Փոփոխությունները բազմաթիվ են, և նախագիծն այնպես ներկայացվեց, որ հնարավոր չլինի դրանք հասկանալ: Եթե քաղաքացին ուզում է հասկանալ, թե բանն ինչ է և որոշում կայացնի, ստիպված է լինելու կարդալ գործող սահմանադրությունը, ապա նախագիծը և հատ-հատ համեմատություն անել: Դա պահանջում է որոշակի ժամանակ և փորձառություն: Բնականաբար, քչերը դրան այդքան ժամանակ կտրամադրեն: Մատչելիություն ապահովելու համար կարող էին փոփոխությունները ցույց տալ:

Երբ տեղի են ունենում այդքան մեծածավալ փոփոխություններ և այդքան տարբեր ոլորտներին վերաբերող, կա հաջողված պրակտիկա, որով հանրաքվեն տեղի է ունենում ըստ հոդվածների, ըստ բաժինների կամ ըստ գլուխների: Բոլորովին չի նշանակում, որ այս մի փոփոխությանը կողմ ես, այն մյուսին էլ ես կողմ: Իսկ այսպես ստացվում է, որ ստիպված ես գնալ մի միասնական «այո» կամ «ոչ» ասել ամբողջական նախագծին:

- Օրինակ` ո՞ր երկրներում կա նման պրակտիկա:

- Եվրոպական տարբեր երկրներում: Կարող եմ բերել Նիդեռլանդերի և Իսլանդիայի օրինակը, որտեղ հանրային քննարկման են դրվել կոնկրետ դրույթները, օրինակ` ուզում ենք ունենալ նախագահակա՞ն , թե՞ պառլամենտական հանրապետություն, այնուհետև սոցիալական իրավունքների մասն ինչպե՞ս ենք պատկերացնում: Դա կարող էր լինել առանձին հանրաքվեներով, հանրային կամարտահայտության այլ ձևեր էլ կան, այդ պրակտիկան պետք է ուսումնասիրվեր: Այլապես, եթե դաշտ ես նետում այդքան մեծածավալ փոփոխություններ, նպատակն է, որ մարդիկ չընկալեն այդ փոփոխությունները: Եվ այստեղ մանիպուլյացիան ավելի հեշտ է, եթե մարդը չի կարող նստել ու այդքանը կարդալ, վերլուծել, հասկանալ: Քանի որ այդ փոփոխությունները շատ են, կարողանում ես շեշտադրումն անել քեզ ցանկալի փոփոխությունների վրա, մյուսները թողնել ստվերում, և մարդիկ, երբ գնում են հանրաքվեի, չեն էլ պատկերացնում, որ իրենց «այո»-ն կամ «ոչ»-ը նշանակում է նաև այո կամ ոչ այս կամ այն փոփոխություններին:

- Ստվերում մնացած խնդիրներից խոսեցիք: Կա՞ն էական կետեր, որոնք ստվերում են մնացել, բայց վիճահարույց են:

- Նայեք, թե ինչպես է դիսկուրսն ընթանում այս փոփոխությունների շուրջ. թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը փորձել են իրենց հիմնական թիրախը դարձնել կառավարման համակարգի փոփոխությունը` ստվերում թողնելով սոցիալական, մշակութային, տնտեսական իրավունքների բլոկը, որը շատ կարևոր է: Ստացվում է, որ հանրային ընկալման մեջ սահմանադրական փոփոխությունը գլխավորապես դիտվում է որպես այն դրույթի փոփոխություն` կլինենք արդյոք պառլամենտական, թե նախագահական հանրապետություն: Բայց իրականում կան այլ հսկայական փոփոխություններ: Օրինակ` այս նախագծով, չնայած դեռևս մեզ սոցիալական պետություն ենք հռչակում, պետությունն ամբողջովին թոթափում է սոցիալական բեռն իր վրայից: Կան մի շարք իրավունքներ, որոնք սահմանադրականից իջեցվել են մինչև օրենքի մակարդակ: Օրինակ` անվճար բուժօգնության իրավունքը:

Խնդիրն այն է, որ այս պարագայում, եթե չկա կարգավորող օրենք, սահմանադրության այդ դրույթները չեն գործում: Բացի այդ, օրենքը հաճախ և հեշտությամբ կարելի է փոխել: Մյուս կողմից` այդ իրավունքների պաշտպանության համար չենք կարող գնալ Սահմանադրական դատարան, որովհետև այդ դատարան կարող ես դիմել միայն այն իրավունքների պաշտպանության համար, որոնք ամրագրված են սահմանադրութամբ: Օրինակ` կուտակային կենսաթոշակների դեմ ընդվզման ժամանակ չէինք կարողանա դիմել Սահմանադրական դատարան, եթե այն ժամանակ այս նախագիծը գործեր: Նախագիծը ռեալ բերում է մեր տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների կրճատում: Սա այն թեմաներից է, որ ստվերում է:

- Ի՞նչն է պատճառը, որ քարոզարշավի կողմերից որևէ մեկը Ձեր նշած խնդիրները չի բարձրացնում:

- Կարծում եմ` դա քաղաքական ուժերի դիրքորոշման ստրատեգիական խնդիր է: Ընդունված է համարել, որ եթե մենք լուծենք գլխավոր խնդիրը, բոլոր խնդիրներն ինքնըստինքյան կլուծվեն: Քանի որ ընդդիմության տեսանկյունից մեր գլխավոր խնդիրը վարչակարգի փոփոխությունն է, ապա քննադատության թիրախում է պահվում կառավարման համակարգի փոփոխությունը, որը վերարտադրության հայտնի դիսկուրսին է տանում:

Մինչդեռ կարծում եմ, որ այս «մանրուքների» շեշտադրումը կարող էր լինել այն ճանապարհը, որը հասարակության սովորական անդամին հնարավորություն կտար իրեն առնչված զգալ սահմանադրությանը: Այդ գործոնի թերագնահատում ունենք ընդդիմադիր ուժերի կողմից: Իսկ պետության կողմից այդ մասին չի խոսվում, քանի որ դա ավելի շատ սոցիալական բողոք կառաջացներ, քան մյուս հարցերի քննարկում:

- Այսքան բացասական կետեր նշեցիք: Իսկ կա՞ն արդյոք դրական կետեր, փոփոխություններ, որոնք ցանկալի է ունենալ:

- Չեմ կարող այդ հարցին պատասխանել: Կարծում եմ, որ այս գործընթացը, իր նախաձեռնության փուլից սկսած, այնպիսին էր, որ թույլ չի տալիս գնահատել ինչ-որ փոփոխությունների դրական ուղղվածությունը:

Նախաձեռնությունը որևէ կերպ հիմնավորված չէր հանրային պահանջով, հանրությունը չի տեսնում իր կարիքները ձևակերպված այդ նախագծում, և ամբողջ քննարկումն էլ ընթանում է կառավարման համակարգի փոփոխության շուրջ, որը հասարակության մեծ հատվածի համար դիտվում է որպես հերթական աթոռակռիվ և ավելի է նվազեցնում սահմանադրության արժեքը: Գործընթացը, կարծում եմ, ոչ միայն այսօրվա համար բացասական դեր կունենա, այլև կարող է հանգեցնել սահմանադրության հանդեպ հանրային վստահության նվազման, ինչը ավելի վտանգավոր է, քանի որ ավելի երկարաժամկետ բացասական էֆեկտ կարող է ունենալ:

Յուրաքանչյուր քայլ անելիս դրա նշանակությունը պիտի հասկանանք ոչ միայն կոնկրետ քաղաքական ուժի, այլև հանրության համար, և ոչ միայն վաղը, այլև վաղը չէ մյուս օրը:

Մինչդեռ մենք շատ կարճաժամկետ ենք նայում, մինչև սենյակի ծայրն ենք նայում, դա էլ հանգեցնելու է նրան, որ հասնելու ենք այնտեղ ու պատին դեմ առնենք:

- Իսկ այն պնդումնե՞րը, որ նոր սահմանադրությունը երկիրը դեպի ժողովրդավարություն է տանելու երկարաժամկետ առումով:

- Ես այդպիսի պնդումներին լուրջ չեմ վերաբերվում: Նման խոսակցությունները պետք է հիմնված լինեն կոնկրետ փորձի վերլուծության և իրավիճակների ծրագրման վրա: Մինչև հիմա գործընթացը նման հիմք չի տալիս: Առաջին նշանը, որ դա մեզ տանելու է ժողովրդավարացման, պիտի լիներ հենց այս պրոցեսը, հենց դա պիտի կազմակեպված լիներ ավելի ժողովրդավարական սկզբունքներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: