Հայերեն   English   Русский  

​Ամուլսարի առնչությամբ նորից արդիական է «հա՞նք, թե՞ կյանք» հարցը


  
դիտումներ: 1315

Դեկտեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման կապակցությամբ կայացել է «Լիդիան ինթերնեյշնլի» ու ֆինանսական խմբերի համաձայնությունը, և ծրագրի իրականացման համար երկու ֆինանսական և ինվեստիցիոն խմբերը ստորագրել են պայմանագիր, ըստ որի` 325 մլն դոլարի չափով ներդրումներ իրականացնելու հանձնառություն են ստանձնել:

«Արդյունքում երկու տարվա ընթացքում պետք է իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը: Սրան գումարներ կավելացնի նաև միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկը: Ընդհանուր ներդրումները կազմելու են 460-480 մլն դոլար, որոնց շնորհիվ մենք կունենանք տարեկան մինիմումը 12-14 տոննա ոսկի՝ արտադրված Հայաստանում, ու սրա արդյունքում արդեն արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրությունը Հայաստանում: Նշեմ, որ տվալ ներդրումները սկսվելու են մյուս տարվա գարնանը»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Ըստ այդմ, այդ հանքի շինարարության մեջ զբաղված է լինելու մոտ 1500 աշխատող, և նախատեսվում է արդյունավետ ու վերջին տեխնոլոգիաներով արտադրության կազմակերպում Ամուլսարում:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործում է «Գեոթիմ» ընկերությունը, որը «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, իսկ «Լիդիան ինթերնեյշնլի» խոշոր բաժնետերեր են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հայտարարեց, որ բոլոր պետական գերատեսչությունները պետք է աջակցեն այդ ծրագրի իրականացմանը, քանի որ դա շատ կարևոր է ու 2016-2017 թթ. տնտեսական մեծ ակտիվություն կբերի:

Սակայն միայն տնտեսական շահավետությունը բավարար չէ այս ծրագիրը գնահատելու համար:

Ինչպես հիշում ենք, այս ծրագիրը, մեկնարկի օրվանից սկսած, լուրջ հակազդեցության արժանացավ տեղացիների, բնապահպանների, փորձագետների կողմից: Հիշենք թեկուզ այն, որ Հայաստանի մի քանի հասարակական կազմակերպություններ, էկոլոգիայի և սոցիալական ոլորտի քաղաքականության փորձագետներ, ինչպես և Գնդեվազ գյուղի ու Ջերմուկ քաղաքի բնակիչները բողոքներ հղեցին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Համապատասխանության ապահովման օմբուդսմենի գրասենյակ: Այդ բողոքների հիմնական կետերը վերաբերում էին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հեռանկարից բխող վտանգներին (Սևանա լճի աղտոտում, Ջերմուկ առողջարանային քաղաքի և հանքային աղբյուրների թունավորում ծանր մետաղներով) և ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտումներին:

Բնապահպան ակտիվիստները, մասնագետները, հասարակական կազմակերպությունները տարիներ շարունակ ահազանգում են, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը վտանգավոր է, կարող է բացասական ազդեցություն թողնել Ջերմուկ քաղաքի վրա, և ոչ միայն:

Հիշում ենք, որ դեռևս 2013 թ. ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը նշում էր, որ Ամուլսարի հանքավայրում, բացի ոսկուց, կան 24 այլ հազվագյուտ տարրեր՝ ուրանի, թորիումի հանքայնացումներ, կալիում, սելեն և այլն: Դրանցից կորզվելու է միայն ոսկին, և թափվելու է 23-24 տարր, որոնք միջավայրի համար թույն են դառնալու: Ավագյանը նշում էր նաև, որ Ամուլսարի հանքաքարը մշակվելու է կույտային տարրալվացման եղանակով, օգտագործվելու է ցիանիդ, և չնայած ցիանիդները շատ արագ քայքայվող նյութեր են, ոսկին լուծելու համար ժամանակ է պետք , և այդ ժամանակն էլ բավական է, որ դրանք թունավորեն տարածքը: Իսկ դա այն տարածքն է, որտեղից հավաքված ջրերը Արփա-Սևան ջրատարով պետք է հասնեն Սևան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հա՞նք, թե՞ բնություն

Բողոքողների կողմից մատնանշվող խնդիրներից առաջինը եղել և մնում է այն, որ հանքի շահագործման համար իրականացվող պայթեցումները կազդեն Ջերմուկի տաք ջրերի հիդրոերկրաբանական ռեժիմի վրա, ինչի հետևանքով հնարավոր է հանքային ջրերի հոսքի նվազում, ջերմաստիճանի կամ հանքային ջրի բաղադրության փոփոխություն: Երկրորդը «քամիների վարդն» է, որը կազմված է Զանգեզուրի լեռնանցքում տեղադրված հիդրոկայանի տվյալներից և չի համապատասխանում Ամուլսարի «քամիների վարդին»:

Ջերմուկ ասելով՝ առաջին հերթին, հասկանում ենք երկու բան՝ Ջերմուկ առողջարանային քաղաք-տուրիստական կենտրոն ու աշխարհահռչակ «Ջերմուկ» հանքային ջրեր: Առողջապահական քաղաքը և հանքն անհամատեղելի են: Եթե շահագործեն հանքավայրը, Ջերմուկը, որպես առողջարան, այլևս գոյություն չի ունենա: Ջերմուկը քամոտ քաղաք է, և ինչ միջոցներ էլ կիրառեն հանքավայրում, միևնույն է, այդ փոշին քշվելու է դեպի քաղաք: Էլ ո՞ր զբոսաշրջիկը կցանկանա գալ Ջերմուկ, եթե իմանա, որ այնտեղ հանքավայր կա: Այսինքն՝ աշխատատեղեր կկրճատվեն, քանի որ բնակչության մի զգալի մասն աշխատում է առողջարանում:

Ինչ վերաբերում է հանքային ջրերին, ապա Ջերմուկում կենտրոնացված է Հայաստանի հանքային ջրերի պաշարների գերակշիռ մասը: Առողջարանային քաղաքում հանքային և մաքուր ջրերի շշալցմամբ զբաղվող 6 ձեռնարկություն կա, որոնցից 2-ը խոշոր են և տեղ են գտել Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ահա մտավախություն կա, որ հանքավայրի շինարարության ու շահագործման ընթացքում անխուսափելի պայթեցումների հետևանքով կարող է փոխվել ստորգետնյա ջրերի հունը, ինչը կարող է լուրջ վնաս հասցնել հանքային ջրերի արտադրությանը:

Ամուլսար

«Գեոթիմ» ընկերության կողմից ներկայացված Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մեջ նշված է մի փաստարկ, թե ինչպես չի կարող պայթեցումն ազդել հանքային ջրերի վրա: Այդ հետազոտությունը, ըստ «Գեոթիմի», իրականացրել են Լոնդոնում, և ի մի բերելով դրա արդյունքները` հայտարարում են, թե հանքարդյունաբերության ընթացքում իրականացվող պայթեցումները չեն ազդի Ջերմուկի հանքային ջրերի վրա: Փորձագետները, սակայն, պնդում են, որ Ջերմուկի հանքային ջրերի վրա ազդեցությունը պարզելու նպատակով արված մեկ հետազոտությունը քիչ է:

Այս տարվա հուլիսի 24-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հանդես եկավ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը դատապարտող հերթական հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր. «Ամուլսարի չորս գագաթներից երեքը հարթեցնելու, Ջերմուկը որպես առողջարանային գոտի հեղինակազրկելու, Սևանա լիճը` որպես հատուկ պահպանվող ջրային ավազան վտանգելու, Սպանդարյան ջրամբարն ու Որոտան և Արփա գետերի ավազաններն ապականելու, Գնդեվազ գյուղն ամբողջությամբ ցիանիդով ու այլ թունավոր թափոններով լի փոշու տակ առնելու, Կարմիր գրքում գրանցված նորահայտ բուսատեսակը վերացնելու, Ջերմուկի շրջանի, Գորայք և Սարավան գյուղերի տարածքներում գյուղատնտեսության հնարավորությունները վերացնելու և բազմաթիվ այլ վտանգավոր հետևանքներով լի հանքարդյունաբերական ապօրինի ծրագիրը հերթական անգամ «ներկայացվում է հանրությանը»:

Մինչդեռ, երբ նշվում է տնտեսական արդյունավետության մասին, չի ասվում, թե օրինակ, քանի առողջարան կարող է փակվել, քանի զբոսաշրջիկ չի մեկնի Ջերմուկ, քանի գյուղացիական տնտեսություն կդադարի գոյություն ունենալուց:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ՀՆԱ-ի 5 տոկոսի չափով ներդրումներից՝ վերը նշված «մանր-մունր» հարցերի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: