Հայերեն   English   Русский  

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը մանրամասներ է ներկայացրել զինված հանցախմբի մասին


  
դիտումներ: 1210

Ազգային անվտանգության ծառայությանը հաջողվել է բացահայտել և վնասազերծել զինված խումբ, որն իր զինվածության մակարդակով, անդամների քանակով, կազմակերպվածությամբ և ծրագրավորված հանցագործությունների վտանգավորությամբ, ինչու չէ նաև դաժանությամբ իր նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում:

Ինչպես հայտնում է panorama.am-ը, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը: «Կոնկրետ նպատակների իրականացման համար եղել է դերաբաշխում, և յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերն ու պարտականությունները, և խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով»,-հայտարարեց Համբարձումյանը` ընդգծելով, որ այս պահին նախաքննության շրջանակներում իրենք փորձում են պարզել գումարների ստացման և ծագման աղբյուրները:

Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, ըստ ԱԱԾ պաշտոնյայի, ամեն ջանք գործադրել է, որ խումբը գործի գաղտնի և այդ նպատակով խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ:

ԱԱԾ պաշտոնյան ասաց նաև, որ իրենք տեղյակ են, որ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում: Պատասխանելով հարցին, թե արդյոք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ Արթուր Վարդանյանի կապը տեսնո՞ւմ է նախաքննությունը, պաշտոնյան պատասխանեց. «Մեր համապատասխան խողովակներով աշխատանքներ կկատարվեն պարզելու, թե նա դրսում կոնկրետ ինչ գործունեությամբ է զբաղվել, ինչ կապեր ունի և արդյոք մեզ հայտնի կազմակերպությունները կապ և առնչություն ունե՞ն տվյալ դեպքի հետ, թե՞ ոչ»:

Խմբի գործունեությունը հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների ուշադրության կենտրոնում և նրանց գործողությունների նկատմամբ իրականացվել հսկողություն: «Մեր աշխատակիցները հստակ գիտակցում էին, որ տունը վերածվել է զորանոցի, որտեղ գտնվում են զինված մարդիկ, և նրանք իրենց ձեռքի տակ ունեն ինքնաձիգեր, նռնակներ, պայթուցիկ սարքեր: Չնայած այդ ամենին, մեր աշխատակիցները գրոհել են տունը և հաշված վայրկյանների ընթացքում վնասազերծել տանը գտնված անձանց», -ներկայացրեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում ԱԱԾ գործունեության վերաբերյալ հնչած թերահավատ հայտարարություններին և տեսակետին, թե իբր տեղի է ունեցել բեմականացում, Համբարձումյանն արձագանքեց. «Այն, ինչ տեսել եք, իրական են, համապատասխանում են իրականությանը: Մեր գործողությունները որևէ կերպ կապված չեն քաղաքական զարգացումների հետ և խնդրում եմ հաշվի առեք, որ բացահայտվել է հանցավոր մի խումբ, որը ունեցել է հստակ ծրագրավորված նպատակներ, մշակված եղանակներ այդ հանցագործությունը կատարելու համար ու ունեցել թիրախներ»:

Իսկ զինված խմբի համար, Միքայել Համբարձումյանի խոսքով, ընտրված թիրախներ են եղել քաղաքացիներ, պետական, քաղաքական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր, ինչպես նաև պետական մարմիններ: «Այս պահի դրությամբ նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեմ կարող ասել, թե ում դեմ ինչ հանցագործություն է ծրագրվել», -ասաց Համբարձումյանը:

Ձերբակալված 21 անձանց նկատմամբ, ԱԱԾ պաշտոնյայի փոխանցմամբ, մեղադրանքն առաջադրվել են «բավարար ապացույցների» հիման վրա և շուտով նրանց կալանավորելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան:

Համբարձումյանը հավելեց, որ զինված խմբի և քաղաքական ուժերի միջև կամ այս պահին չեն տեսնում:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին խմբի վնասազերծման մասին տեղեկության տարածումից րոպեներ անց լրատվամիջոցներից մեկը տարածեց տեղեկություն, որ զինված խումբը կապ ունի Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ:

Բնակարանում կատարված խուզարկությանը ներգրավված է եղել նաև բնակարանի տերը: «Խուզարկության ընթացքում կազմվել է խուզարկության վերաբերյալ քննչական արձանագրություն, որի մեջ նշվել են բոլոր այն իրեղեն ապացույցները, որոնք կարևորություն են ներկայացրել քննության համար ու առգրավվել են են խուզարկության վայրից: Լրագրողները խուզարկության ընթացքում բնակարանում չեն եղել: Բնակարան լրագրողները մուտք են գործել խուզարկության ավարտից հետո», -հայտարարեց Համբարձումյանը:

Հարցին, թե հնչում են տարբեր հարցեր, թե ինչո՞ւ խուզարկությունից հետո բնակարանը չի փակվել և այնտեղ թույլ է տրվել, որ մարդիկ ելումուտ անեն, Համբարձումյանը պատասխանեց.«Բնակարանը չի կնիքվել: Կնիքվում են այն բնակարանները, որտեղ նախաքննական մարմինը ապագայում գործողություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում: Իսկ մենք նման անհրաժեշտություն չենք տեսել, քանի որ մեր կատարած գործողության արդյունքում ձեռք ենք բերել մեզ հետաքրքրող բոլոր իրեղեն ապացույցները, որոնք մեր գնահատմամբ կապ ունեն գործի հետ»:

Միքայել Համբարձումյանը նաև հայտնեց, որ խմբի ձևավավորումը Արթուր Վարդանյանն սկսել է 2015 թվականից: «Այդ ժամանակից սկսած, կարող եմ ասել, որ խումբը հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում և վերցվել են հսկողության: Կարող եմ ասել, որ խումբն ամեն ինչ արել է, որ չհայտնվի ԱԱԾ տեսադաշտում, որ չնկատվի, չտարբերվի իրավապահների համար»:

Նա տեղեկացրեց, որ խուզարկությամբ Արթուր Վարդանյանի և նրա ղեկավարած խմբավորման կողմից վարձակալած բնակարանում ձեռք բերված և հայտնաբերված զենքը խմբին չի բավարարել, և խումբը նույնիսկ միջոցներ է ձեռնարկել այլ աղբյուրներից նոր քանակությամբ զենքեր հայթայթելու ուղղությամբ: Անգամ, ըստ պաշտոնյայի, նրանք պատրաստ են եղել դրա համար բավականին խոշոր գումարներ վճարել:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի խոսքով, այսօր արդեն նախաքննության շրջանակներում ստացվում են «մերկացնող ցուցմունքներ» հանցագործության հետ կապված մանրամասների վերաբերյալ: «Եթե արդյունքում կտեսնենք, որ մեր տեսադաշտում հայտնվում են մարդիկ, ովքեր կապ ունեն այս հանցագործության հետ, նրանց գործողություններին կտրվի քրեաիրավական գնահատական», -հավելեց Համբարձումյանը:

Նրա խոսքով, խմբավորման անդամները ծրագրել են գործել «ցինիզմով» և նա նույնիսկ համեմատություն անցկացրեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ: «Եթե այն դեպքում գործ ունեինք մի քանի անձանց հետ, ովքեր զինված էին մի քանի ինքնաձիգերով, ապա դուք պատկերացրեք, ինչ տեղի կունենար, եթե նրանց հաջողվեր իրականացնել իրենց մտադրությունը: Այսինքն` գործադրվեին այդ զենքերը, պայթուցիկները», -հավելեց Միքայել Համբարձումյանը:

Հիշեցնենք, ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության, այդ բնակարանում նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք և ռազմամթերք: Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝

6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ,
4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,
1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ,
1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ,
Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,
2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),
1 հատ պայթեցման սարք,
1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50»,
Մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ,
Մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ,
11 հատ «Ֆ1» նռնակներ,
46 հատ «ՌԳ» նռնակներ,
3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ,
2 հատ հակատանկային նռնականետ,
20 հատ ինքնաձիգի պահունակներ, Պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ և հանդերձանք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: