Հայերեն   English   Русский  

Գերմանիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Սիրիայում օդային գործողությունների իրականացմանը


  
դիտումներ: 453

Գերմանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Սիրիայում ԻՊ խմբավորման դեմ պայքարող կոալիցիային ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին նախագիծը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Բունդեսթագի պատգամավորների անհրաժեշտ մասի աջակցությունը ստանալը լուրջ գլխացավանք էր կանցլեր Անգելա Մերքելի համար, և չնայած այս նախաձեռնության դեմ հնչած բազմաթիվ քննադատությունների, քվեարկության արդյունքը բացահայտ հաղթանակ էր նրա վարած արտաքին քաղաքականության համար:

«Այս մանդատն իր անորոշության պատճառով մեծ վտանգ է պարունակում: Այն անպատասխան է թողնում մի շարք հարցեր: Ո՞վ է գլխավորելու կոալիցիոն ուժերը`ամերիկացինե՞րը, թե՞ ֆրանսիացիները: Ինչպե՞ս ենք վերաբերվում ռուսական կողմին, որը փաստացի վերահսկողություն ունի Սիրիայի օդային տարածքում և սատարում է նախագահ Ասադին», - նշել է Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Անտոն Հոֆրեյթերը իր քննադատական ելույթում:

Գերմանիան երկար ժամանակ խուսափում էր Իրաքում և Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում անմիջական մասնակցություն ցուցաբերելուց` բավարարվելով միայն իրաքյան զորքին և քրդական «Փեշմերգա» խմբավորմանը զինամթերքով և վերապատրաստումներով ապահովելով:

Սիրիայում գերմանական օդուժը կմասնակցի միայն ԻՊ ուժերի հայտնաբերման և տեղորոշման գործողություններին, սակայն օդաչուների ներգրավման պայմանների մանրամասները դեռևս հայտնի չեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: